ՉԼ. 1/8 եզրափակիչ. Նման և տարբեր խաղաոճերի դիմակայություններ

15:25   18 փետրվարի, 2020

Չեմպիոնների լիգան երկար դադարից հետո վերադառնում է։ Կապված փլեյ-օֆֆ-ի գերհետաքրքիր վիճակահանության հետ՝ 1/8 եզրափակչի հանդիպումներն էլ ավելի սպասելի են դարձել երկրպագուների համար։

Փետրվարի 18-ի կեսգիշերին տեղի կունենան «Ատլետիկո» - «Լիվերպուլ» և «Բորուսիա Դ» - ՊՍԺ հանդիպումները։

«Ատլետիկո» - «Լիվերպուլ»

Շատ հետաքրքիր դիմակայություն, որտեղ կա ընդգծված, բայց ոչ միանշանակ ֆավորիտ։

Ընթացիկ մրցաշրջանը «Լիվերպուլի» համար կարելի է համարել ծաղկուն, իսկ «Ատլետիկոյի» համար՝ անհաջող, անցումային շրջան։ Հենց սա է պատճառը, որ մերսիսայդցիները համարվում են ընդգծված ֆավորիտ։ Բացի այդ, այս ակումբները տարիներ շարունակ ունեն լիովին տարբեր խաղային փիլիսոփայություն։ Մերսիսայդցիներն աչքի են ընկնում առանց գնդակի տեղաշարժերով, գնդակին շատ տիրելով, հարձակողական ֆուտբոլով։ Միակ բանը, որ Յուրգեն Կլոպը փոխել է վերջին 2 տարվա ընթացքում՝ բարձր պրեսինգի բացակայությունն է։ «Լիվերպուլը» սկսել է խաղալ շատ ավելի համբերատար, որը խաղային հասունության, թոփ թիմին բնորոշ հատկանիշ է։ Սկսել են ճիշտ բաշխել ուժերը խաղադաշտում, բալանսավորված են, գերմոտիվացված։ Այս տարի Անգլիայում մերսիսայդցիներն անկասելի են, բայց Չեմպիոնների լիգայի խմբային փուլում որոշակի սայթաքումներ եղան։ Դրանից կարելի է ենթադրել, որ ՉԼ-ի գործող չեմպիոնն այս մրցաշրջանում շեշտը դրել է հենց Անգլիայում չեմպիոն դառնալու վրա, սակայն այդ խնդիրը գրեթե լուծված է։ Այժմ «Լիվերպուլը» հնարավորություն ունի լիարժեք կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի վրա՝ փորձելով ևս մեկ անգամ նվաճել գավաթը։

«Ատլետիկոն» լավ մրցաշրջան չի անցկացնում։ Գլխավոր պատճառն այն է, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ մի շարք փորձառու ֆուտբոլիստներ լքեցին թիմը։ Մադրիդցիները համալրվել են նոր խաղացողներով, որոնք չեն արդարացնում Սիմեոնեի սպասելիքները։ «Ատլետիկոն» փորձում է հարձակման գծում ավելի կրեատիվ գործել, մեծ ուժեր տեղակայել միջին գծում, բայց դրանից տուժում է պաշտպանությունը։ Կենտրոնական պաշտպաններն այնքան էլ լավ չեն համագործակցում՝ երբեմն թույլ տալով զարմանալի սխալներ։ Սիմեոնեն դեռևս չի կարողացել նորեկներին լիարժեք ինտեգրել խաղային այն սխեմայում, որը նախկինում օգտագործվում էր։ Այնուամենայնիվ, ակումբում մնացել են մի շարք ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ փորձ և որակ։

Մադրիդցիներն ունեն նաև լուրջ կորուստներ։ Նշանակալի է հարձակման գլխավոր ներուժի՝ Ժոաու Ֆելիշի վնասվածքը։ Կարող է բացակայել նաև մեկ այլ հարձակվող՝ Դիեգո Կոստան։ Վնասվածք ունի եզրային պաշտպան Կիրան Տրիպյեն, հարցականի տակ է կիսապաշտպան Էկտոր Էրերայի մասնակցությունը։

Մերսիսայդցիների վիճակն այդ առումով շատ ավելի լավ է։ Միակ նշանակալի կորուստը Ջերդան Շաքիրին է, բայց նա հիմնական կազմի ֆուտբոլիստ չի համարվում և փոխարինման էլ հաճախ չի մտնում։

Սպասվում է, որ տանը պետք է «Ատլետիկոն» ավելի ակտիվ գործի՝ փորձելով մրցակցին թույլ չտալ խաղալ իր ֆուտբոլը։ «Լիվերպուլի» հարձակման գիծն անընդհատ լարվածության մեջ է պահում ցանկացած թիմի պաշտպաններին, ուստի Սիմեոնեն փորձելու է ավելի կոմպակտ մարտավարություն ընտրել, տարածություն չտալ մրցակցին։ Նման «Լիվերպուլի» դեմ խաղերում առավել նախընտրելի է գրոհել եզրերով, որովհետև կենտրոնը միշտ հագեցած է, իսկ եզրային պաշտպանները շատ են առաջ շարժվում ու որոշակի տարածություն առաջացնում հետին գծում՝ եզրերում։ Այստեղ մադրիդցիները խնդիր ունեն, որովհետև Սիմեոնեն չի սիրում օգտագործել ընդգծված վինգերների և գրոհները հիմնականում կազմակերպում է կենտրոնով։ Այնուամենայնիվ, մերսիսայդցիները իդեալական չեն և թույլ կողմեր ունեն, իսկ արգենտինացին ունակ է գտնել յուրաքանչյուր ուժեղ թիմի թույլ կողմերը։ Ընդգծենք, որ «Ատլետիկոն», երբեմն, շատ ավելի մոտիվացված, նպատակասլաց ու խելացի ֆուտբոլ է ցուցադրում թոփ թիմերի հետ խաղում, քան ավելի թույլ մրցակիցների։

Ամենայն հավանականությամբ, մերսիսայդցիները կընտրեն հայտնի 4-3-3 մարտավարությունը, իսկ Սիմեոնեն՝ 4-4-2։ Ընդ որում, հարձակման գծում, հավանաբար, կօգտագործվեն Ալվարո Մորատան և Անխել Կորեան՝ հաշվի առնելով Ժոաու Ֆելիշի բացակայությունը։ Կորեան կարող է հաճախ մանևրել, տեղափոխվել եզրեր ու անհատական որակների, արագության հաշվին փորձել ազատվել մրցակիցներից։ Տարբերակ է նաև թիմ վերադարձած Յանիկ Կարասկոյին հարձակման գծում օգտագործելը, ով խաղաոճով շատ նման է Կորեային և անցումների, տեխնիկական վարպետության հաշվին կարող է ճեղքել մրցակցի պաշտպանությունը, դառնալ իրադարձության կենտրոն, գրավել մրցակցի ուշադրությունն ու կուտակումներ առաջացնել մրցակցի հետին գծում, ինչը հնարավորություն կտա լայնակի գրոհներ անցկացնել։ Բացի այդ, պաշտպանությունում իսպանական թիմը պետք է միշտ փոխօգնության հասնող ֆուտբոլիստ ունենա՝ հաշվի առնելով «Լիվերպուլի» հարձակվողների որակը։ «Ատլետիկոն» պետք է փորձի հնարավորինս լավ արդյունք գրանցել պատասխան խաղից առաջ, որովհետև «Լիվերպուլն» «Էնֆիլդում» կրկնակի վտանգավոր է։

Ինչ վերաբերվում է անգլիացիներին՝ նրանց համար շատ լավ հնարավորություն է խաղալ հենց այն ֆուտբոլը, որը դավանում են։ Գրեթե կասկած չկա, որ մերսիսայդցիները լինելու են խաղը թելադրողի կարգավիճակում՝ հաշվի առնելով մադրիդցիների պաշտպանական մարտավարությունը։ Սա ամենևին չի նշանակում, որ «Ատլետիկոն» չի փորձելու գնդակ պահել։ «Լիվերպուլն» այն թիմն է, որը միշտ իր խաղն է խաղում և ոչ թե հարմարվում է մրցակցի մարտավարությանը, այլ հակառակորդին է ստիպում հարմարվել։ Հենց այդ հատկանիշը Կլոպը սերմանեց ֆուտբոլիստներին, ինչի շնորհիվ վերադարձրեց թիմին թոփ ակումբի կարգավիճակը։ Չի բացառվում, որ «Լիվերպուլը» շատ ավելի զգուշ խաղա, որովհետև, ինչպես նշվեց, «Էնֆիլդում» նրանք աներևակայելի խաղ են ցուցադրում և կարող են փորձել շեշտը դնել հենց պատասխան խաղի վրա՝ առաջինում չօգտագործելով առջևի գծի ամբողջ պոտենցիալը։

Դ․ «Բորուսիա» - ՊՍԺ

Այս խաղում նույնպես ֆավորիտ կա, բայց, հաշվի առնելով փարիզցիների անհաջողությունների շարքը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլերում, ամեն ինչ ավելի խճճված է դառնում։

Գերմանացիներն, ի տարբերություն մրցակցի, ավելի քիչ կորուստներ ունեն, սակայն շատ ավելի կարևոր ֆուտբոլիստներ են բացակայելու առաջին խաղից։ Չեն կարողանա դաշտ դուրս գալ առաջատար հարձակվող, ավագ Մարկո Ռոյսը և շատ կարևոր կարևոր ևս մեկ ֆուտբոլիստ՝ հարձակումը կիսապաշտպանության հետ կապող օղակը՝ Յուլիան Բրանդտը։ Նման խաղացողների պակասը կթուլացնի առջևի գիծը, որը դորտմունդցիների գլխավոր զենքն է։

ՊՍԺ-ի նշանակալի կորուստներից թերևս կարելի է առանձնացնել Պաբլո Սարաբիային, Տոմա Մենյեին, Պրեսնել Կիմպեմպեին և Աբդու Դիալոյին։ Այնուամենայնիվ, այս ֆուտբոլիստներին համարժեք փոխարինողներ Տուխելն ունի և դժվար թե լուրջ զգացնել տա նրանց բացակայությունը։

«Բորուսիան» ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս փոփոխական հաջողություններով։ Թիմը լրջագույն խնդիրներ ունի պաշտպանությունում, բայց ֆանտաստիկ հարձակումը թիմին հնարավորություն է տալիս հաղթել անգամ այն խաղերում, որտեղ հետին գիծը 3-4 գոլ է ընդունում մանկական սխալների պատճառով։ Ֆավրը վերջին շրջանում չի կարողանում բալանսավորել պաշտպանության և հարձակման գիծը։ Սովորաբար, ամենաանկանխատեսելի խաղերն անցնում են հենց այն թիմի մասնակցությամբ, որն ունի թույլ համակարգված պաշտպանություն, բայց տիեզերական հարձակում, ինչը այս մրցաշրջանում ընդգծված է հենց «Բորուսիայի» մոտ։ Ընդ որում, չի կարելի ասել, թե անհատապես պաշտպանները թույլ են, բայց տակտիկապես մարզիչը չի կարողանում ապահով թիմ ստեղծել։ Չնայած, լինում են հազվադեպ խաղեր, երբ պաշտպանությունը ապահով է գործում։ Ակումբի երկրպագուներին մնում է հուսալ, որ Չեմպիոնների լիգայում թիմը էլ ավելի կենտրոնացված կգործի ու Բունդեսլիգայում թույլ տված սխալները չեն կրկնվի։

ՊՍԺ-ի ուժեղ և թույլ կողմերն առանձնապես չեն երևում, որովհետև մի գլուխ բարձր է Լիգա 1-ի գրեթե բոլոր թիմերից։ Եթե նույնիսկ Տուխելը տակտիկապես ոչինչ չմտածի՝ ֆուտբոլիստներն ունակ են ինքնակազմակերպվել և չեմպիոն դառնալ ներքին առաջնությունում։ Հենց դա է փարիզցիների գլխավոր խնդիրը, որովհետև թույլ թիմերի հետ խաղում մարզիչը չի կարողանում լիարժեք տեսնել թիմի թերություններն ու շտկել դրանք, ինչը հետագայում անդրադառնում է Չեմպիոնների լիգայում ելույթների վրա։ Այնուամենայնիվ, ՊՍԺ-ի խաղում նույնպես կարելի է առանձնացնել հարձակման գիծը և երբեմն թերացող պաշտպանությունը, բայց նրանք «Բորուսիայի» համեմատ ավելի համակարգված են։

Ստացվում է, որ մրցելու են հարձակման վրա շեշտը դնող 2 թիմեր, ինչն ուրախ խաղ է խոստանում։ Արդեն նշվեց, որ բալանսավորման տեսանկյունից ՊՍԺ-ն առավելություն ունի, բայց դա միակ առավելությունը չէ։ Թիմը շատ ավելի անհատապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ ունի, որը նույնպես շատ մեծ նշանակություն ունի։ «Սիգնալ Իդունա Պարկում» դորտմունդցիները շատ գոլեեր են խփում, ինչից կարելի է ենթադրել, որ այս խաղում նույնպես նրանք առջևի գծում մեծ ուժեր կկենտրոնացնեն։ Նման մարտավարությամբ շատ կարևոր է ունենալ որակյալ հենակետայիններ, ովքեր կկարողանան գնդակներ մատակարարել հարձակվողներին, բայց նաև մաքրել նրանց սխալները ու մրցակցին թույլ չտալ արագ հակագրոհներ անցկացնել։ «Բորուսիայի» հետընթացը պաշտպանական գործողություններում կարելի է կապել նաև հենակետայինների թերացումների հետ։ Մասնավորապես, Ակսել Վիտցելն այս տարի այնքան էլ ապահով չի գործում որի պատճառով զգալիորեն թուլացել է դաշտի կենտրոնը։

Եվ, իհարկե, չի կարելի մոռանալ դիմակայության ևս մեկ ինտրիգի մասին։ Տոմաս Տուխելը վերադառնում է Սիգնալ Իդունա Պարկ, որտեղ երկու անմոռանալի տարիներ է անցկացրել, բայց որտեղ նաև ապացուցելու շատ բան ունի։

 

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ



© ARMFOOTBALL.COM