Որոնել
Արխիվ
29.10.2016  22:19

Բացվեց Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս մեկ ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածք ներդրեց հայկական ֆուտբոլում:

Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ այս անգամ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի հանդիսավոր բացումը, որին ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Լոռու մարզի վարչական, տնտեսական, մշակութային, մարզական կենտրոն հանդիսացող հանրապետության երրորդ քաղաքում այս բացառիկ ֆուտբոլային ենթակառուցվածքի շահագործման մեկնարկը տրվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի, մարզային և քաղաքային իշխանությունների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների, մարզի հասարակայնության ներկայացուցիչների, հյուրերի մասնակցությամբ:

Ամենակարևորը՝ ֆուտբոլային ակադեմիայի բացման հանդիսության կենտրոնում էին Լոռու մարզի պատանի ֆուտբոլիստները, որոնց հետագա ֆուտբոլային կարիերայի ապահովման համար է կատարվել այս հսկայական ներդրումը:  

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈւԵՖԱ-ի կողմից իրականացված համատեղ ներդրումային ծրագիր է, որի ընդհանուր արժեքն է՝ 1 միլիարդ 133 միլիոն դրամ, որից 1 միլիարդ 101 միլիոն դրամը կազմում է շենք-շինությունների և 32 միլիոն դրամը համապատասխան գույքի գումարը:

Ներդրումային այս մեծ նախագծի՝ 1 միլիարդ 133 միլիոն դրամի 150 միլիոն 831 հազար դրամը հատկացրել է ՈւԵՖԱ-ն, 982 միլիոն 169 հազար դրամ կազմել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներդրումը:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման աշխատանքները սկսվել էին 2014թ-ին:

Ժամանակակից ֆուտբոլային այս ենթակառուցվածքը զբաղեցնում է 4,4 հեկտար հողատարածք: Այն բաղկացած է 1260 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից, որտեղ կան ժամանակակից ֆուտբոլը սպասարկող բոլոր ենթակառուցվածքները՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սան հանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ-լսարան, բժշկական սենյակ, վարչական մաս և այլն:

Արհեստական 1 և բնական խոտածածկով 3 խաղադաշտերը կառուցված են նոր սերնդի տեխնոլոգիաներով և համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար սահմանված չափորոշիչներին:

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կարող են մարզվել մինչև 600 պատանիներ և աղջիկներ, ինչպես նաև աշխատանք կգտնեն մոտ 35-40 Վանաձորցիներ:  Այս պահին արդեն իսկ ավելի քան 140 պատանի ֆուտբոլիստներ են ընդգրկված մարզումային պրոցեսներում, որոնք ՀՖՖ-ի կողմից նվեր ստացան պրոֆեսիոնալ ֆուտբոլային հանդերձանք, գնդակներ և այլն:

Ակադեմիայում տեղի մասնագետների համար կկազմակերպվեն մարզչական կրթական դասընթացներ, որի արդյունքում վերապատրաստված և համապատասխան արտոնագրեր ստացած մարզիչներն  իրավունք կստանան աշխատելու մանկապատանեկան ֆուտբոլում:

Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի շրջանակներում դեռևս 2010 թվականին Երևանի ՀՖՖ Տեխնիկական Կենտրոնի՝ Ֆուտբոլի Ակադեմիայի, այնուհետև Գյումրու Ֆուտբոլի Ակադեմիայի շահագործման հանձնելուց հետո, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նախաձեռնեց նաև Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի կառուցման ծրագիրը, որն արդեն իրականություն է:

Հայկական Ֆուտբոլի ստրատեգիական զարգացման ծրագրի շրջանակներում այս պահին ընթացքում է Էջմիածնի և Արմավիրի  ֆուտբոլի ակադեմիաների շինարարությունը:

Այս ընթացքը մաս է կազմում Հայկական Ֆուտբոլի զարգացման ստրատեգիական գլոբալ ծրագրի, որը ենթադրում է դիվերսիֆիկացված մարզային ֆուտբոլային ենթակառուցվածքների  զարգացման շնորհիվ մանկապատանեկան ֆուտբոլի, մարզչական, ուսումնա-մարզական գործընթացների զարգացում:    

    

Բոլոր լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000