Որոնել
Արխիվ
10.08.2016  09:03

Ռիո-2016. Օր4. Ֆելփսը նորից անկասելի է. չորրորդ օրվա ամփոփումը

31-րդ ամառային օլիմպիական խաղերի 4-րդ օրը մեդալների 15 հավաքածու խաղարկվեց: Ոսկե մեդալներից 4-ը բաժին հասավ ԱՄՆ-ին, երեք` Չինաստանին:

Ամերիկացիները կրկին իրենց հավասարը չունեին օլիմպիական լողավազանում, խաղարկված 4 ոսկե մեդալներից երեքը կուղևորվեն ԱՄՆ: Նախ Քեթի Լեդեքին փայլուն ոճով հաղթեց 200մ ազատ ոճ մրցաձևում` իրենից հետ թողնելով Ռիոյի խաղերի ևս երկու չեմպիոնուհու` Սառա Շյոստրյոմին ու Էմմա Մաքկեոնին, ինչպես նաև աշխարհի ռեկորդակիր Ֆեդերիկա Պելեգրինիին:

Այնուհետև հերթը հասավ Մայքլ Ֆելփսին: Նա իր սիրած` 200մ բատերֆլյայ մրցաձևում 4 տարի առաջ պարտվել էր հարավաֆրիկացի Չադ լե Կլոյին, ու Ռիոյում լրջորեն էր մոտեցել այս մրցաձևին: Ճիշտ է, ճապոնացի Մասատո Սակային ու երիտասարդ հունգար Տամաշ Կենդերեշին ամեն ինչ արեցին լեգենդար ամերիկացուն խանգարելու համար, սակայն վերջինս կարողացավ առաջինը հասնել վերջնագծին ու նվաճել իր 20-րդ օլիմպիական ոսկին: Նախորդ խաղերի չեմպիոն լե Կլոն ու մրցաշրջանի լավագույն արդյունքն ունեցող Լասլո Չեխը մնացին պատվո պատվանդանից դուրս:

Իսկ մոտ մեկ ժամ անց Ֆելփսը արդեն ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես գալով 4X200 փոխանցումալողում, նվաճեց իր 21-րդ ոսկե մեդալը: Եզրափակչին ամերիկացները մոտեցել էին իրենց լավագույն կազմով` Քոնոր Դուայեր, Ֆրենսիս Հաաս, Ռայան Լոխտե, Մայքլ Ֆելփս, և մոտ 2,5 վայրկյանով գերազանցեցին Մեծ Բրիտանիայի հավաքականին:

Ինչպես և Ֆելփսը, այս խաղերում իր երրորդ ոսկե մեդալը նվաճեց հունգարուհի Կատինկա Հոսսուն, բայց եթե Ֆելփսը իր երեք մեդալներից երկուսը նվաճել է փոխանցումալողում, ապա Հոսսուն երեք անգամ էլ հաղթել է անհատական մրցաձևերում: Այսօր հունգարուհին հրաժարվեց մասնակցել կանանց 200մ բատերֆլյայ ոճի նախնական փուլին, որպեսզի լավագույնս պատրաստվի 200մ կոմպլեքս լողի եզրափակչին: Եվ դա արդարացրեց իրեն: «Երկաթե Լեդին» ոչ մի շանս չտվեց մրցակիցներին:

Չինաստանը իր հերթական ոսկե մեդալները նվաճեց ջրացատկում ու ծանրամարտում (երկու ոսկե մեդալ): Իրենց առաջին ոսկե մեդալները նվաճեցին գերմանացիներն ու հույները: Գերմանացի Միխայել Յունգը լավագույնն էր ձիասպորտի եռամարտում, իսկ Հունաստանը ներկայացնող Աննա Կարակակիսը հաղթեց հրաձգության 25 մ ատրճանակ մրցաձևում:

Դրամատիկ ընթացք ունեցավ սուսերամարտի տղամարդկանց խոցասուսերի եզրափակիչը: Կորեացի Պակ Սան Յունը 9-14 հաշվով պարտվում էր հունգար Իմրե Գեզային, ու վերջինիս միայն մեկ խոցում էր մնացել հաղթանակ տանելու համար, սակայն կորեացին գերկամային հատկանիշների շնորհիվ կարողացավ հավասարեցնել հաշիվը, հետո էլ վճռական խոցումը կատարել:

ԱՄՆ-ը ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց մարմնամարզությունում: Կանանց թիմային պայքարում ԱՄՆ-ի հավաքականը` Սիմոնա Բայլզի գլխավորությամբ բացահայտ առավելություն ուներ մրցակիցների նկատմամբ: Իսկ երկրորդ տեղը զբաղեցրած Ռուսաստանի հավաքականի կազմում արծաթե մեդալ նվաճեց նաև ծնունդով գյումրեցի 17-ամյա Սեդա Թութխալյանը:

Խաղային մարզաձևերում մի քանի անակնկալներ գրանցվեցին: Առաջինն ու ամենամեծը, իհարկե, աշխարհի թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլյամսի պարտությունն էր ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայից: Պայքարը լքեց նաև իսպանացի Դավիդ Ֆերերը, ով պարտվեց ռուս Դմիտրի Դոնսկոյին: Մյուս ֆավորիտները` Ռաֆայել Նադալը, Էնդի Մարին, Անգելիկ Կերբերը շարունակում են պայքարը:

Բասկետբոլի մրցաշարում չափազանց անհաջող է մեկնարկել Իսպանիայի հավաքականը, որը երկրորդ պարտությունը կրեց` այս անգամ 65-66 հաշվով զիջելով տանտերերի ընտրանուն: Արգենտինան հաղթեց Խորվաթիային, Լիտվան` Նիգերիային:

Վոլեյբոլի մրցաշարում իրենց երկրորդ հաղթանակները տարան Իտալիայի և Բրազիլիայի հավաքականները: Իտալացիները երկրորդ պարտությունը հասցրին ֆավորիտների թվին դասվող ԱՄՆ-ի ընտրանուն, տանտերերն էլ ուժեղ գտնվեցին առաջին տուրում ԱՄՆ-ին հաղթած Կանադայի հավաքականից: Իսկ ահա Լոնդոնի խաղերի չեմպիոն Ռուսաստանի հավաքականը 4 սեթում պարտվեց Արգենտինային:

Մեդալային հաշվարկում ԱՄՆ-ը պահպանեց առաջին հորիզոնականը` 9 ոսկե մեդալով: Չինաստանը հետ է մնում մեկ ոսկիով: Նրանց հաջորդում են Հունգարիան և Ավստրալիան` 4-ական ոսկե մեդալով:

Ձիասպորտ. թիմային եռամարտ (VIDEO)
1. Ֆրանսիա
2. Գերմանիա
3. Ավստալիա

Ձիասպորտ. եռամարտ (VIDEO)
1. Միխայել Յունգ (Գերմանիա)
2. Աստյե Նիկոլաս (Ֆրանսիա)
3. Ֆիլիպ Դաթոն (ԱՄՆ)

Թիավարություն. Կանոե - սլալոմ. տղամարդիկ, մեկտեղանոց կանոե (VIDEO)
1. Դենիս Գարգո-Շանու (Ֆրանսիա)
2. Մատեժ Բենուս (Սլովակիա)
3. Տակույա Հանեդա (Ճապոնիա)

Հրաձգություն. կանայք, 25մ ատրճանակ (VIDEO)
1. Աննա Կարակակիս (Հունաստան)
2. Մոնիկա Կարշ (Գերմանիա)
3. Հայդի Դետհելմ-Գերբեր (Գերմանիա)

Ջրացատկ. կանայք, 10մ աշտարակ, սինքրոն (VIDEO)
1. Լյու Հուեյսիա/ Չեն Ժո Լին (Չինաստան)
2. Պեմ Պանդելելա/ Չոնգ Յուն-Հուն (ԱՄՆ)
3. Մեգան Բենֆեիտո/ Ռոզելինա Ֆիլիոն (Կանադա)

Ծանրամարտ. կանայք, 63 կգ (VIDEO)
1. Դեն Վեյ (Չինաստան)
2. Հե Սիմ Չխո (ԿԺԴՀ)
3. Կարինա Գորիչևա (Ղազախստան)

Ձյուդո. կանայք, 63 կգ (VIDEO)
1. Տիկա Տրստենյակ (Սլովակիա)
2. Կլարիսա Ագբենենու (Ֆրանսիա)
3. Յարդեն Գերբի (Իսրայել)
3. Անիկա վան Էմդեն (Հոլանդիա)

Ձյուդո. տղամարդիկ, 81 կգ (VIDEO)
1. Հասան Հալմուրզաև (Ռուսաստան)
2. Թրևիս Սթիվենս (ԱՄՆ)
3. Սերգեյ Տոմա (ԱՄԷ)
4. Տականորի Նագասե (Ճապոնիա)

Մարմնամարզություն. կանայք, թիմային բազմամարտ (VIDEO)
1. ԱՄՆ
2. Ռուսաստան
3. Չինաստան

Սուսերամարտ. տղամարդիկ, խոցասուսեր (VIDEO)
1. Պակ Սան-Յուն (Հարավային Կորեա)
2. Գեզա Իմրե (Հունգարիա)
3. Գոտյե Գրումյե (Ֆրանսիա)

Ծանրամարտ. տղամարդիկ, 69 կգ (VIDEO)
1. Շի Ժիյոնգ (Չինաստան)
2. Դինիյար Իսմայիլով (Թուրքիա)
3. Իզատ Արտիկով (Ղրղզստան)

Լող. կանայք, 200մ ազատ ոճ (VIDEO)
1. Քեթի Լեդեքի (ԱՄՆ)
2. Սառա Շյոստրյոմ (Շվեդիա)
3. Էմմա Մաքկեոն (Ավստրալիա)

Լող. տղամարդիկ. 200մ բատերֆլյայ (VIDEO)
1. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ)
2. Մասատո Սակաի (Ճապոնիա)
3. Տամաշ Կենդերեշի (Հունգարիա)

Լող. կանայք, 200մ կոմլեքս լող (VIDEO)
1. Կատինկա Հոսսու (Հունգարիա)
2. Սյոբան-Մարի Օ'Քոնոր (Ավստրալիա)
3. Մեդելին Դիրադո (ԱՄՆ)

Լող. տղամարդիկ, 4X200 փոխանցումալող (VIDEO)
1. ԱՄՆ
2. Մեծ Բրիտանիա
3. Ճապոնիա

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000