Որոնել
Արխիվ
27.03.2020  15:19

Ղազախստանում խաղացող մեր «լեգեոներները»՝ ստեղծված վիճակում իրենց առօրյայի մասին

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակել է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Այս անգամ զրուցել են Ղազախստանում հանդես եկող «լեգեոներների»՝ Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի և Պետրոս Ավետիսյանի հետ.

  

Տիգրան Բարսեղյան

«Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն են, ոչնչի կարիք չունեմ: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, նորմալ է: Կարողանում ենք դուրս գալ հյուրանոցից, զբոսնել կամ գնալ խանութ: Ղազախստանում խուճապային իրադրություն չկա, մարդիկ հանգիստ են մոտենում ստեղծված իրավիճակին և պահպանում են անվտանգության բոլոր նորմերը: Մարզումներն անցկացնում ենք մարզասրահում, անընդհատ կապի մեջ ենք ակումբի և մարզիչների հետ:

Շատ եմ ափսոսում, որ Ղազախստանի հավաքականի հետ հանդիպումը չկայացավ: Շատ էի սպասում այդ խաղին: Ղազախստանում ևս հետաքրքրությունը շատ մեծ էր: Մյուս կողմից, հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը, իսկ մարդկանց առողջությունն ամենակարևորն է: Հույս ունեմ, որ Հայաստանի և Ղազախստանի հավաքականները դեռ մրցելու առիթ կունենան»:

 

Կամո Հովհաննիսյան

«Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝ տնային պայմաններում տարբեր վարժություններ կատարելով: Ամեն դեպքում կարոտում եմ խաղադաշտը, թիմային մարզումները, ֆուտբոլը:

Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումը շատ սպասված էր ինձ համար, քանի որ հանդիպումը պետք է տեղի ունենար իմ ներկայիս ակումբի մարզադաշտում: Ցավում եմ, որ այս համաճարակի պատճառով ամբողջ աշխարհը, կարծես, կանգ է առել: Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան:
Չենք հասցրել ծանոթանալ Խոակին Կապառոսի հետ: Գիտեմ, որ նա երկար տարիներ գլխավորել է իսպանական այնպիսի ուժեղ ակումբներ, ինչպիսիք են «Սևիլյան», «Ատլետիկ Բիլբաոն», «Դեպորտիվոն»: Հուսամ, որ վրա օգնությամբ վերջապես կկարողանանք ձեռք բերել Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր»:
 
Պետրոս Ավետիսյան
«Այստեղ`Կոստանայում, ամեն ինչ հանգիստ է: Այնպես չէ, ինչպես Նուր-Սուլթնում կամ Ալմաթիում: Մեր քաղաքում դեռ ոչ ոք չի վարակվել: Անկախ ամեն ինչից՝ հազվադեպ դուրս ենք գալիս քաղաք, զգույշ ենք և պահպանում ենք վիրուսի կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցները: Ակումբը մեզ տրամադրել է մարզումային անհատական ծրագիր, որով և մարզվում ենք տնային պայմաններում ու փորձում պահպանել մարզավիճակը: 
Շատ էի սպասում Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպմանը ոչ միայն նրա համար, որ հանդես եմ գալիս Ղազախստանի առաջնությունում, այլև ցանկանում էի հնարավորինս շուտ սկսել աշխատանքը հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Նա շատ փորձառու մասնագետ է, մեծ օգուտ կտա մեր հավաքականին: Մենք նրանից շատ բան ունենք սովորելու»: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000