Որոնել
Արխիվ
04.03.2020  16:16

Վրացիները սկսեցին «կծել» Հայաստանի հավաքականին. «Սեփական կադրեր չունեն, դիմում են արտասահմանցիներին»

Ազգերի լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո վրացական մամուլը սկսեց գրել նրանց հավաքականի մրցակիցների մասին: Հատկապես մեծ ուշադրության է արժանացել Հայաստանի ընտրանու դեմ դիմակայությունը, որը տարածքային կարևոր դերբի է:

Lelo.ge-ում արդեն երկու հոդված է տեղադրվել, որոնցից մեկում Ալեկո Կակաուրիձեն գրել է.

«Այո, Հայաստանի հետ բարդ է լինելու: Այո, նրանք հեշտ մրցակից չեն: Այո, նրանք ունեն Հենրիխ Մխիթարյան: Բայց մենք պետք է նրանց հետ լուրջ պայքարի մեջ մտնենք, թեկուզ կովկասյան մրցապայքարների պատմության պատճառով: Նաև այն պատճառով, որ վերջերս ակումբային ֆուտբոլում հայերը «նեղացրեցին» մեզ, ուստի պետք է նրանց պայքարից դուրս թողենք»:

Ավելի հեգնական ոճով է արտահայտվել Սերգեյ Կորձայան.

«Ընհանուր առմամբ հայերը երբեք սեփական ֆուտբոլային ռեսուրսները չեն ունեցել: Արտասահմանից խաղացողների հրավիրելու պրակտիկան կիրառվում էր դեռ խորհրդային տարիներին, երբ դարպասապահներ էին բերում Ռուսաստանից:

Անկախությունից հետո, երբ սահմանները բացվեցին, հայկական մեծ սփյուռքից բազմաթիվ հայեր են հրավիրվել հավաքական: Օրինակ` դարպասապահներ Արամ Հայրապետյանը և Արսեն Բեգլարյանը ծնվել են Ռուսաստանում, Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը` Թուրքիայում, Նորբերտո Բրիասկոն` Արգենտինայում, Արթուր Սարկիսովը` Չեչնիայում,  Էդգար Բաբայանը` Բեռլինում, Արտյոմ Սիմոնյանը` Սանկտ-Պետերբուրգում, Ալեքսանդր Կարապետյանը` Թբիլիսիում: Վերջինս ունի Հայաստանի, Վրաստանի ու Գերմանիայի քաղաքացիություն:

Հայերը չեն հրաժարվել նաև այլազգի ֆուտբոլիստներին հրավիրելուց: Օրինակ` ռուս դարպասապահ Ռոման Բերեզովսկին և բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին: Իտալիայի դեմ նախորդ խաղին մասնակցեց  Անդրե Չալըշըրը: Նաև Կոլումբիայից հրավիրվել է պաշտպան Ժորդի Մոնրոյ Արարատը:

Չնայած արտասահմանից նման քանակի ֆուտբոլիստներ հրավիրելուն, ՖԻՖԱ-ի վարկանիշում նահանջել են 102-րդ տեղը (Վրաստանը 91-ն է): Այդ պատճառով որոշել են ևս մեկ այլազգի ֆուտբոլիստի հրավիրել, ում արդեն հայկական անձնագիր են տվել: Նա Դավիթ Յուրչենկոն է` Կարագանդայի «Շախտյորից»: Վերջինս ծնվել է 1986 թվականին` Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Նրա կարիերան ցույց է տալիս, որ առանձնապես տաղանդավոր չէ: Նման ենթադրություն կարելի է անել նրա թիմերի քանակից: Դարպասապահը 11 թիմ է փոխել:

ՖԻՖԱ-ի վարկանիշը ցույց է տալիս, թե նրանք ինչ մակարդակ ունեն: Իտալիային 1:9 հաշվով պարտվելուց հետո դուրս մնացին թոփ-100-ից: Այդ պարտությունը հակառեկորդ է: Նախորդը Վրաստանից կրած 0:7 հաշվով էր:

 Իսկ ակումբային ֆուտբոլում հայկականը վրացականից ավելի բարձր վարկանիշ ունի»,- գրել է վրացի լրագրողը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000