Որոնել
Արխիվ
28.02.2020  18:45

«Եթե հայ սեփականատեր չունենա, միտված է վախճանի». «Երևանի» միակ լուսավոր կետի աշխատանքը

Հայաստանի ընթացիկ առաջնությունն ամենագրավիչներից է մրցաշարի պատմության մեջ, սակայն ունի մեկ բացասական կողմ` «Երևանը»: Բավական չէր, որ այդ ակումբը պարտվեց բոլոր 15 խաղերը, այժմ էլ դուրս է եկել առաջնությունից` մի քանի թիմերի զրկելով խաղային նորմալ պրակտիկայից: Այդուհանդերձ, ընթացիկ մրցաշրջանում «Երևանը» մեկ լուսավոր կետ ուներ` ակումբի մամուլի ծառայությունը` հանձինս Դավիթ Գյուրջինյանի: Նա ակումբի սոցցանցերում յուրահատուկ գրառումներով որոշակի դրական իմիջ ստեղծեց «Երևանի» համար, սակայն նա նույնպես արդեն հեռացել է ակումբից: ArmFootball.com-ը զրուցեց Գյուրջինյանի հետ, ով պատմեց ակումբի անտարբեր ղեկավարության ու իր գործունեության մասին:

- Ե՞րբ տեղեկացաք, որ թիմը ելույթները չի շարունակելու Բարձրագույն խմբում:

- Ֆեդերացիայի պաշտոնական կայքում լուրի հայտնվելուց 15 րոպե հետո:

- Այսինքն, ակումբը ֆեդերացիային ավելի շուտ էր հայտնել, քան իր մամուլի ծառայությա՞նը:

- Ինձ թվում է` տվյալ պահին ակումբի գործերով զբաղվող մարդիկ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ ակումբը մամուլի ծառայություն ունի:

- Այդուհանդերձ, ակումբի էջում Ձեր վերջին գրառումների ակնկարկներից երևում էր, որ դուք էլ գիտեիք, որ այսպես է լինելու: Վերջին ամիսներին ակումբն ի՞նչ վիճակում էր:

- Եթե կոպիտ արտահայտվեմ՝ ակումբ չի էլ եղել վերջին 2-3 ամսում։ Առաջին շրջանի վերջում արդեն թիմը չէր մարզվում, ֆինանս չկար, բարձիթողի վիճակ էր։ Արձակուրդների ժամանակ ֆուտբոլիստները նոր ակումբներ տեղափոխվեցին, լեգիոներներից ոմանք վերադարձան հայրենիք ու այդպես շարունակ։ Որպես էդպիսին՝ ֆուտբոլային թիմ, որը մարզվում է, հավաքներ անցկացնում ու պատրաստվում երկրորդ շրջանին՝ չի եղել:

- Հաշվի առնելով որ ակումբում անհասկանալի վիճակ է սեփականատերի հարցում, դատական գործ է բացվել, ո՞վ էր մրցաշարից դուրս գալու որոշում կայացնողը:

- Մի քիչ հեռվից սկսեմ։ Նորայր Հարությունյանի հեռանալուց հետո մեզ մոտ տնօրեն նշանակվեց Ավիկ Ղազարյանը։ Մոտ երկու ամիս միասին աշխատեցինք՝ ինչքան հնարավոր էր ու մեր ուժերը ներում էր․ թիմի համար փորձում էինք անել ամենը։ Որոշ ժամանակ անց՝ դեկտեմբերին, Ավիկն ասաց, որ Կիրիլի (Գրիգորով-խմբ.) փոխանցմամբ թիմի տերերը փոխվել են ու ինքն այլևս տնօրենը չէ. նոր մարդ է նշանակվել վերջիններիս որոշմամբ։

Էդուարդ Դոլբակյան անուն-ազգանունով մարդու մասին էր խոսքը, ում հետ վերջին 3 ամսում խոսել եմ 2 անգամ՝ հեռախոսով։ Երկու անգամ էլ ես եմ կապվել այդ մարդու հետ, որ թիմի մասին գոնե մի որևէ տեղեկություն ստանամ, բայց այդպես էլ կոնկրետ պատասխան չեմ ստացել։ Ու, թե ում որոշմամբ է թիմը դադարեցրել գործունեությունը՝ գաղափար անգամ չունեմ։

- Ֆուտբոլիստների հեռանալն ի՞նչ պայմաններում էին: Պայմանագրերի ժամկետները սպառվե՞լ էին, թե՞ իրանց կամքով հեռացան:

- Այդ ինֆորմացիային չեմ տիրապետում վերևում նշածս պատճառներով:

- Բայց աշխատավարձերի վերաբերյալ լսած կլինեք: Մենք տեղեկություն ունենք, որ մի քանի ամիս փող չեն ստացել:

- Այո, հայ ֆուտբոլիստները նույնիսկ «Սևանի» դեմ գավաթային խաղը բոյկոտեցին: Մարդ կար՝ երկու ամիս չէր ստացել, մյուսը` երեք ու այդպես շարունակ: Օրինակ, ես վերջին անգամ նոյեմբերին եմ աշխատավարձ ստացել: Դեկտեմբերից հետո, կարելի է ասել, կամավորական հիմունքներով եմ աշխատել:

- Կարելի է ասել, որ ընթացիկ մրցաշրջանում դուք «Երևանի» միակ դրական կողմն էիք` ակումբի սոցցանցերում անսովոր գրառումների պատճառով: Սկզբում ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր այդ ակումբում:

- Հաստիքն ազատ էր մնացել, օրերից մի օր Նորայր Հարությունյանը զանգահարեց ու առաջարկեց, ես էլ համաձայնեցի: Ոչ մի արտասովոր բան:

- Երբ նոր էիք գնում, ակումբի ապագան Ձեզ ինչպիսի՞ն էին ներկայացնում:

- Թիմին միացել եմ առաջին տուրից հետո, որում պարտություն էինք կրել «Արարատից» ու, չնայած դրան, տրամադրությունը նորմալ էր: Բնականաբար, ոչ ոք չէր կարող կանխատեսել սցենարի նման վատագույն զարգացում, ոչ ոք չի ասել 15 տուր հետո միավոր չենք վաստակելու, կես տարուց էլ թիմը դադարեցնելու է գործունեությունը: Հավատում էինք թիմի գոնե կայուն խաղին: Ինչ վերաբերվում է իմ անձնական պատկերացումներին` ես մինչև վերջին տուրը հավատում էի, որ հաղթանակ կտանենք, նույնիսկ տեսանյութ էի պատրաստել «Կարգին հաղորդումից»: Ցավոք, այդ հրապարակումն օգտագործեցի ափսոսանքս արտահայտելու համար:

- Մի քանի տարվա կտրվածքով ակումբի տեսլականն ինչպե՞ս էին ներկայացնում ղեկավարները:

- Հեռանկարային խոսակցություն կոնկրետ իմ մասնակցությամբ երբեք չի եղել, հիմնականում, ապրում էինք ներկա օրով: Փաստորեն, սկզբից էլ տենց էր պլանավորված եղել…

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Ձեր կարծիքով` «Երևանը» պայմանավորված խաղերի մեջ կար: Եթե այո՝ ի՞նչ սխեմա էր:

- Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ակումբի ներքին խոհանոցի հետ առնչություն չեմ ունեցել ու գոհ եմ, որ չեմ ունեցել: Որքանով գիտեմ` քրեական գործ կա հարուցված ու հուսամ, վերջապես կիմանանք իրականում ինչ է տեղի ունեցել:

- Խոսենք նաև Ձեր աշխատանքի մասին, սատիրայով ու հումորով գրառումների վերաբերյալ: Կա՞ր պատճառ, որ անցաք նման ոճի:

- Առաջին մեկ-երկու շաբաթը աշխատեցի ոնց բոլորը` խաղերի վտանգավոր պահեր, լուսանկարներ ու ասուլիսներ: Լուսանկարիչ չունեինք, ռեսուրս գրեթե չունեինք մարդկանց հետաքրքիր կոնտենտով ապահովելու համար: Որոշեցի մեր սուղ միջոցներից քաղել առավելագույնը, ընտրել ինքնաքննադատության ու սատիրայի ոճը: Իմ կարծիքով` անկեղծությունը մարդիկ գնահատում են: Սկզբից, որոշ մտավախություններ ունեի, որ չի ընդունվի, քննադատությունները շատ կլինեն, բայց, ոնց տեսնում ենք, բավականին հաջող ստացվեց ամեն ինչ: Ու հատուկ շնորհակալություն նախկին գործադիր տնօրեններ Հարությունյան Նորայրին ու Ղազարյանին Ավիկին գործունեությունս չսահմանափակելու ու նորարարություններից չվախենալու համար:

«Կարճ՝ մեր ակումբի ապագայի մասին»

 

- Դրան ինչպե՞ս արձագանքեց ակումբի գլխավոր ղեկավարությունը:

- Իմ կարծիքով` ակումբի ղեկավարությունը տեղյակ չի եղել ու առանձնապես իրենց դա չի էլ հետաքրքրել:

- Բա նրանց ի՞նչ էր հետաքրքրում:

- Չգիտեմ, երբեք հանդիպած չկամ:

- Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ապագա կունենա «Երևանը»: Կշարունակի՞ հետագայում ելույթները Առաջին խմբում, թե՞ նորից 20 տարով կանհետանա:

- Եթե ակումբն այդպես էլ չունենա հայ սեփականատեր` միտված է կործանման ու նման անփառունակ վախճանի: Այլ տարբերակ չկա:

 

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000