Որոնել
Արխիվ
24.02.2020  21:33

ՉԼ. Մեսսին գնում է «Մարադոնայի թագավորություն» և անկանխատեսելի ռևանշի սպասում

Փետրվարի 25-ի կեսգիշերին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հերթական հանդիպումները։ 

Դիմակայության առաջին խաղում «Նապոլին» տանը կմրցի «Բարսելոնայի» հետ, իսկ «Չելսին» Լոնդոնում կընդունի Մյունխենյան գրանդին՝ «Բավարիային»։

«Նապոլի» - «Բարսելոնա»

2 թիմերից էլ մրցաշրջանից առաջ սպասելիքները շատ էին։ Եթե «Բարսելոնան» ինչ-որ չափով կարողանում է առայժմ դրանք արդարացնել (չհաշված՝ ակումբի ներսում տեղի ունեցող իրարանցումները, մարզչական փոփոխությունը․․․), ապա «Նապոլին» ոչ մի կերպ չի կարողանում վերգտնել իր խաղը։ Թիմերը մրցաշրջանի միջնամասում մարզիչ փոխեցին, ակումբի ներսում տեղի ունեցան մի շարք սկանդալներ, ինչն անդրադարձավ ֆուտբոլիստների խաղի վրա։

Ջենարո Գատուզոյին չի կարելի համարել ճկուն տակտիկա դավանող մասնագետ, բայց նա կարողանում է ֆուտբոլիստներին տրամադրել, գերմոտիվացնել, ֆունկցիոնալ առումով լավ պատրաստել ու շեշտը դնել հենց այդ գործոնի վրա։ Նրա թիմն ընթացիկ մրցաշրջանում փայլուն հանդիպումներ է անցկացնում բարձրակարգ թիմերի հետ խաղերում։ Այսինքն, Գատուզոն շատ լավ գիտի, թե ինչպես պատրաստել թիմին երկրորդ համարով խաղալուն, բայց շատ ավելի թույլ մրցակցիների հետ, երբ թիմը պետք է հանդես գա նախաձեռնողի դերում, թերությունների բազմազան են։ Հենց այդպիսի խաղերում են լինում միավորների կորուստներ, ինչը լրջագույն խնդիր է մարզչական անձնակազմի համար։ Դրա պատճառը հենց թիմի տակտիկական ճկունության պակասն է,  որը շտկելն իսկական գլխացավանք է դարձել մարզչական անձնակազմի համար։ Այնուամենայնիվ, «Նապոլիում» մնացել են կրեատիվ, ոչ ստանդարտ գործողություններով աչքի ընկնող ֆուտբոլիստներ, ովքեր ունակ են վճռել ցանկացած խաղի ելքը։

Գրեթե միշտ, Գատուզոն ընտրում է 4-3-3 մարտավարությունը։ Հավանաբար, հենց նույն խաղային սխեմայով նեապոլցիները հանդես կգան կատալոնացիների հետ տնային խաղում։

«Բարսելոնան» տակտիկապես շատ ավելի ճկուն է, բայց շարունակում է արտագնա խաղերում դժվարություններ ունենալ անգամ թույլ թիմերի հետ պայքարում։ Սետյենը սիրում է հագեցնել դաշտի կենտրոնը, թիմը ավելի շատ է տիրում գնդակին, բայց առջևի գծում, ինչպես Վալվերդեի օրոք, հիմքը ֆուտբոլիստների անհատական վարպետությունն է։ Միջին գծում, նույնիսկ՝ պաշտպանությունում, կան մի շարք տակտիկական մտահաղացումներ, բայց առջևում չկան բարդ կոմբինացիաներ, «տնային աշխատանք», մշակված մտահաղացումներ։ Իհարկե, «Բարսելոնան» այն թիմն է, որ անգամ առանց դրա է գտնում մրցակցի դարպասի բանալին, բայց, բնականաբար, առջևում պետք է նոր միտք, նոր շունչ։ Հենց դա է պատճառը, որ այժմ թիմն առավել, քան՝ երբևէ, կախված է Մեսսիից։ Նույնիսկ այն մրցաշրջաններում, երբ Մեսսին մոտ 100 գոլ էր խփում և նրա կարիերայի պիկն էր,  «Բարսելոնան» այդքան կախված չէր նրանից, ինչպես՝ հիմա։   

Դժվար է կռահել, թե տակտիկական ինչ սխեմա կընտրի Սետյենը «Նապոլիի» հետ խաղի համար։ Կարող է օգտագործել 4-3-3 սխեման կամ խաղալ 2 հարձակվողով, ինչը տեսանք Լա լիգայում կայացած վերջին խաղում։

«Նապոլիի» ամենանշանակալի կորուստը կարելի է համարել կենտրոնական պաշտպանի՝ Կալիդու Կուլիբալիի վնասվածքը, ով թիմի առաջատարներից է։ Հարցականի տակ են նաև Ֆերնանդո Լյորենտեի, Արկադիուշ Միլիկի և Էլսեիդ Հյուսայի մասնակցությունը։ Խաղին չի կարողանա մասնակցել նաև ևս մեկ պաշտպան՝ Կևին Մալկյուին։

Ինչ վերաբերվում է «Բարսելոնային», ապա աջևի գծում լրջագույն կորուստները դեռ երկար են զգացնել տալու։ Հարձակման գծում չկան Ուսման Դեմբելեն և Լուիս Սուարեսը, բայց կա ևս մեկ կորուստ, որը բացասաբար կանդրադառնա թիմի հարձակման վրա, չնայած, որ նա պաշտպան է։ Վնասվածք ունի Ժորդի Ալբան, ում միացումները եզրերից գրոհներին, կատարած հիանալի փոխանցումները հաճախ վճռում են ամբողջ խաղի ելքը։ Երբ նա դաշտում է՝ «Բարսան» գրոհելիս շեշտը դնում է ձախ եզրի վրա։ Ալբան կարողանում է փակել ամբողջ եզրը, շատ աշխատել ու մեծ օգուտ տալ թիմին։ Կհամարձակվենք նրա բացակայությունն ամենալուրջը համարել թիմի համար գալիք խաղում։ Բացի Ալբայից, վնասվածք ունի նաև Սերխիո Ռոբերտոն։ Այսինքն, 4 հիմնական կազմի ֆուտբոլիստների վնասվածք, որոնց համարժեք փոխարինող գտնելը գրեթե անհնար է։

«Նապոլին» շատ լավ գիտի, թե ինչ ուժ է ներկայացնում «Բարսելոնան» «Կամպ Նոուում»։  Գատուզոյին ոչ ոք չի մեղադրի, եթե թիմը փորձի առաջին խաղում ռիսկի դիմել, որովհետև անրհաժեշտ է ոչ միայն չպարտվել, այլ նաև փորձել ապահովագրվել պատասխան խաղից առաջ։

«Բարսելոնային» արտագնա խաղերում չի կարողանում բալանսավորվել, ուստի Սետյենը պետք է առաջին հերթին փորձի հոգեբանորեն տրամադրել թիմին, որպեսզի հնարավոր լինի նվազագույն սխալներով վերահսկել գնդակը, վստահություն զգալ ու առջևի գծում սրել խաղը։ Հյուրընկալվելիս թիմը չի համարձակվում սրել խաղը։ Այսինքն, այն արագացումները, պաշտպանությունը կտրող փոխանցումները որը հաճախ կատարում են «Կամպ Նոուում»՝ վստահության պակասի պատճառով արտագնա խաղերում բացակայում են։ Նման հոգեբանական բարդույթներ Եվրոպայում շատ թիմեր ունեն, բայց «Բարսելոնայի» մոտ դա վերջին տարիներին է դրսևորվում, ուստի, այն հաղթահարել հնարավոր է։ Եթե կատալոնացիները կարողանան ճիշտ տրամադրվել, ապա «Նապոլին» դատապարտված է պարտության, որովհետև, եթե «Բարսան» վստահություն է ձեռք բերում՝ նրան կանգնեցնելը գրեթե անհնար է դառնում։

Հիմնական ինտրիգներից մեկը նաև այն է, որ Մեսսին առաջին անգամ է խաղալու «Նապոլիի» «Սան Պաոլո» ստադիոնում։ Ավելի վաղ հարցազրույցներից մեկում նա նշել էր, որ սպասում է այդ ստադիոնում խաղալուն, որն իր մեջ մեծ պատմություն ունի։ Միգուցե, սա լրացուցիչ մոտիվացիա լինի արգենտինացու համար։

«Չելսի» - «Բավարիա»

«Չելսին» վերջին խաղերում սկսել է հաճախ միավորներ կորցնել, բայց դա բնական է, որովհետև թիմը շատ երիտասարդ է ու, սպասելի էր, որ մրցաշրջանի միջնամասում կայունության պակաս կզգացվի։ Բացի այդ, շատ ֆուտբոլիստներ եվրագավաթներում հանդես գալու փորձ չունեն, ինչը կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել։ Նման լարվածություն թիմի մոտ նկատվում էր ՉԼ-ի խմբային փուլում, բայց կարգի հաշվին կարողացան հաջորդ փուլի ուղեգիր վաստակել։

Լեմպարդն այն մասնագետներից է, ով սիրում է հարմարվել մրցակցին, ամեն խաղում ընտրել այնպիսի տակտիկա, որը հնարավորություն կտա շոշափել հակառակորդի թույլ կողմերն ու աշխատել դաշտի հենց այն հատվածներում, որտեղ մրցակիցը կթերանա։ Օրինակ, եթե Լեմպարդը նկատում է, որ մրցակցի եզրային պաշտպանը դանդաղ է, կամ շատ է առաջ գնում ու ազատ տարածություն առաջացնում այդ եզրում, թիմին հրահանգում է համակարգված հագեցնել հենց այդ եզրը, որպեսզի թվային առավելություն ստանան։ Ֆուտբոլիստները, տվյալ պարագայում, միմյանցից այնքան էլ հեռու չեն տեղակայվում։ Նեղ տարածության վրա ճնշում են մրցակցին ու ստիպում կորցնել գնդակը, իսկ խլելու դեպքում արագ փոխանցումների, արագացումների միջոցով ճեղքում են հենց մրցակցի թույլ դիրքը, որտեղ ազատ տարածություն է առաջացել։ Այսինքն, Լեմպարդը թիմին ստիպում է մտածել դաշտում, նայել ոչ միայն գնդակին, ոչ միայն չկորցնել իր դիրքը, այլ ուսումնասիրել հակառակորդի խաղաոճը և ըստ դրա կազմակերպվել։ Տվյալ պարագայում, «Չելսիի» յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն զգում է խաղացող մարզչի դերում, որովհետև կարողանում է դաշտում շատ բան որոշել նույնիսկ մարտավարական տեսանկյունից։ Սա դրական է անդրադառնում խաղացողների վրա ու մեծ փորձ հաղորդում նրանց։

Ֆլիկի գլխավորությամբ «Բավարիայի» խնդիրները պաշտպանությունում չեն վերացել, բայց թիմը սկսել է կայուն կերպով միավորներ վաստակել։ Մարզիչը դանդաղ, բայց առաջընթաց է հաղորդում թիմին, որն աստիճանաբար փորձում է վերադարձնել դոմինանտությունը Բունդեսլիգայում։  Թիմի հիմնական առավելությունը շարունակում է մնալ ֆուտբոլիստների բարձր կարգը, ինչի հաշվին էլ հաղթում են գրեթե բոլոր խաղերը։ Վերջերս «Լեյպցիգի» հետ խաղը ցույց տվեց, որ հնարավոր է «Բավարիայի» հետ փակ ֆուտբոլ խաղալ, պաշտպանվել և շեշտը դնել հակագրոհների վրա։ Լավ պաշտպանվելու դեպքում, «Չելսին» հակագրոհներով ունակ է պահեր ստեղծել, որովհետև մյունխենցիները հետին գծում գրեթե բոլոր խաղերում խնդիրներ ունենում են։

Ֆլիկը հաճախ է ընտրում 4-2-1-3 սխեման, որը բավականին արդյունավետ է օգտգործվում։ Շատ կարևոր է, որ ֆուտբոլիտները հասկանան, թե ինչ պետք է անեն խաղադաշտում, ինչը Կովաչի ժամանակ ակնհայտորեն բացակայում էր։ Ֆլիկն օգտակար պարզություն է մտցրել թիմի խաղում։ Երբեմն, մարզչի բարդ մտքերը խճճում են ֆուտբոլիստներին։ Կովաչը շատ խաղաոճեր փորձեց, ֆուտբոլիստներին օգտագործեց տարբեր դիրքերում, բայց ոչինչ արդյունք չէր տալիս հենց չափազանց բարդ մտահաղացումների պատճառով, որը չէին կարողանում ընկալել խաղացողները։ Ինպես նշվեց, Ֆլիկը «Բավարիայում» «հեծանիվ չի հորինել», այլ պարզապես պարզություն է մտցրել խաղում, ինչը դրական է անդրադարձել ֆուտբոլիստների վրա, որոնք արդեն պարզ հասկանում են, թե ինչ պետք է անել խաղադաշտում ու կարգի հաշվին սկսել են կայուն կերպով միավորներ վաստակել։

Միգուցե, արտագնա խաղի գործոնը հաշվի առնելով, Ֆլիկն օգտագործի ոչ թե սովորական դարձած 4-2-1-3, այլ 4-2-3-1 մարտավարությունը՝ վինգերներին մի փոքր ավելի հետ քաշելով։ Սա գրեթե նույն սխեման է, բայց իր մեջ ավելի զգուշություն է պարունակում։ Իսկ «Չելսին», ինչպես նշեցինք, ավելի ադապտացվող խաղաոճ է ընտրում և դժվար է ասել, թե այս անգամ ինչ սխեմա կընտրի Լեմպարդը։

Կորուստներ երկու թիմերն էլ ունեն։ Լոնդոնյան թիմում վնասվածք ունեն վան Գինկելը, Կանտեն և Պուլիշիչը։ Վերջին երկուսը հիմնական կազմի ֆուտբոլիստներ են, հատկապես՝ Կանտեն, ում կորուստը կենտրոնում կարող է խնդիրներ առաջացնել «Չելսիի» համար։ Հարցականի տակ են նաև Պեդրոյի և Հադսոն-Օդոյիի մասնակցությունը։

«Բավարիան» 2 լուրջ կորուստ ունի։ Վնասվածք ունեն հիմնական կազմի պաշտպան Նիկլաս Զյուլեն և հաճախ կազմում հայտնվող կիսապաշտպան Իվան Պերիշիչը։ Հարցականի տակ է Խավի Մարտինեսի մասնակցությունը։

Այս դիմակայությունը շատերի կողմից ամենաանկանխատեսելի ու ամենասպասվածներից է։ Մյունխենցիների երկրպագուները թախիծով, բարկությամբ են հիշում 2012 թվականին ՉԼ-ի եզրափակիչը, որտեղ հենց «Չելսիի» հետ խաղում զիջեցին ու զրկվեցին գավաթից։ Սա նույնպես լրացուցիչ ինտրիգ է ստադիոնի թեժ, յուրատեսակ մթնոլորտի առումով, որը կարող է լրացուցիչ էներգիա հաղորդել ֆուտբոլիստներին։

Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000