Որոնել
Արխիվ
16.11.2019  21:20

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Հունաստանի ընտրանու դեմ խաղում

Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տնային խաղում Հայաստանի հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Հունաստանի ընտրանուն: ArmFootball.com-ը ներկայացնում է այդ խաղի համար իր սահմանած գնահատականները.

Արամ Հայրապետյան (5,5) – Ֆինլանդիայում որոշիչ սխալից հետո, երբ իր տեղից անհաջող էր դուրս եկել,  մեր դարպասապահը որոշել էր այլևս նման «ռիսկի» չդիմել և մնալ դարպասային գծի մոտ: Հույների դեմ ամբողջ խաղի ընթացքում նա բարձրից փոխանցումների ժամանակ այդպես էլ տեղից դուրս չեկավ: Դժվար է դրան գնահատական տալ: Մի կողմից ցույց է տալիս, որ նա այնպես չի գործում, ինչպես հարկավոր է, մյուս կողմից էլ խաղում է իր լավագույն որակների հաշվին և թիմին ավելի մեծ վտանգի տակ չի դնում: Փոխարենը, Արամը թույլ տվեց իր ավանդական դարձող մյուս սխալը, երբ տարօինակ կերպով գնդակը հետ է մղում մրցակցի ֆուտբոլիստի կողմը, ինչը վտանգավոր պահի է բերում: Մնացած հարցերում Արամը հաջող գործեց` կատարելով 4 սեյվ:  Գոլի դրվագում թիմին փրկել, կարծես թե, չէր կարող: 

Հայկ Իշխանյան (5,5) – Հաշվի առնելով, որ թիմը գործում էր առանց հիմնական խաղարկողի, ինչպես նաև բացակայում էր գրոհի առաջին փուլը սկսող Վարազդատ Հարոյանը, Իշխանյանը ստիպված էր իր վրա վերցնել խորքից փոխանցումների դերը: Հայկը 15 հեռահար փոխանցում է կատարել, որոնցից 6-ը դիպուկ էին: Նա 6 անգամ գնդակը հեռացրել է, թույլ է տվել մեկ սխալ, որը հարվածի է բերել և մի շարք դիրքային սխալներ է թույլ տվել (16): Ուշագրավ է, որ Իշխանյանն իր ակումբում նույնպես 3 կենտրոնական պաշտպաններից ձախինն է: Այնպես որ, նրան ծանոթ էր խաղային սխեման:

Անդրե Չալըշըր (6,0) – Պաշտպանության ամենակենտրոնում գործելով` Չալըշըրը պետք է կառավարեր ամբողջ հետին գիծը: Չնայած, վիզուալ առումով այդպես չէր, բայց վիճակագրությամբ նա լավագույն խաղերից մեկն անցկացրեց: Դիրքային ընդամնեը 2 սխալ, 5 անգամ հեռացված գնդակ, 3 անգամ փակված հարված, 8-ից 7 հաջող հեռահար փոխանցում: Խաղից հետո Չալըշըրը նշեց, որ դեռ ժամանակ է հարկավոր նոր դասավորությանը հարմարվելու համար, ինչով հաստատեց, որ խաղն անհատական տեսանկյունից հաջող էր, բայց ոչ պաշտպանությունը կառավարելու գործում:

Տարոն Ոսկանյան (5,5) -  Տարոնը նույնպես սովոր է 5 պաշտպանով խաղին, սակայն ընթացիկ մրցաշրջանում հատկապես շատ է գործում աջ եզրային գծում, ինչը նրան օգնել է զարգացնել հարձակման գործողությունները և նույնիսկ մի քանի գոլային փոխանցում է կատարել: Երեկ նա պետք է հասցներ ոչ միայն իր գոտին փակել, այլ նաև հաճախ գրոհներին միացող Հովհաննես Համբարձումյանինը: Դա նրա մոտ լավ ստացվեց` ընդամենը 4 դիրքային սխալ 83  րոպեների ընթացքում: Ոսկանյանը մի քանի անգամ շատ հեշտությամբ զիջեց մենապայքարները` փորձելով դիրքի շնորհիվ հաղթել այն, այլ ոչ թե կոնտակտի: Նա խաղի ընթացքում 90 տոկոս ճիշտ փոխանցում է կատարել, որոնցից միայն 3-ն են հեռահար եղել: 

Կամո Հովհաննիսյան (5,0) – Վերջին ժամանակներում Կամոյի վատագույն խաղերից մեկն էր հավաքականում: Հույները գոլը խփեցին, երբ նա չկարողացավ փակել հարվածը, գրոհներին միանալիս միայն մեկ անգամ սրություն փորձեց հաղորդել, բայց կրկին ամբողջ դաշտն անցնելուց հետո չիմացավ ինչպես այն զարգացնել: Վիճակագրության տեսանկյունից նույնպես դրական ոչինչ չկա:

Հովհաննես Համբարձումյան (6,5) – Ավագի թևկապը լրացուցիչ խանդավառություն էր հաղորդել աջ լատերալին: Նա ոչ միայն պաշտպանությունում էր շատ աշխատում, այլ նաև գրոհներում: Զարմանալիորեն, հենց Հովհաննեսից էր կարելի սպասել ոչ ստանդարտ որոշումներ գրոհների ժամանակ, ինչպես նաև մեծ սրություն: Պաշտպանությունում թերություններ կային, բայց հարձակման ֆազայում նրա լավագույն խաղերից մեկն էր հավաքականի կազմում, նույնիսկ նրանց համեմատ, որոնցում գոլ է խփել: Նշենք, որ աջ եզրում Համբարձումյան-Բարսեղյան համագործակցությունն առաջին խաղակեսում մեր թիմի միակ լուսավոր կետն էր:

Արտակ Գրիգորյան (5,5) – Կրկին Արտակը գրեթե աննկատ էր: Նա ընդամենը 35 անգամ է դիպել գնդակին, ինչը զարմանալի ցածր ցուցանիշ է հենակետայինի համար: Գրիգորյանը միայն մեկ անգամ հաջող անցում փորձեց ձեռնարկել և մեկ անգամ հիանալի փոխանցում կատարեց մրցակցի երկու գծերի միջև, ինչը գրոհին լավ զարգացում հաղորդեց: Մնացած ժամանակ, նա ավելի շուտ իր դիրքին համապատասխան ֆուտբոլ էր խաղում, պաշտպան էր, բայց՝ կիսատ:

Ռումյան Հովսեփյան (5,5) – Լինում էին տախտկալի դրվագներ, երբ Խաշմանյանի թիմը գնդակը խաղարկում էր միայն կենտրոնական պաշտպանների միջև` առանց առաջ գնալու իրական մտքերի: Այդ ժամանակ հավաքականի 21 համարը փորձում էր նահանջել և փոխանցումներով գրոհներ սկսել, բայց հանդիպում էր դաժան իրականությանը, երբ դաշտի կենտրոնում 2 հայերը շրջափակված էին լինում 3-4 հույներով: Այդ ֆոնին նրա խաղը ընդհանրապես չստացվեց, սակայն դժվար է նրան շատ մեղադրել, որովհետև դա տապալում էլ չէր:

 Էրիկ Վարդանյան (5,5) – Երկար ժամանակ Արմեն Գյուլբուդաղյանցին մեղադրում էին Վարդանյանին շանս չտալու մեջ, ինչի գագաթանակետը դարձավ Լիխտենշտեյնի ու Ֆինլադիայի խաղերում նրան չօգտագործելը, երբ բացակայում էր Մխիթարյանը: Եվ հանկած, Վարդանյանը մեկնարկային կազմում է Խաշմանյաինի նորամուտի խաղում, բայց այս անգամ էլ տեղակայված է ոչ թե նրա հարազատ կենտրոնում, այլ ձախ եզրում` երբեմն կենտրոն տեղափոխվելու հնարավորությամբ: Պատճառն այն է, որ Էրիկի հարազատ դիրքն այլևս չկար հավաքականում: Վարդանյանին մեկ խաղակես պահանջվեց եզրից կենտրոն անցնելու բալանսը գտնելու համար: Երկրորդ կեսի մեկնարկային 15 րոպեում նա լավագույնն էր թիմում և հանկարծ…  մարզիչը փոխարինեց նրան:

Տիգրան Բարսեղյան (6,0) – Մխիթարյանի ու մի քանի այլ կրատեիվ ֆուտբոլիստների բացակայությամբ հենց Բարսեղյանի վրա էր դրված թիմին առաջ տանելու բեռը: Տիգրանը, կարծես, պատրաստ էր դրան։ Նա առանց վախենալու միայնակ գնում էր 2-3 մրցակիցների վրա, ամենաշատ գոլային պահերը հենց նրա մասնակցությամբ առաջացան: Բայց, արդյունքում, զգացնել տվեց գրոհ կազմակերպելու համար թվային զգալի տարբերությունը մրցակցի պաշտպանությանը մասնակցող խաղացողների քանակի համեմատ: Շատ դժվար է ինչ-որ բան անել, երբ ամեն անգամ 3 ֆուտբոլիստով պետք է գրոհեք 5-6-ի դեմ: Տիգրանը սրություն էր հաղորդում, սակայն կրկին մի քանի դվագում չարաշահեց անհատական խաղը և հարված կատարեց, երբ փոխանցումն ավելի նպատակահարմար էր:

Ալեքսանդր Կարապետյան (5,0) – Եթե հարձակման գծի ֆուտբոլիստներին դժվար էր միայնակ ինչ-որ բան անել, ապա Կարապետյանի համար ընդհանրապես գնդակ ստանալը խնդիր էր: Այնուամենայնիվ, հարձակվողը մինչև վերջ փորձում էր ինչ-որ սրություն հաղորդել, մեկ անգամ լավ դիրքից բարձր հարվածեց, բայց նրա համար խաղը հիմնականում անցավ մրցակցի պաշտպաններին անօգուտ պրեսինգի ենթարկելով:

Արթուր Սարկիսով (6,0) –  Երկու տարի անց հավաքական վերադարձած Սարկիսովը բավական հաջող փոխարինման մտավ: Ակտիվացրեց հարձակումը և նույնիսկ գոլ խփեց, որը մրցավարը չհաշվեց` արձանագրելով խաղից դուրս վիճակ: Արթուրը նաև ուժերը չէր խնայում պաշտպանությանն օգնելով: Ավելի անել նա չկարողացավ:

Արտակ Եդիգարյան և Պետրոս Ավետիսյան (առանց գնահատական): Երկուսն էլ փոխարինման մտան խաղավերջում: Արտակը մեկ անգամ շքեղ հեռահար փոխանցում կատարեց, իսկ Պետրոսը հասցրեց ընդամենը 7 անգամ դիպչել գնդակին:

 

Աբրահամ Խաշմանյան (4,0) – Հարց, որը շատերի մտքով կարող է անցնել. «Եթե մենք տանը հույների դեմ պաշտպանվում ենք 5 պաշտպանով ու 2 հենակետայինով, ինչպե՞ս պետք է խաղանք Իտալիայի դեմ` դրսում»: Միգուցե, Վարուժան Սուքիասյանի ժամանակները հիշենք և մեկ գծի վրա պաշտպանվենք 7 ֆուտբոլիստո՞վ:

Իհարկե, արդար չէ Խաշմանյանին քննադատել միայն այն պատճառով, որ նա նման տակտիկա է ընտրել, որովհետև բոլորը գիտեին, որ նա այդպես է սիրում խաղալ, ուստի եթե հրավիրել եք, ուրեմն պետք է նրանից պահանջել այն, ինչ նրա ուժեղագույն կողմը չէ: Գլխավոր մարզիչը բալանսավորված խաղի կողմնակից է, որում բոլորը հարձակվում և պաշտպանվում են և դա անում են կոմպակտ ու արագ, սակայն երեկ դրանցից ոչինչ չտեսանք: Նա նշում է, որ ժամանակ է պետք, իհարկե այո, բայց ամեն անգամ էլ հավաքականը մեկ շաբաթով է հավաքվելու: Տարօրինակ էր նաև Էդգար Բաբայանին մեկնարկային կազմում չտեսնելը, երբ նրա դիրքի համար երկու մրցակիցները` Գևորգ Ղազարյանը և Սարգիս Ադամյանը վնասվածք ունեին: Խաղից հետո Արտակ Գրիգորյանը նշեց, որ թիմը միայն ընդմիջումից հետո սկսեց իրագործել մարզչի մտահղացումները, բայց այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ խաղի սկզբից թիմը փակվել սեփական տուգանայինում և մրցակցին թույլ տալ էր տալիս գնդակին տիրել 70 տոկոս ժամանակում: Խաշմանյանի նորամուտը անհաջող էր բոլոր առումներով: Նրա ընտրած պաշտպանողական տակտիկան օգուտ չտվեց, ինչը գրեթե միշտ լինում է հայկական թիմերի հետ: Ի վերջո, ինչու պաշտպանվել պարտվելու մեծ հավանականությամբ, եթե կարելի է հարձակվել և գոնե համարձակությամբ գոհացնել երկրպագուներին:  Առավել ևս, որ Խաշմանյանն իր ասուլիսներում արդեն հասցրել է բազմիցս դժգոհել և իրեն արդեն պարտություն կանխագուշակել: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000