Որոնել
Արխիվ
15.11.2019  12:56

«Տալալաևը վիրավորում է քաղաքին, ակումբին և երկրպագուներն». «Փյունիկի» նախկին մարզիչը` կոնֆլիկտի կենտրոնում

«Փյունիկի» նախկին մարզիչ Անդրեյ Տալալաևը, ով ներկայումս գլխավորում է «Խիմկին», վերջին օրերին կոնֆլիկտի մեջ է Վոլգոգրադի «Ռոտորի» հետ, որը Պրեմյեր լիգայի ուղեգրի համար պայքարում նրա թիմի հիմնական մրցակիցն է: Ընդ որում, ինչպես Հայաստանում էր, Տալալաևի դժգոհության պատճառներից մեկը մրցակիցների օգտին ավելի շատ խախտումներ գրանցելն է:

Նոյեմբերի 13-ին կայացած «Խիմկի» – «Ռոտոր» խաղից (0:2) հետո ռուս մասնագետն ասել էր.

«Եթե մրցավարությունում ոչինչ չփոխվի, «Ռոտորին» արդեն հիմա կարելի է շնորհավորել ՌՊԼ-ի ուղեգիր նվաճելու կապակցությամբ: Շատ դժվար է դիմակայել, երբ մեր դեմ այսպիսի միջոցներ են ձեռնարկում: Երբ քո դեմ 30-ից շատ խախտում են գրանցում, իսկ մրցակցին` 15, դժվար է ինչ-որ բան անել»:

Ավելի ուշ  «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում հանդես է եկել «Ռոտորի» գլխավոր տնօրեն Անդրեյ Ռեկեչինսկին.

«Անդրեյ Վիկտորովիչը վշտացած էր պարտությունից և իրեն զգացմունքային պահեց: Իր պահվածքով նա վիրավորում է քաղաքը, ակումբը և բոլոր նրանց, ովքեր երկրպագում են «Ռոտորին»: 9 տուրերի ընթացքում կարողացանք «Խիմկից» 8 միավոր կրճատել և անձնական խաղում շրջանցել նրանց: Մեր ակումբի քննադատելու և հեռուստատեսություն գնալու փոխարեն պարոն Տալալաևը լավ կաներ իր թիմով զբաղվեր»:

2018 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը պատասխանը տվեց հենց հեռուստատեսությունում` Match TV-ում:

«Միթե՞ կարծում եք, որ բանավեճի կմտնեմ մի մարդու հետ, ում բնութագրումը շատ ճիշտ տվել է Լեոնիդ Սլուցիկն (Վիտեսի մարզիչը, ով վոլգոգրադցի է, ասել էր, որ «Ռոտորը» ղեկավարում են հիմարներ-խմբ.):

Ես ոչ մի կերպ չեմ վիրավորել քաղաքին կամ երկրպագուներին: Ես խոսում եմ փաստերով: Նրանց օգտին հինգ 11-մետրանոց է նշանակվել, իսկ մրցակիցներին 5 կարմիր քարտ ցուցադրվել: Իսկ «Ռոտորի» հետ խաղից հետո իմ մեկնարկային կազմի 4 ֆուտբոլիստներ շարքից դուրս մնացին մրցակցի հասցրած վնասվածքների պատճառով: Հիմա թող առաջ լինեն, գարնանը կպայքարենք, որ նրանց համար շատ դժվար լինի Պրեմյեր լիգա մտնել»:

ФНЛ-ի 23 տուրերից հետո «Խիմկին» 46 միավորով երրորդ տեղում է, իսկ «Ռոտորը» 48-ով` երկրորդ: Առաջատար «Տորպեդոն» ունի 51 միավոր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000