Որոնել
Արխիվ
14.11.2019  21:01

Խաշմանյան. «Հավաքականը փորձադաշտ չէ, մենք սերնդափոխության ռեսուրսներ չունենք»

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայատանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին տնային հանդիպում կանցկացնի Հունաստանի հետ։ 

Խաղից առաջ մամուլի ասուլիսով հանդես եկավ մեր նոր գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Գաղտնիք չէ, որ այժմ այնքան էլ երանելի վիճակում չենք՝ հաշվի առնելով բազմաթիվ ֆուտբոլիստների կորուստները։ Բայց սա ֆուտբոլ է և այստեղ ամեն ինչ պատահում է։ Մենք իրավունք չունենք կառչել դրանից և բացասական մտածել։ Ունեցել ենք 3 օր և փորձել ենք անել առավելագույնը։ Կարող եմ ասել, որ մեր հավաքականը պատրաստ է վաղվա խաղին։ Նպատակը մեկն է՝ քաղել առավելագույնը։

Լավ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին։ Նրանց կազմն ամբողջովին փոխվել է։ Դիտել եմ նրանց վերջին 2 խաղերը Իտալիայի և Բոսնիայի հետ։ Նրանք շատ կազմակերպված և արդյունավետ են։ 

Մի շարք ֆուտբոլիստների բացակայության պայմաններում ավագի թևկապը կրելու է Հովհաննես Համբարձումյանը։ Որոշումը կայացնելիս առաջնորդվել ենք նրա փորձառությամբ։ Ես այս 3-4 օրվա ընթացքում հասկացա, որ նա ունի առաջատարին հատուկ բնավորություն։

Մենք առավելագույնն ենք սպասում հավաքականից, բայց պետք է գիտակցենք, թե ինչ ունենք այսօր մեր ձեռքում։ Չեմ ցանկանում խոսել երկրորդ խաղի մասին (Իտալիայի հետ․ խմբ․) և ուզում եմ կենրոնանանք հենց այս հանդիպման վրա։ 

Ստացել եմ հավաքականը գլխավորելու հրավեր, կոնկրետ բանակցություններ են ընթացել և սիրով համաձայնել եմ գլխավորել ընտրանին։ Ավելի վաղ չեմ խոսել հավաքականից, որովհետև գտնում եմ՝ պետք չէ խոսել, եթե սերտ կապված չես ընտրանու հետ։

Մենք չպետք է երազանքներով, ռոմանտիզմով առաջնորդվենք։ Պետք է ամեն ինչին ռեալ նայենք և խոսենք ռեալ։ Այսօր ժամանակն է սերնդափոխություն անելու, բայց պետք է հաշվի առնենք, թե ինչ սերունդ ունենք։ 7 ֆուտբոլիստ բացակայում է կայանալիք 2 խաղերի համար։ Նրանք տարիներ շարունակ հավաքականին տվել են ամեն ինչ։ Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են՝ Հենրիխի գլխավորությամբ։ Մեկը թողել է մեծ ֆուտբոլը, մի քանիսը վնասվածքներ ունեն, բայց պետք է հաշվի առնենք, որ նրանք 30-ն անց են։ Սերնդափոխությունն անհրաժեշտ է, բայց ի՞նչ ունենք մենք։ Իսկ ինչո՞վ պետք է անենք այդ սերնդափոխությունը, պարզապես, խոսքերո՞վ․․․ Ունենք Էրիկ Վարդանյան, ով հրավիրվել է, բայց նա պետք է կայանա որպես հավաքականի ֆուտբոլիստ։ Հավաքականը չի կարող լինել փորձադաշտ, սա ամենաբարձր կետն է։ Ինչ-որ երկրի 4-րդ լիգայում հայկական ազգանունով մեկին գտնում են, ասում, որ հրավիրենք հավաքական։ Չի կարելի առաջնորդվել այդ մտածելակերպով։ Պետք է սերնդափոխություն, բայց ոչ թե փորձարկումներ։ Մենք այժմ չունենք այդ ռեսուրսները։ Տարիներ շարունակ ասել են, թե մենք պատրաստում ենք ֆուտբոլիստներ ազգային հավաքականի համար, բայց ու՞ր են այժմ այդ խաղացողները, ցույց տվեք»,- ասել է Խաշմանյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000