Որոնել
Արխիվ
05.11.2019  11:54

«Արարատի» երկրպագուներ. «Դիմում ենք ՀՖՖ-ին, որ կրճատվի Էրիկ Վարդանյանի որակազրկման ժամկետը»

Երևանի «Արարատի» երկրպագուների «Արարատ Հուպ Տուր» ֆուտբոլային միությունը պաշտոնական հայտարարություն է կատարել, որով անդրադարձել է Բարձրագույն խմբի 12-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ»սկանդալային հանդիպմանը և հայտնել Էրիկ Վարդանյանի որակազրկման (6 ամիս) կրճատման դիմումի մասին:

«Հարգելի՛ ֆուտբոլասերներ
Հայաստանի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման 2-րդ կեսի միջնամասում և դրանից հետո տեղի ունեցած հայտնի իրադարձությունները լայն քննարկման առարկա դարձան ֆուտբոլային հանրության շրջանակներում։ Որոշ անհատներ ու կառույցներ, չունենալով կատարվածի վերաբերյալ իրական տեղեկատվություն, հանիրավի մեղադրանքներ հնչեցրեցին «Արարատի» երկրպագուներին՝ դրանով փորձելով ինքնահաստատման անհաջող փորձեր կատարել։

Հարկ ենք համարում այս առումով շեշտել, որ լինելով հայկական ամենահին ակումբի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի երկրպագուներ, մենք ամենաշատն ենք մտահոգ մեր ֆուտբոլի ներկա և ապագա վիճակով։ Հստակ գիտակցելով պահի լրջությունը, անիմաստ ենք համարել որոշների անհիմն քննադատություններին, ինչպես նաև «խորհուրդներին» անդրադառնալ, քանի որ «ԱՐԱՐԱՏ ՀՈՒՊ ՏՈՒՐ»-ում ընդգրկված են այնպիսի նվիրյալ երկրպագուներ, ովքեր մշտապես առաջնորդվել են ի շահ հայկական ֆուտբոլի և բնավ էլ կարիք չունեն հետևել որևէ մեկի «բարոյականության հորդորներին»։

Ստեղծված իրավիճակում ընդգծենք մեր մարզական լրագրողների և մեկնաբանների հստակ և անկողմնակալ դիրքորոշումը, բացառությամբ առանձին դեպքերի։ Կատարվածն, իրոք, աննախադեպ էր և ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն ի վերջո տեղի ունեցավ առողջ բանականության համատեքստում։

Հաշվի առնելով «Փյունիկ» ակումբի և Հայաստանի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի հայտարարությունը, առաջնորդվելով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և առհասարակ հայկական ֆուտբոլի շահերով, սույն հայտարարությամբ «ԱՐԱՐԱՏ ՀՈՒՊ ՏՈՒՐ» ֆուտբոլասերների միություն հասարակական կազմակերպությունը պաշտոնապես դիմում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Բողոքարկման կոմիտեին՝ մաքսիմալ նվազեցնել ֆուտբոլիստի նկատմամբ սահմանված 6-ամսյա որակազրկման ժամկետը։

Հարգանքներով՝ «ԱՐԱՐԱՏ ՀՈՒՊ ՏՈՒՐ» ֆուտբոլասերների միություն
հասարակական կազմակերպություն»,- գրված է հայտարարությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000