Որոնել
Արխիվ
31.10.2019  22:36

Armfootball.com-ը դարձավ 14 տարեկան

Ուղիղ 14 տարի առաջ՝ 2005 թվականի հոկտեմբերի 31-ին, մի խումբ նվիրյալների կողմից ստեղծվեց ArmFootball.com կայքը:

2005թ.-ին ինտերնետը Հայաստանում քչերին էր հասանելի: Հայկական կայքերի թիվը ևս շատ չէր, իսկ հայկական սպորտը լուսաբանվում էր հիմնականում թերթերի, հեռուստաընկերությունների, ռադիոընկերությունների միջոցով: Այդ ժամանակ մի քանի ֆուտբոլասերներ որոշեցին սեփական միջոցներով ստեղծել մի կայք, որի միջոցով հայկական մարզաշխարհի լուրերը հասանելի կլինեն նաև ինտերնետից օգտվողներին:

Ինտերնետ-ոլորտի զարգացման հետ միասին փոփոխությունների ենթարկվեց նաև կայքը: Տարիների ընթացքում կայքը սկսեց անդրադառնալ ոչ միայն հայկական ֆուտբոլին, այլ նաև ամբողջ հայկական սպորտին, ինչպես նաև միջազգային ֆուտբոլին:
Խոսելով կայքի մասին` անհնար է չհիշատակել ֆորումի մասին: Երբ դեռ սոցիալական ցանցերը մեծ հեղինակություն չէին վայելում, մոդայի մեջ էին տարբեր տեսակի «չատերը», հենց ArmFootball-ի ֆորումն էր հանդիսանում այն վայրը, որտեղ հավաքվում էին հայկական սպորտի սիրահարները ու քննարկումներ անցկացնում  տարբեր թեմաների շուրջ: Աստիճանաբար ֆորումը դադարեց միայն քննարկումների վայր լինելուց: Շատերի համար այն դարձավ տեղեկատվության լավագույն և օպերատիվ աղբյուր, իսկ արտերկրում գտնվող անդամները կարողացան ֆորումի միջոցով կապ հաստատել իրենց հայրենակիցների հետ ու իրենց ուժերի չափով աջակցել հայկական ֆուտբոլի զարգացմանը

Ֆորումականների միասնակության, ինչպես նաև արտերկրի անդամների աշխատանքի շնորհիվ արտասահմանում հանդես եկող մի շարք ֆուտբոլիստներ համալրեցին Հայաստանի տարբեր տարիքային ազգային հավաքակնները: Հատկապես տպավորիչ էր աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ ֆորումականների կազմակերպած ակցիան` ուղղված Խոակին Պողոսյանին: Ու թեև ֆուտբոլիստը այդպես էլ որոշում չկայացրեց Հայաստանի հավաքականին միանալու, սակայն այդ ակցիան լրացուցիչ անգամ ցույց տվեց հայ երկրպագուների միասնակությունը:

Ֆորումի միջոցով եղան նոր ծանոթություններ և ընկերություններ: Ֆորումականները սկսեցին միասին հաճախել մարզադաշտ` աջակցելու Հայաստանի հավաքականին, և վերջապես 2007թ.-ին մի խումբ ֆորումականների ջանքերով հիմնվեց երկրպագուների First Armenian Front (FAF) շարժումը, որը այժմ նկատելիորեն ընդլայնել է իր կազմը ու մինչ օրս հավատարիմ կերպով հայկական ֆուտբոլի կողքին է:Թեև այսօր սոցիալական ցանցերի լայն տարածման պայմաններում հայկական ֆուտբոլի քննարկման հարթակները նկատելիորեն շատացել են, սակայն ArmFootball-ի ֆորումը շարունակում է մնալ Հայաստանի հավաքականի երկրպագուների սիրելի վայրը, և քննարկումները այստեղ նախկինի պես բուռն են ընթանում:

Ինչպես և հիմնադրման ժամանակ, այնպես էլ այսօր ArmFootball-ը մնում է անկախ, սեփական միջոցներով զարգացող ընկերություն: Կայքի նպատակը շարունակում է մնալ անշահախնդիր կերպով հայկական սպորտին ամեն աջակցելը, դրա մասսայականության ավելացումը, ինչպես նաև իր ընթերցողներին միշտ թարմ ու հետաքրքիր տեղեկություններ մատուցելը: 

Այսօր ArmFootball.com-ը դառնում է 14 տարեկան: Թեև կայքը արդեն տևական ժամանակ է գործում, սակայն համոզված ենք, որ այս թիվը բավականին փոքր է: Այս տարիների ընթացքում ArmFootball.com-ը գոյություն է ունեցել առաջին հերթին իր անձնակազմի եռանդի, էնտուզիազմի շնորհիվ: Նայելով հետ` կատարված աշխատանքին, այդ էնտուզիազմը բազմապատկվում է, իսկ դա նշանակում է, որ մենք դեռ երկար ենք շարունակելու մնալ մեր այցելուների կողքին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000