Որոնել
Արխիվ
22.10.2019  18:47

«Իմ մրցավարներն են դատելու». պայմանավորված խաղերի կազմակերպիչը՝ Հայաստանում

Հայաստանի առաջնությունն այս մրցաշրջանում կա ակնհայտ հետնապահ, որը դեռ միավորներ չի վաստակել: «Երևան» ակումբը ամբողջ միջմրցաշրջանում չէր մարզվում, կազմը հավաքված չէր, մարզիչը հայտնի չէր, և առաջնության մեկնարկի հետ միասին նոր կարողացավ հավաքվել ու մեկնարկել, կազմն էլ հավաքվում է առաջնության ընթացքում: Հասկանալի է, որ նման պայմաններում թիմից սպասելիքներ էլ չկան, բայց պարտություն բոլոր խաղերում ևս բացատրել դժվար է: Մյուս կողմից, ակումբում տարօրինակ բաներ են կատարվում՝ մարզչական ու կադրային փոփոխություններ, սեփականատերերի փոփոխություններ... Այս հոդվածը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջինում բերված է լինելու «Երևան» ՖԱ-ի կարճ պատմությունը: Երկրորդում լինելու է պատմություն չինացի մի գործարարի մասին, որը կապ չունի ակումբի հետ: Իսկ բոլոր համընկնումները, ինչպես ասում են, պատահական են:

 

«Երևան ՖԱ»

Շատերի կարծիքով, «Երևան» ֆուտբոլային ակումբի հիմնումը (կամ վերակենդանացումը) կապված է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվան հետ: Բանն այն է, որ «Երևան» ՖԱ Հայաստանում նախկինում եղել է, ակումբի նախագահն էլ Կարեն Հարությունյանն էր, ով հետագայում աշխատել է Հայրապետյանի հետ արդեն «Փյունիկում» և մտերիմ հարաբերությունների մեջ է ՀՖՖ նախկին նախագահի հետ: Երբ անցած տարի «Փյունիկ» ՖԱ-ը ցանկանում էր անվանափոխվել ու վերցնել «Երևան» անունը, պարզվեց, որ չի կարող, քանի որ Կարեն Հարությունյանը որոշել է «վերակենդանացնել» «Երևանը», և այդ անունով թիմը սկսեց հանդես գալ Առաջին խմբում: Դժվար է ասել, որքանով էր Հարությունյանը հասցնում զբաղվել ակումբի հարցերով: Սկզբնական շրջանում ակումբի գործերը վստահվեց Ռուսաստանից ժամանած ֆուտբոլային գործիչների՝ Ալեքսանդր Ալպովի գլխավորությամբ, ովքեր իրենց հետ բերեցին ֆուտբոլիստների նախկին ԱՊՀ տարածքից: Ալպովի թիմը հեռացավ հունվարին: Հետագայում նրա հետ Երևան ժամանած գործիչներից մեկը՝ ակումբի մենեջեր Սերգեյ Տիմոֆեևը հայտարարել էր. «Նախագծի առանձնահատկությունն այն էր, որ մենք պետք է լինեինք երկրի ամենաբաց ու «մեդիային» ակումբը, որի ճանաչելիությունը տարածեինք միջազգային ասպարեզում: Շատ էի ցանկանում, որ մարդիկ սկսեն ֆուտբոլ հաճախել: Հայաստանում դրա համար գրեթե բոլոր պայմանները կան: Ես այդ նախագիծ եմ եկել Ալեքսանդր Ալպովի հետ: Այնպես ստացվեց, որ ներկայիս ղեկավարությունը ֆինանսական տեսանկյունից լավ չվարվեց նրա հետ: Ալեքսանդրն իր գումարներն էր ներդնում, բայց որոշեցին առանց նրա շարունակել նախագիծը: Ֆինանսներն այդպես էլ չվերադարձրեցին: Բացի այդ, այնպես արեցին, որ նա դեռ պարտք մնաց: Վրդովված էի այդ պատճառով: Ալպովի հեռանալուց հետո, որոշեցի հետևել նրան, որովհետև վաղուց եմ աշխատում Ալեքսանդրի հետ»: Ալպովի հետ եկած ֆուտբոլիստների մի մասը մնաց և թիմի հետ զբաղեցրեց երկրորդ տեղը Հայաստանի առաջին դիվիզիոնում, Ստանիսլավ Եֆիմովն էլ տեղափոխվեց «Փյունիկ»: Մյուսները հեռացան, նրանց թվում նաև լատվիացի ֆուտբոլիստ Կիրիլ Գրիգորովը: Վերջինս «Երևանի» կազմում մասնակցել էր 5 հանդիպման: Ինչու՞ է այդքան կարևոր հիշատակել Գրիգորովին այս կոնտեքստում, պարզ կդառնա ավելի ուշ:

Առաջին դիվիզիոնում երկրորդ տեղը զբաղեցնելուց հետո թիմն իրավունք ստացավ խաղալ Բարձրագույն խմբում, քանի որ Առաջին դիվիզիոնի չեմպիոն «Սևանը» Բարձրագույն խմբում խաղալու հավատարմագիր չստացավ: 

Մրցաշրջանի ավարտից հետո երկար ժամանակ տեղեկություններ չկային ակումբից: Այդ ժամանակ ArmFootball.com-ին հայտնի դարձավ, որ թիմի սեփականատեր Կարեն Հարությունյանը պատրաստվում է վաճառել ակումբը, և, հնարավոր է, ՉԻՆԱՑԻ ներդրողներ հայտնվեն թիմում: Մինչ ակումբի վաճառելը, Կարեն Հարությունյանի թիմի սելեկցիայով վստահել էր զբաղվել «Մասիս» ակումբի հիմնադիր Արթուր Ոսկանյանին: Առաջնության մեկնարկում խոսվում էր, որ Կարեն Հարությունյանը վաճառել է ակումբը, ներդրողները մարզիչ էին բերել Սերբիայից: Նեբոյշա Պետրովիչը մի քանի տուր անց հեռացվեց, Գեորգի Ղազարյանը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար, հետո եկավ մոլդովացի Գոյանը, իսկ հետ խաղից մեկ ժամ առաջ հեռացվեց նաև նա: Այժմ ակումբը գլխավորում է պորտուգալացի: Ընթացքում հեռացվել էր նաև ակումբի տնօրեն Նորայր Հարությունյանը: Հեռացվելուց հետո թիմի նախկին մարզիչներ Մարտիկ Մկրտումյանը (դարպասապահների) և Գեորգի Ղազարյանը ուշագրավ մանրամասներ էին պատմել հեռացումների վերաբերյալ: Մկրտումյանը ArmSport.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ նոր սեփականատերերը պահանջում էին, որ իրենց ուզած ֆուտբոլիստներին դնեն մեկնարկային կազմում: «Նրանք սկսել էին միջամտել մեկնարկային կազմի ընտրությանը, ցանկանում էին իրենց թույլ լեգեոներներին տեսնել մեկնարկային կազմում, իսկ ես նրանց հորդորում էի չխառնվել իմ գործին, զբաղվել իրենց գործերով: Թիմում իմ դիրքի համար ունեինք լատվիացի Յանիս Կրումինսին և հայ Գրիգոր Մակարյանին: Ես գտնում էի, որ Յանիսը սխալվել էր, ու պետք է խաղար Գրիգորը, որն արդեն շատ լավ մարզավիճակ էր հավաքել: Գրիգորը մի քանի խաղի մասնակցեց, բավականին լավ հանդես եկավ, ու ամեն խաղից առաջ խոսակցություն էր լինում, որ նորից լատվիացուն վստահեմ դարպասը: Ինձ համար տարօրինակ ու կասկածելի էր, որ լավ խաղացող դարպասապահին անպայման ցանկանում էին փոխարինել մեկով, ով սխալներ էր արել: Դարպասապահի դիրքի հետ կապված այդ խոսակցություններից էլ սկսվեցին խնդիրները, և ես ասացի, որ կամ պետք է իմ ասածով լինի, կամ ես պետք է չաշխատեմ այս ակումբում: Հավանաբար, ես իրենց խանգարում էի, քանի որ կազմի արդար ընտրություն իրենց պետք չէր»,- նշել էր Մկրտումյանը: 

Նման տեղեկություններ էր տվել նաև Գեորգի Ղազարյանը՝ նույն ArmSport.am-ի հետ զրույցում: Վերջինս նոր սեփականատերերի մասին հարցին պատասխանելիս ասել էր հետևյալը. «Ես, ճիշտն ասած, չեմ տեսել սեփականատիրոջը։ Ես տեսել եմ մեկին՝ Կիրիլ Գրիգորովին, որը գալիս գնում էր, ասում, որ ինքը սեփականատիրոջ մարդն է։ Երբ մի պահ շատ ձգձգվեց աշխատավարձերի վճարումը, ֆուտբոլիստների այն պահանջին, որ ուզում են շփվել սեփականատիրոջ հետ, ասաց.

«Երբ որ ինքը ժամանակ ունենա, կգա: Իսկ եթե չէ, գնացեք իր հետ շփվեք»: Իսկ որ ինչ-որ մեկը հետաքրքրվի, գա տեսնի, ծանոթանա թիմին, ոչ, նման բան չի եղել: Այդ մարդու ասելով՝ թիմի սեփականատերը բելառուս է: Բայց ոչ տեսել ենք, ոչ լսել»,- նշել է Ղազարյանը: 

Ինչպես տեսնում ենք, Կիրիլ Գրիգորովի անունը երկրորդ անգամ է հիշատակվում, այս անգամ նա հանդես է գալիս ոչ թե որպես ֆուտբոլիստ, այլ որպես ֆունկցիոներ, միջնորդ, «սեփականատիրոջ մարդ»:

 

«Մեծն» Էրիկ Մաոն ու Կիրիլ Գրիգորովը

Կիրիլ Գրիգորովի անունը միայն «Երևան» ՖԱ-ի հետ չէ կապված: Լատվիացի ֆուտբոլիստը հանդես է եկել «Յուրմալայում», իռլանդական «Աթլոն Թաունում», չեխական «Մոհելնիցեում»: Այդ բոլոր ակումբները կապված են մեկ ֆուտբոլային գործչի՝ չինացի Էրիկ Մաոյի (գլխավոր լուսանկարում աջից` երկրորդը, Դիեգո Մարադոնայի կողքին) անվան հետ: 

ՉԻՆԱՑԻ Էրիկ Մաոն ՖԻՖԱ-ի գործակալ է, նրա գործակալությունը աշխատել է Պորտուգալիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Լատվիայի, Չեխիայի, Իսպանիայի ակումբների հետ: Համաձայն The Black Sea-ի, որը նաև հայտնի է որպես Football Leaks, Մաոն պայմանավորված խաղերի կազմակերպման ցանցի ուղեղն է: Նրա մարտավարությունն է՝ ձեռք բերել ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբներ, ներդնել որոշ գումար, հրավիրել «սեփական» կադրերին, մարզիչներին, ադմինիստրատորներին, ովքեր կապահովեն անհրաժեշտ արդյունքը: Նրանք սերտ համագործակցության մեջ են ասիական բուքմեյքերների հետ: Մաոյի գործընկերներն են Բրյուս Ջին, Նենսի Ցաոն, հույն գործակալ Գավրիիլ Պապանաստասատոսը: 

Մաոն սկզբում եղել է մարզական լրագրող: Այնուհետև գրանցվել է FIFA-ի պաշտոնական կայքում՝ որպես գործակալ: Որպես գործակալ աշխատել է Base Soccer-ում, որը զբաղվել է Կայլ Ուոքերի, Դենի Ռոուզի, Աարոն Ռեմզիի գործերով: Ներկա պահին Base Soccer-ը չի ցանկանում խոսել Մաոյի հետ կապերի մասին: 


Գավրիիլ Պապանաստասատոսը

Մաոյի հիմնած Anping գործակալությունը հիմնականում աշխատանք է ծավալել Չինաստանում, սակայն հայրենիքում գործերն այդքան էլ լավ չեն գնացել, և Մաոն որոշել է գործունեություն ծավալել Եվրոպայում՝ ներդրումներ անելով ֆինանսական խնդիրներ ունեցող ակումբներում: Whats’App-ով խոսակցություններից մեկի ժամանակ Մաոն գրել է գործընկերոջը. «Տվեք նրանց 200 հազար՝ 10 ամսվա համար: Մարզիչը պետք է ինձ լսի: Իմ ֆուտբոլիստները կխաղան ընկերական խաղերում և առաջնությունում: Ընկերական խաղերը իմ մրցավարներն են դատելու: Մենեջերը կգա և սեփականատիրոջ հետ պայմանագիր կկնքի»:

Նման սխեմայով առաջին փորձը եղավ Պորտուգալիայում: «Ատլետիկո դե Պորտուգալը» խաղում էր երկրորդ դիվիզիոնում և գրեթե  սնանկ էր: Anping-ը ձեռք է բերում ակումբի ակցիաների 70 տոկոսը: Բրյուս Ջին դառնում է տնօրենների խորհրդի նախագահ: Երեք տարվա ընթացքում թիմում 67 ֆուտբոլիստ է հայտնվում, մեծ մասամբ՝ արտասահմանցիներ, ազատ գործակալներ: 2014թ.-ին ՈւԵՖԱ-ն զգուշացրեց Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ «Ատլետիկոն» կասկածվում է պայմանավորված խաղերի մեջ: Ակումբի անունը հաճախ էր հայտնվում «կասկածելի» խաղերի ցանկում: Ակումբը հայտնվեց երրորդ, հետո նաև չորրորդ դիվիզիոնում, 2017թ.-ին պարտքերը ահռելի էին դարձել, իսկ Էրիկ Մաոն անհետացել էր: Ներկայումս թիմը հանդես է գալիս հինգերորդ դիվիզիոնում, նոր ղեկավարությունն էլ նշում է, որ 2017թ.-ից այս կողմ Մաոյին չեն տեսել:

2014թ.-ին Մաոն իր գործընկեր Պապանաստասատոսի հետ միասին ներդրում է անում Լատվիայի ուժեղագույնների խմբում հանդես եկող «Յուրմալայում»: Այդ ժամանակ «Յուրմալայում» է տեղափոխվում Կիրիլ Գրիգորով և Իգոր Լաբուտսը, ով հանդես էր եկել նաև «Ատլետիկո դե Պորտուգալում»: Թիմում է լինում նաև «Երևանի» ներկայիս դարպասապահ Յանիս Կրումինսը: Շուտով ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսում «Յուրմալայի» երկու խաղերի վերաբերյալ: Դրանցից մեկում թիմը ընկերական խաղում 0-5 հաշվով պարտվել է ֆիննական ՀԻԿ-ին (դարպասը պաշտպանել է Լաբուտսը, Գրիգորովը ևս կազմում է եղել): 2014թ.-ին «Յուրմալայի» ֆուտբոլիստները բոյկոտում են առաջնության հերթական տուրի խաղը կուտակված պարտքերի պատճառով: Թիմը դուրս է մնում Բարձրագույն խմբից և շուտով լուծարվում:

2015թ.-ին Պապանաստասատոսը ներդրում է անում չեխական «Վիտկովիցեում», ակումբի սեփականատերեր են դառնում նաև Atlético Clube de Portugal – Futebol SA ընկերությունն ու Կայման կղզիներում գրանցված ևս մեկ կազմակերպությունը, որը պատկանում է Մաոյին: 2015թ.-ի օգոստոսին թիմում հայտնվում է ռումին պաշտպան Ալին Ստոյկան, ով շուտով առաջարկում է դարպասապահ Պավել Ռոխելին խաղ կազմակերպել: «Բարև, բրո, Պիտերը («Պիտեր Պապպաս»-ը Պանաստասատոսի մականունն է) ասել է, որ վաղը պետք է երկու գնդակի առավելությամբ հաղթենք: Եթե Վոյնարն ու Մուսյոլը (թիմի հարձակվողներ) կարողանան օգնել մեզ, լավ կլինի, եթե չստացվի, ոչինչ»: Ռոխելը դրա մասին տեղեկացրել է ակումբի ղեկավարությանը և վերջիններս խզել են պայմանագիրը Պապանաստասատոսի հետ:

2016թ.-ին Anping-ը 100 հազար եվրո է ներդնում ռումինական «Ակադեմիա Կլինկենի» ակումբում: Թիմը կազմը համալրում են Մաոյին ծանոթ մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում՝ ռումին պաշտպան Ստոյկան: Շուտով ակումբի փոխնախագահ Ալեքս Դրագոմիրն առաջարկում է դարպասապահ Անրեյ Մարինեսկուին «ծախել» խաղը՝ խոստանալով 1000-2000 եվրո այն բանի համար, որ դարպասապահը խաղերին գծից դուրս չգա: Դրագոմիրին որակազրկեցին, բայց նա շարունակում էր ղեկավարել ակումբը, հետո հեռացավ Մաոյի մյուս «մարդը»՝ մարզիչ Սկաֆուրոն, և չինական ներդրումներն ավարտվեցին: 

2016թ.-ին պորտուգալական Pre Season ընկերությունը, որը պատկանում է բիզնեսմեն Ժոզե Ֆրանսիշկուին, ձեռք է բերում իռլանդական երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Էթլոն Թաուն» ակումբը: Բանն այն է, որ Ֆրանսիշկուն «Ատլետիկո դե Պորտուգալի» նախկին ֆուտբոլիստներից մեկի հայրն է և սերտ համագործակցության է մեջ է Բրյուս Ջիի հետ: Անմիջապես «Էթլոն Թաունում» են հայտնվում արդեն ծանոթ անուններ՝ Իգոր Լաբուտսը, ԿԻՐԻԼ ԳՐԻԳՈՐՈՎԸ, «Ատլետիկո դե Պորտուգալի», «Ակադեմիկա Կլինկենիի» մի շարք նախկին ֆուտբոլիստներ: Ապրիլի 29-ին «Էթլոն Թաունը» 1-3 հաշվով պարտվում է «Լոնգֆորդին», խաղի ընթացքում բազմաթիվ կասկածելի խաղադրույքներ են լինում, և սեպտեմբերին Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկում է մեկ տարով Լաբուտսին և ռումին Դրագոշ Սֆրիժանին: «Էթլոն Թաունը» առաջնությունն ավարտեց 17 միավորով, «-50» գոլերի տարբերությամբ, դրանից հետո բոլոր արտասահմանցիները հեռացան թիմից:

Կիրիլ Գրիգորովի պրոֆիլը transfermarkt.com-ում

2017թ.-ին Էրիկ Մաոն բրիտանական Shell Football Investment Limited կազմակերպության միջոցով ներդրում է անուն չեխական «Մյուխելնիցե» ակումբում, Բրյուս Ջին Պորտուգալիայի բանկի իր հաշվեհամարից փոխանցում է անում ակումբի հաշվին: Թիմը համալրում են ԿԻՐԻԼ ԳՐԻԳՈՐՈՎՆ ու չինացի Դոնգյանգ Լյուն, ով նախկինում հանդես է եկել «Ատլետիկո դե Պորտուգալում»: Թիմը խայտառակ արդյունքներ է ցույց տալիս ու դուրս մնում երկրորդ դիվիզիոնից:

Սրանք Մաոյի բոլոր գործարքների միայն մի մասն է, չինացի բիզնեսմենը շարունակում է տարբեր եղանակներ փնտրել խաղեր կազմակերպելու համար, և որտեղ նրա ձեռքը երևում է, այնտեղ հայտնվում են նույն անունները, որոնց թվում արդեն բազմիցս հիշատակված Կիրիլ Գրիգորովը: 

Վերջինիս անունը ներառված է ևս մեկ խոշոր սկանդալի մեջ: 2015-2018թթ.-ին Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքների ժամանակ Androsports ընկերությունը, որը պատկանում է (իհարկե) Էրիկ Մաոյին, կազմակերպում էր ընկերական խաղեր հավաք անցկացնող թիմերի միջև, որոնց մեջ շատ էին ռուսական ակումբները: Խաղերի մրցավարներ նշանակվում էին գործող ֆուտբոլիստներ, իսկ դրանց կազմակերպմամբ զբաղվում էր հենց Գրիգորովը, ով ինքն էլ մի քանի խաղերում հանդես է եկել գլխավոր մրցավարի դերում: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ: Մրցավարների ընտրությամբ զբաղվում էր Պապանաստասատոսը: «Ֆեյք մրցավարները» ապահովում էին ընկերության սեփականատերերի կամեցած արդյունքը՝ դրա դիմաց պարգևավճարներ ստանալով:

 

Վերջաբան

Հոդվածի երկու մասերում ներկայացրինք երկու տարբեր պատմություններ, որոնց գլխավոր հերոսներից մեկը միևնույն անձնավորությունն է: Ինչ է կորցրել Գրիգորովը Հայաստանում, դժվար է ասել, քանի որ առայժմ համապատասխան ապացույցներ չկան: Դժվար է ասել, բայց դժվար չէ հասկանալ… Գրիգորովը պայմանավորված խաղերի հետ կապված միակ ֆուտբոլային գործիչը չէ Հայաստանում: «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի անունը 2014թ.-ին մեծ աղմուկ էր բարձրացրել Ուկրաինայում: «Էներգիայի» նախկին մարզական տնօրեն Ալեքսանդր Կուրդովը պատմել էր. «Էներգիան» մի քանի տարի է զբաղվում է կազմակերպված խաղերով: Նախորդ մրցաշրջանում տանը խաղում էին «Սլավուտիչի» հետ, նրանց հաղթանակ էր պետք: Մերոնք էլ չէին զիջում. առաջին կեսում գոլազուրկ ոչ-ոքի: Գլխավոր մարզիչ Օկուլը ոչ մեկի ոչինչ չէր ասել, ուզում էր ամբողջ գումարն իրեն վերցնել, ոչ մեկի հետ չկիսվել: Ընդմիջմանը Յուրան մտնում է հանդերձարան, փակում ու ասում տղաներին, որ պետք է խաղը ծախենք ու փող աշխատենք: Այդ ամենը տեղի է ունենում առանց իմ իմացության և նախագահի համաձայնության»: Ավելի մանրամասն Օկուլի «արկածների» մասին կարող եք կարդալ այստեղ: «Օբոլոնի» հետ խաղը քննել է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան և այնտեղ պայմանավորված ելք չի գտել, իսկ ահա «Սլավուտիչի» հետ խաղը ֆեդերացիան չի քննել:

Այս ամենը տեղեկություններ են, որոնք կարելի է գտնել բաց ռեսուրսներից, առանց լուրջ հետաքննության: Իսկ ինչեր դեռ կարող է դուրս գան, եթե ավելի խորը փորվի… Եվ օրեր առաջ «Մասիս» ՖԱ-ի հետ կապված սկանդալը կարող է դառնալ միայն սկիզբը:

 

Ռաֆայել Խալաթյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000