Որոնել
Արխիվ
21.10.2019  20:08

Արմեն Պետրոսյան. «Հայաստանի հավաքականի խաղերը դիտում և ցավ ենք ապրում»

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ 

Հետխաղյա մամուլի ասուլիսով հանդես եկավ կապանյան թիմի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը։

«Լավ խաղ ստացվեց մեզ համար։ Ինչ նախատեսել էինք մարզումների ընթացքում՝ տղաները կատարեցին։ Մեզ մեծ օգուտ է բերում Գեղամ Հարությունյանի վերադարձը։ Ես անհատներից անկախ՝ թիմային խաղի կողմնակիցն եմ, բայց մեր թիմում Գեղամից շատ բան է կախված։ Այսօր նա ապացուցեց, որ մեծ ուժ է մեզ համար։ Մեր բոլոր հակագրոհները կախված էին Հարությունյանի գործողություններից, որը նա հրաշալի կատարեց։ Ցանկանում եմ նաև նշել ամբողջ թիմին, որոնց թիմային ժողովների ընթացքում ասում էի, որ պետք է ամեն ինչ անենք այնպես, ինչպես՝ մարզումների ընթացքում։ Շնորհավորում եմ բոլորին, նրանք արժանի էին հաղթանակին։

«Արարատ-Արմենիան» բարձրակարգ թիմ է և մեր լավագույն խաղն անցկացրինք։ Արդեն պետք է մտածել հաջորդ խաղի մասին։ Մարզիչների համար ուրախությունը շատ կարճ է տևում։ «Լոռիի» հետ արտագնա հանդիպում ունենք և մրցակիցը լավ մարզավիճակ ունի։ Պետք է մտածենք հենց դրա շուրջ, իսկ այս խաղն ընթացիկ մրցաշրջանում լավագույնն էր մեզ համար։ Առաջնության չեմպիոնի հետ էինք խաղում, ինչը մեզ լրացուցիչ մոտիվացիա էր հաղորդում։ 

Ինձ համար բոլոր ֆուտբոլիստներն էլ առանցքային են, բոլորը հավասար են։ Մենք դիտում ենք անցած խաղերն ու խաղացողներին ցույց ենք տալիս, թե ինչ սխալներ են թույլ տվել, իսկ մարզման ընթացքում դրան առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում։ Օրինակ, կենտրոնանում ենք վերջին փոխանցումների, գոլեր խփելու վրա։ Մենք այդպես ենք աշխատում ու, կարծում եմ, դա ճիշտ տարբերակ է։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է իմանա իր թերություններն ու հենց դրանց վրա կենտրոնանա։ Ֆուտբոլում ինչ-որ բանի հասնելու համար շատ մեծ աշխատասիրություն է պետք։

Արման Հովհաննիսյանը Հայաստանի հավաքականում 2 հանդիպում անցկացրեց և առաջին խաղում (Լիխտենշտեյնի հետ․ խմբ․) լարվածություն կար։ Բնականաբար, ազգ ներկայացնելը մեծ պատասխանատվություն է։ Մոտ 20 րոպե հետո վերգտավ իր խաղը։ Երկրորդ հանդիպմանը (Ֆինլանդիայի հետ․ խմբ․) ավելի լավ տպավորություն թողեց, բայց ցավում եմ, որ պարտվեցինք։ Ազգային հավաքականների խաղերը բոլորս դիտում ենք ու ցավ ապրում։ Հավաքականը մեր բոլորի պարծանքն է»,- ասել է Պետրոսյանը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000