Որոնել
Արխիվ
21.10.2019  19:32

Բարսեղյան. ««Արարատ-Արմենիան» 10 հոգով կարող էր նաև հաղթել, բայց 3 միավոր վաստակեցինք»

Հայաստանի Բարձրագույն խմբի 11-րդ տուրում «Գանձասար-Կապանը» դաշտի տիրոջ կարգավիճակում մրցեց «Արարատ-Արմենիայի» հետ ու հաղթեց 2-1 հաշվով։ 

Խաղից հետո իր մեկնաբանությունը տվեց փաստաթղթերով կապանցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը։

«Շնորհավորում եմ մեզ հաղթանակի կապակցությամբ։ «Արարատ-Արմենիան» այն թիմն է, որը հարգանքի է արժանի։ Ունեն որակյալ ֆուտբոլիստներ ու մարզչական շտաբ, այնպես որ նրանց հետ խաղալը շատ դժվար է։ Ապրեն մեր տղաները, որ կարողացան հաղթել։

Մենք հանդիպումից առաջ պլանավորել էինք խաղալ պաշտպանական ֆուտբոլ։ Շեշտը դրված էր հակագրոհների վրա։ Առաջին գոլային գրոհի դրվագում մարզչի տակտիկական հնարամտությունն աշխատեց։ Մարզչական շտաբն այն, ինչ ծրագրավորել էր՝ ստացվեց։ Մենք շարունակեցինք նման կերպ խաղալ անգամ այն դեպքում, երբ մրցակիցը մնաց 10 հոգով, որովհետև մեզ պետք էր կարգապահություն։ Մրցակիցը երկրորդ հարձակվողին մտցրեց դաշտ և պետք է կոմպակտ խաղայինք, հակառակորդին զրկեինք տարածությունից, փոխօգնության հասնեինք միմյանց ու հնարավորության դեպքում հակագրոհներ իրականացնեինք։ 

Արման Հովհաննիսյանը սայթաքեց և անկյունայինից մրցակիցը կարողացավ գոլ խփել, բայց հակագրոհ անցկացրեցինք, Գեղամ Հարությունյանը գրագետ փոխանցում կատարեց և հաղթական գոլ խփեցինք։ Տղաները կատարեցին մարզչի առաջադրանքները և սա երկուստեք աշխատանքի արդյունք էր։ 

Եթե 1-1 ավարտվեր հանդիպումը՝ իհարկե, կափսոսայինք, որ մեր պահերը չենք օգտագործել, բայց միշտ պետք է հաշվի առնենք, թե ով է մրցակիցը։ Նրանք անգամ 10 հոգով մեզ շատ անհանգստություններ պատճառեցին ու պահեր էին ստեղծում։ «Արարատ-Արմենիան» կարող էր նաև հաղթել։ Նրանք բարձրահասակ ֆուտբոլիստներ ունեն և ստանդարտները վտանգավոր են։ Ավելի լավ էր 1-1 ավարտվեր խաղը, քան մենք ամբողջ թիմով առաջ գնայինք ու բաց թողեինք։ Ոչ-ոքիի դեպքում չէինք մտածի, թե թիմն անհաջող է խաղացել։ Դա վատ արդյունք չէր համարվի, բայց հաղթել ենք ու 3 միավոր ենք վաստակել։ Ամեն միավորը մեծ արժեք ունի»,- Բարսեղյանի խոսքերն է մեջբերում ArmFootball-ի թղթակից Հայկ Հովհաննիսյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000