Որոնել
Արխիվ
16.10.2019  17:22

«Հայկական մյուս ակումբների համեմատ պրոգրեսիվ ենք և ունենք նոր մոտեցում». Հայկ Հովակիմյան

Հայաստանի առաջնությունում նոր տեսքով ու անունով ներկայացավ «Նոան»` նախկին «Արցախը»: Ակումբը փոխվել է գրեթե ամեն ինչով, այդ թվում՝ կազմով: «Նոան» հավակնոտ նպատակ ունի` մտնել եվրագավաթներ և տարբերվել հայկական մյուս ակումբներից: Այդ և այլ թեմաների մասին Armfootball.com-ը զրուցեց «Նոայի» մարզական տնօրեն Հայկ Հովակիմյանի հետ:

- Սկսենք «Նոայի» հետ կապված վերջին ամենաանսպասելի լուրից: Կարեն Հարությունյանը 24 տարեկանում ավարտեց կարիերան: Նա ինչպե՞ս հիմնավորեց այդ որոշումը:

- Իր վերջին խաղից առաջ մոտեցել էր մարզչին ու ղեկավարներին և տեղեկացրել կարիերան ավարտելու ցանկության մասին: Նշել է, որ ամուսնանում է: Որքան հասկացանք, տեղափոխվելու է Ռուսաստան և այնտեղ է պատկերացնում իր ապագա կյանքը: Մենք հարգանքով ընդունեցինք նրա որոշումը և ամբողջ անձնակազմով, մարզման ժամանակ նրան հրաժեշտ տվեցինք: Կմնանք կապի մեջ և, եթե նա ապագայում ցանկություն ունենա վերսկսել կարիերան, ուրախ կլինենք նրան տեսնել մեր կազմում:

- Տարօրինակ ու զարմանալի չե՞ք համարում, որ այլ երկիր տեղափոխվելը կարիերան ավարտելու պատճառ է դարձել: Չե՞ք կարծում, որ դա ազատ գործակալի կարգավիճակ ստանալու միջոց կարող է դառնալ:

- Ոչ, մենք Կարենի հետ արդեն 2 տարի համագործակցում էինք: Լավ հարաբերությունների մեջ ենք: Ինձ թվում է, դա նրա համար ծանր որոշում էր: Նրան հաջողոթյուն ենք մաղթում իր կյանքի նոր փուլում:

- Նրա հեռանալն ինչպե՞ս կազդի թիմի ներուժի վրա:

- Իհարկե, մեր ցանկացած ֆուտբոլիստի հեռանալը թիմը թուլացնում է: Աշխատում ենք սելեկցիայի վրա: Ձմռանը կոնկրետ դիրքերի համար 3-4 համալրումներ կլինեն: Կարենը կարևոր խաղացող էր, բայց կարծում եմ ապագայում նրա բացը կլրացնենք: Նա բավականին լավ էր փոխարինման մտնելիս ուժեղացնում թիմի կազմը, մեր ջոկերն էր:

- Նշեցիք ապագա տրանսֆերների մասին: Ներկայիս կազմից որքանո՞վ եք գոհ:

- Դեռ մեր որևէ խաղում նախորդ հանդիպման մեկնարկային կազմը չի կրկնվել: Մեզ մոտ խաղում են այն տղաները, ովքեր շաբաթվա ընթացքում կայացած մարզումային ժամանակահատվածում իրենց լավագույն կողմերով են դրսևորում: Այն կազմը, որ այժմ ունենք, մարզչին գոհացնում է: Պարզ է, որ մեր առջև դրված եվրագավաթային ուղեգրի համար ձմռանը կազմն ավելի կուժեղացվի, բնականաբար, մարզչի հետ քննարկումից հետո:

- Ամռանը «Նոան» 16 նորեկ ունեցավ: Կայի՞ն այլ ֆուտբոլիստներ, որոնց ցանկանում էիք հրավիրել, բայց չստացվեց:

- Մեր ժամանակը շատ սուղ էր: Մարզիչը մեկ ամիս ուներ ֆուտբոլիստների հետ ծանոթանալու համար, իսկ նորեկներն էլ շատ ուշ էին միացել թիմին: Պարզ է, որ այն թիմում, որտեղ նորեկները շատ են, ավելի շատ ժամանակ է հարկավոր նրանց համագործակցությունն ամրապնդելու համար: Մեզ համար առաջիկա 7 խաղերը (մինչև ձմեռ) շատ կարևոր են, հարկավոր է հնարավորինս բարձր դիրք գրավել: Իսկ չկայացած տրանսֆերների վերաբերյալ նշեմ, որ փորձարկումներ կատարեցինք Վրաստանում կայացած հավաքի ժամանակ, բայց նրանց որակները չբավարարեցին: Բոլոր նրանց, որոնք ցանկանում էինք հրավիրել, հիմա մեր թիմում են:

- Թիմից նաև 15 ֆուտբոլիստ հեռացավ: Նրանց թվում կա՞ն խաղացողներ, որոնց հեռանալու համար զղջում եք:

- Իհարկե` կան: Այդ խաղացողները հիմա իրենց լավ են դրսևորում Հայաստանի առաջնության այլ թիմերում: Սխալ կլինի անուններ նշել:

- Ակումբի պաշտոնական էջում նշված է, որ «թիմը համալրված է բարձրակարգ լեգիոներներով»: Համաձա՞յն եք այդ ձևակերպման հետ:

- Կախված է, թե որ ակումբի կամ երկրի լեգիոներների հետ ենք համեմատում:

- Օրինակ` Հայաստանի առաջնության: «Արարատ-Արմենիայի» համեմատ…

- Մենք չունենք այդպիսի ֆինանսներ, բյուջեների ահռելի տարբերություն կա: Փորձում ենք բարձակարգ լեգիոներներ բերել ըստ նրանց գնի, որոնք ամենակարևորը` մեզ օգուտ կտան: Եթե եվրագավաթներում հայտնվելու մեր նպատակին հասնենք, կարծում եմ, մեզ մոտ էլ այդ ուղղությամբ փոփոխություններ կլինեն:

- Ինչո՞ւ են լեգիոներները հիմնականում Ռուսաստանից:

- Որովհետև մեր մարզչական շտաբը ռուսախոս է, իսկ մեր գլխավոր մարզիչն աշխատում էր «Կրասնոդարի» երկրորդ թիմում: Այնտեղ նա լավ կապեր ունի և ճիշտ է գտնում այնտեղից ֆուտբոլիստներ հրավիրել:

- Այսինքն, շատերին հենց նրա՞ խորհրդով եք ձեռք բերել:

- Այո: Նրա ու սելեկցիոն բաժնի հետ քննարկումներից հետո այդ ֆուտբոլիստներին հրավիրել ենք մեր թիմ:

- «Նոայի» նորեկներից միայն Դավիթ Մանոյանն է, որ եկել է տվյալ երկրի ուժեղագույն լիգայի թիմից: Մյուս բոլոր խաղացողները՝ տարբեր երկրների ցածր լիգաներից: Կարծում եք Հայաստանի առաջնությունն այնքան բարձր մակարդակի չէ՞, որ կարելի է ցածր լիգայից խաղացող բերել և այստեղ արդյունքի՞ հասնել:

- Մեր հրավիրած ֆուտբոլիստների մեծ մասը Ռուսաստանի՝ ուժով երկրորդ լիգայից են (ФНЛ): Նույն Լավրիշևը, թե և ПФЛ-ից երիտասարդ է ու լավագույն ռմբարկուներից էր: Նրա հետ հույսեր ենք կապում: Ինձ թվում է՝ ФНЛ-ի մակարդակը համարժեք է Հայաստանի առաջնությանը:

- «Նոայի» շնորհանդեսի ժամանակ նաև հայտարարվեց, որ թիմը լինելու է մրցունակ ու դիտարժան խաղ է ցուցադրելու: Արդեն կարող ենք փաստել, որ իսկապես մրցունակ է, որովհետև բոլոր մրցակիցների գրեթե հավասար պայքար է մղում: Բայց արդյո՞ք խաղը դիտարժան է:

- Մենք աճելու տեղ ունենք: Կարծում եմ` ցուցադրած խաղը մեր ամբողջ պոտենցիալի չափ չէ: Նշեցի, որ նորեկները շատ են, մրցակցությունը մեծ է: Մարզումների ժամանակ տեսնում եմ մարզչական շտաբի աշխատանքը և համոզված եմ, որ ավելացնելու են: Խաղալու ենք արագ ու կոմբինացիոն ֆուտբոլ, որովհետև մեր մարզիչը նախկինում հարձակվող է եղել, նրան այդ ֆուտբոլն է հոգեհարազատ:

- Իգոր Պիկուշչակը, փաստացի, գլխավոր մարզիչն է, բայց այդ պաշտոնում նրա օգնական Վադիմ Բորեցն է նշված: Դա ակումբին խանգարո՞ւմ է, թե՞ միայն լրագրողներին է խանգարում:

- Բացարձակ, մեզ չի խանգարում: Նման փոխատեղման պատճառը արտոնագրի բացակայությունն է:

- Պիկուշչակը ե՞րբ է Պրո կարգի արտոնագիր ստանալու: Հատկապես, հաշվի առնելով, որ դա նաև Հայաստանում են տալիս:

- Նա Ռուսաստանում է ստանալու: Սպասվում է մինչև տարևերջ կամ գարնանը:

- «Նոան» մտադիր է ընթացիկ մրցաշրջանի արդյուքններով եվրագավաթների ուղեգիր նվաճել: Հաշվի առնելով թիմի ներուժը և մրցակիցներին, դա իրակա՞ն նպատակ եք համարում:

- Մենք երիտասարդ թիմ ենք և լուրջ հավակնություններ ունենք: Նվազագույն նպատակը մինչև ձմեռ թոփ-6-ում լինելն է, ինչում համոզված ենք: Այդ ժամանակ կուժեղացնենք կազմը: Եթե եվրագավաթում հանդես գալու նպատակ չդնենք, ակումբի գոյության իմաստը չեմ հասկանա:

- Իսկ, եթե չլինեք լավագույն վեցնյակում, դա կխանգարի՞ թիմի կազմի ուժեղացմանը:

- Չեմ կարծում, թե կխանգարի, բայց այդ մասին չեմ ուզում մտածել: Մենք մտադիր ենք լավագույն եռյակում տեղ գրավել կամ գավաթը նվաճել:

- Մեջբերում՝ ակումբի պաշտոնական հայտարարությունից. «Հիմնավորապես վերանայվեցին թիմի զարգացման տեսլականը և նպատակները, ընտրվեցին աշխանքի լրիվ նոր մոտեցումեր և սկզբունքներ»: Սա ի՞նչ է նշանակում:

- Դա նշանակում է, որ շատ լուրջ փոփոխություններ են կատարվել: Ակումբն ունի նոր անուն, սեփականտերեր և նպատակներ: «Նոան» ոչ միայն ֆուտբոլային ակումբ է, այլ նաև լեյբլ: Փորձում ենք սպորտը և երաժշտությունը մեկ նավի մեջ տանելով հասնել մեր նպատակին: Սա մեծ կազմակերպություն է:

- Կարո՞ղ եք օրինակներ բերել, որ ֆուտբոլ-երաժշտություն համագործակցությունը ձեզ իրական օգուտ է բերել:

- Այո, Նոա-ֆեստը: Այդ համերգի ժամանակ կայացավ ակումբի շնորհանդեսը:

- Դա ինչ-որ կերպ ազդե՞ց «Նոայի» ճանաչելիության վրա:

- Այո, Instagram-ում մեր հետևողների թիվը բավականին շատացավ…

- Ի դեպ, զարմանալի էր, որ Ինստագրամի ձեր էջում հետևորդներն ավելի շատ են, քան Facebook-ում: Ես նման բան դեռ չէի տեսել:

- Մեր սոցցանցերը շատ ակտիվ են: Instagram-ի մեր էջը շատ լավ է աշխատում: Նաև օրերս բացել ենք թվիթերյան էջ: Ունենք նաև պաշտոնական կայք: Դեռ փորձնական ռեժիմում է:

- Վերադառնալով «աշխանքի լրիվ նոր մոտեցումեր և սկզբունքներ» խոսքերին: Ինչո՞վ եք տարբերվում հայկական մյուս ակումբներից:

- Մենք պրոգրեսիվ ենք մտածում: Մենք երիտասարդ թիմ ենք, երիտասարդ ղեկավար կազմով: Մենք ամբիցիոզ ենք ու նոր մոտեցումներ ենք կիրառում: Փորձում ենք ինտերակտիվ լինել: Մեր ակումբը կազմակերպում է միջոցառումներ, երկրպագուների հետ ենք հանդիպելու, ֆուտբոլիստները լինելու են բոլորի համար ազատ… Չեմ ուզում բոլոր խաղաքարերը բացել:

- Դուք Legal Sport-ում էիք աշխատում: Ինչպե՞ս առաջացավ «Նոա» տեղափոխվելու տարբերակը և ինչո՞ւ այն ընդունեցիք:

- Երկու տարի սկաուտ էի աշխատում Legal Sport-ում և դա ինձ համար շատ մեծ փորձ էր: Ուզում էի պատրաստ լինել հաջորդ քայլին և ինձ համար միշտ հետաքրքիր էր ֆուտբոլի մյուս կողմը`  ֆուտբոլային ակումբի ներսը: Ունեի առաջարկ նաև հայկական այլ ակումբից, որի անունը չեմ ուզում նշել: Երեք անգամ հանդիպեցի «Նոայի» սեփականտիրոջ և ղեկավարության հետ: Երկար քննարկումների ժամանակ հասկացանք, որ մեր մտքերը համընկնում են: Առաջարկվեց սպորտային տնօրենի պաշտոնը: Ինձ համար, իրոք, մեծ քայլ էր և ջանք չեմ խնայի «Նոային» օգնելու համար: Համոզված եմ` մեր համագործակցությունը երկար կլինի:

- Մարզական տնօրենի պաշտոնում ձեր աշխատանքային պրոցեսնն ինչի՞ց է բաղկացած:

- Սկսենք նրանից, որ ամեն օր ներկա եմ լինում թիմի մարզումներին: Բացի դրանից, կապ եմ հաստատում մարզչի ու ֆուտբոլիստների միջև: Ամեն ինչ անում եմ, որ թիմի ներսում մթնոլորտն առավելագույն լավը լինի: Նաև, զբաղվում եմ խաղացողների պայմանագրերով, նրանց կենցաղային հարցրով… Քանի որ սա նոր թիմ է` յուրաքանչյուր հարցով, որ կարող եմ օգտակար լինել, փորձում եմ դա անել:

- Կենցաղային հարցերի վերաբերյալ: Ակու՞մբն է ֆուտբոլիստների համար տուն վարձում և վճարում:

- Այո:

- Հաշվի առնելով Ձեր լավ ծանոթությունը, համագործակցո՞ւմ եք Legal Sport-ի հետ:

- Առայժմ՝ ոչ: Ցանկանում եմ հատուկ նշել` շատ շնորհակալ եմ Legal Sport-ին: Նրանք ինձ ուղարկել են միջազգային դասընթացների: «Լեգալն» իսկապես զբաղվում է հայկական ֆուտբոլի զարգացմամբ ու մտահոգված է նրա ապագայով: Մանկապատանեկան ֆուտբոլը շատ լուրջ սկաուտինգի է ենաթարկել: Ինձ համար համար մեծ պատիվ ու փորձ էր, որ ամեն օր նստում էի լեգենդար Կարեն Դոխոյանի հետ, դիտում էինք ֆուտբոլիստների ուժեղ ու թույլ կողմերը, փորձում գտնել տաղանդներ և հասկանալ նրանց հեռանկարը…  Նրան շատ շնորհակալ եմ: Մենք մինչև այսօր շփվում ենք: Կարելի է ասել` ընտանիք ենք դարձել:

- Այդ գործակալությունում ինչի՞ համար էիք պատասխանատու:

- Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Սլովենիայի և Հունգարիայի առաջնությունների սկաուտն էի: Ունեմ ֆուտբոլիստների մեծ բազա: Հուսով եմ` ապագայում կկարողանամ օգտագործել այն և «Նոայի» համար խաղացողներ կբերեմ, ովքեր կուժեղացնեն մեզ: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում սկաուտինգին:

- Ձեր տեսադաշտում գտնված այդ բազայում քանի՞ ֆուտբոլիստ կար:

- Գրեթե՝ 1000: Յուրաքանչյուր այդ ֆուտբոլիստների համար տվյալները հավաքված են ինձ մոտ: Կան նրանց անձնական ունակություններն ու կոնտակտները, նրանց գործակալներինը…

- Ներկայումս «Նոան» խաղում է «Նաիրի» ստադիոնում, իսկ մարզվում՝ Աշտարակում: Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում մշտական ստադիոն ունենալու վերաբերյալ:

- Հիմա վերջնական բանակցությունների փուլում ենք «Միկա» մարզադաշտի վերաբերյալ: Հավանաբար, մյուս մրցաշրջանից տնային խաղերն արդեն այնտեղ կանցկացնենք:

- Բանակցում եք ստադիոնը գնելո՞ւ, թե՞ վարձակալելու շուրջ:

- Երկարաժամկետ՝ վարձակալելու:

- Այդ ստադիոնը շատ խնդիրների լուծում է պահանջում, հատկապես խոտածածկի հարցում: Որքա՞ն ծախսեր պետք է կատարեք, որ այն լավ տեսքի բերեք:

- Խոսքը մեծ գումարների մասին է: Մենք ուզում ենք ամբողջ համալիրը կարգի բերել, ինչի համար ժամանակ է հարկավոր: Այդ պատճառով եմ ասում, որ, հավանաբար, միայն հաջորդ մրցաշրջանից կսկսենք այնտեղ խաղալ: Վերանորոգման մեծ աշխատանքներ կան: Եթե այդ մարզադաշտը վերցնում ենք, ուրեմն պետք է այնպես անենք, որ երկրպագուներին հաճելի լինի այնտեղ հաճախել: Մենք պրոգրեսիվ ակումբ ենք: Խաղերից առաջ էլ լինելու են միջոցառումներ, որպեսզի կարողանանք մարդկանց բերել ստադիոն:

- Վստա՞հ եք, որ հենց ձեր ներկայացրած նախագիծն է ՀՖՖ-ն ընտրելու:

- Կարելի է ասել` արդեն «Նոային» են ընտրել: Մնում են թղթաբանական հարցերը: Մոտ ապագայում այդ հարցը կլուծվի:

- Իսկ մանկապատանեկան մարզադպրոց նու՞յնպես հիմնելու եք:

- Իհարկե: Դա մեր հիմնական խնդիրն է, որը հասկանում ենք ու այդ ուղղությամբ աշխատում: Չենք կարող մեր թիմը համալրել հայ ֆուտբոլիստներով, մինչև չունենանք մեր սաները: Այդ պատճառով, հիմա, կարելի է ասել, ստիպված ենք խաղում շատ լեգիոներներով, որովհետև չունենք մեր ակադեմիան:  Հույս ունենք` մի քանի տարում այդ հարցը կլուծենք:

- Որտե՞ղ է լինելու այդ ակադեմիան:

- «Միկա» համալիրի տարածքում:

- Այնտեղ գլխավորից բացի միայն մեկ խաղադաշտ կա:

- Այո, բայց կարծում եմ սկզբնական շրջանում կկարողանանք այնպես կազմակերպել, որ բոլոր երեխաները կարողանան այնտեղ մարզվել:


Հարցազրույցի երկրորդ մասը կներկայացնենք ավելի ուշ

 

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000