Որոնել
Արխիվ
12.10.2019  00:45

Գյուլբուդաղյանց. «Մեր թիմի ուղեղը չի խաղալու, բայց հուսով եմ՝ կազմակերպված հանդես կգանք»

Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 7-րդ տուրում հոկտեմբերի 12-ին արտագնա հանդիպում կանցկացնի Լիխտենշտեյնի հետ։ 

Նախախաղային մամուլի ասուլիս է տվել մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։

«Բացակայում են Հենրիխ Մխիթարյանը, Կամո Հովհաննիսյանը, Կառլեն Մկրտչյանը և հարցական է Արտակ Գրիգորյանի մասնակցությունը։ Մեր թիմի ավագն ու առաջնորդը, ֆուտբոլային ուղեղն ու գոլահարը բացակայելու է։ Նրա հետ ավելի վստահ, համարձակ և հարձակվողական ենք խաղում, բայց վստահ եմ, որ կհամախմբվենք, կազմակերպված կխաղանք։ 

Լիխտենշտեյնի հետ դժվար հանդիպում է լինելու։ Պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի լավ արդյունքի հասնենք։ Չենք կարող ասել, թե խաղը ոնց կդասավորվի։ Հունաստանում էլ ինձ հարցրեցին, թե ինչու այդքան շատ էներգիա ծախսեցինք Լիխտենշտեյնի հետ խաղում և ես ասացի, որ 2-0-ի ժամանակ մրցակիցը 3 վտանգավոր պահեր ստեղծեց։ Տղաներն այդ խաղում մինչև վերջ տրվեցին։ Ցանկանում ենք քիչ ուժեր ծախսել, բայց այժմ կենտրոնացած ենք միայն այս խաղի վրա, որպեսզի լավ արդյունք գրանցենք։ 

Մենք 2-3 փոքր վնասվածքներ էլ ունենք և այսօր մարզումներից հետո կխորհրդակցենք բժիշկների հետ։ Կազմի հետ կապված վերջնական որոշում կկայացնենք վաղը։ Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի Կամոն հասցնի ապաքինվել Ֆինլանդիայի հետ խաղի համար։ Գիտեք, թե նա ինչ ուժ է մեզ համար։ Կամոն մեր շարժիչ ուժն է և նրա ոգին մեզ պետք կգա Ֆինլանդիայում։ 

Իտալիայի հետ խաղում Սարգիս Ադամյանը մտավ փոխարինման և լավ տպավորություն թողեց։ Կարծես, նա 30-35 րոպե անցկացրեց դաշտում։ Հետո, նա խաղաց Բոսնիայի դեմ և շատ լավ տպավորություն թողեց։ Ազգովի ուրախացանք, որ Սարգիսը նման մեծ հաջողության հասավ և, կարծեմ, ճանաչվեց տուրի լավագույն ֆուտբոլիստ (նա դուբլ ձևակերպեց «Հոֆենհայմի» կազմում՝ «Բավարիայի» դարպասը)։ Նրան շնորհավորեցինք ամբողջ թիմով և վստահ եմ, որ մեծ ոգևորությամբ կխաղա։ Նա նույնպես ունի առաջնորդի լավ որակներ և ամբողջովին կտրվի խաղին, որպեսզի հասնենք հաջողության։

Մարկոս Պիզելիի մարզավիճակի մասին բան չեմ կարող ասել, խաղը ցույց կտա։ Մենք 2-3 մարզում ենք անցկացրել, այն էլ՝ ավելի շատ՝ վերականգնողական։ Հավատում եմ, որ Մարկոսի փորձը մեզ պետք կգա։

Գոռ Մալաքյանն արդեն մեկ ամիս լավ մարզավիճակում է։ Նա լավ խաղ է ցուցադրում և հավատում եմ, որ մեծ օգուտ կտա մեր հավաքականին։

Մխիթարյանը վաղը ներկա չի լինի խաղին, որովհետև բուժման գործընթացի մեջ է։ Նույնիսկ, նրան ներարկում էին արել այդ ցավոտ տեղի վրա։ Ես Հենրիխի հետ արդեն զրուցել եմ։ Նա տղաներին քաջալերում է, զրուցում է նրանց հետ։ Նա կլավանա ու մեզ պետք կգա Հունաստանի հետ խաղում։ 

Հավաքականի դռները բոլորի առջև բաց են։ Միայն մարզավիճակ ունենալը բավարար չէ, ամեն ինչ կախված է մարտավարությունից, թե ինչքան տվյալ ֆուտբոլիստը պետ կգա հավաքականին։ Կապ չունի, թե ով որ տարիքում է։ Բոլորն էլ շանս ունեն հավաքական հրավիրվելու»,- ասել է Գյուլբուդաղյանցը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000