Որոնել
Արխիվ
04.10.2019  20:48

«Եթե դրոնն ընկներ՝ մտնելու էինք խաղադաշտ». Պատմում է Արցախի դրոշով ակցիայի կազմակերպիչը

Եվրոպա լիգայի խմբային փուլի «Դյուդելանժ» – «Քարաբաղ» հանդիպման առաջին խաղակեսն ընդհատվել է, երբ խաղադաշտի վրա անօդաչու սարքին ամրացված հայտնվել է Արցախի դրոշը: Ադրբեջանցիները դրոնին գնդակով խփելու անհաջող փորձերից հետո գնացել են հանդերձարան, ապա 20 րոպե հետո խաղը շարունակվել է: Այդ համարձակ ակցիան կազմակերպել է Սպարտակ Ադամյանը, ով հայտնի էր դարձել «Արսենալ» – «Քարաբաղ» խաղում Արցախի դրոշով խաղադաշտ մտնելով: ArmFootball.com-ի հետ հարցազրույցում Սպարտակը պատմեց, թե ինչպես է նախապատրաստել ու իրագործել երեկվա ակցիան:

- Ինչպե՞ս առաջացավ այդ ակցիայի միտքը:

- Օգոստոսի վերջից էի ծրագրել, երբ կայացավ խմբային փուլի վիճակահանությունը: Հենց սկզբից էլ որոշել էի «Արցախի» դրոշն անօդաչու սարքով (դրոն) ուղարկել ստադիոն:

- Դժվա՞ր էր կազմակերպել:

- Հասկանում էի, որ 3-4 մարդու օգնություն է հարկավոր: Դրոնը կառավարելու փորձ չունեմ: Այդ պատճառով, գտա Բելգիայում բնակվող մասնագետ, ով լավ փորձ ուներ և նրան ծանոթ էի: Նա նույնպես հայ է, բոլոր չորսս էլ հայ էինք: Գիտեի, որ դրոնի մասնագետը` Վարդանը, հայրենասեր տղա է, նա արագ համաձայնվեց:

- Մյուս երկու մասնակիցներն ինչո՞ւ էին հարկավոր:

- Նրանցից մեկը մնացել էր դրոնը կառավրողի հետ, որ օգներ նրան: Մյուս երկուսը` ես ու ևս մեկ տղա, ստադիոնում էինք, որ նկարեինք: Բացի այդ, մենք պետք է պատրաստ լինեինք, որ, եթե Աստված չանի, դրոնի հետ ինչ-որ բան պատահեր ու դրոշը ընկներ ազերների մոտ, շուտ մտնեինք դաշտ ու վերցնեինք այն: Չպետք է թույլ տայինք նրանք նույնիսկ դիպչեին մեր դրոշին:

- Իսկ դրոնը որտեղի՞ց էր կառավարվում:

- Ստադիոնի հարևանությամբ դատարկ շենք կար: Դրա տանիքի վրա էին: Այնտեղից էլ թռավ սարքը:

- Այդ ամենը մանրակրկիտ պատրաստություն է պահանջում: Մինչև այդ փորձարկե՞լ էիք:

- Այո, դատարկ տարածքներում ու դաշտավայրում:

- Դրոշը ստադիոնում հայտնվեց առաջին խաղակեսի միջնամասում: Հենց այդպե՞ս էիք ծրագրել:

- Մտադիր էինք 20-25 րոպեների ընթացքում ակցիան սկսել, բայց մի փոքր հետաձգվեց: Սպասվածից մոտ 10 րոպե շատ ժամանակ էր հարկավոր, որ դրոնը տաքանա: Բացի այդ, ադրբեջանական թիմը խաղը լավ էր սկսել, գոլ խփել ու երևում էր, որ մոտ է նաև երկրորդ գոլին: Հենց այդ երկրորդ գոլը եղավ, սկսեցինք: Այդպես նաև նրանց ուրախության ժամանակ հակառակ էֆեկտը եղավ: 

- Ինչպե՞ս ավարտվեց ակցիան:

- Տեսանք, որ նրանք հասկացել են, թե որտեղից է դրոնը կառավարվում և մարդիկ ուղարկեցին այնտեղ: Մենք հեռախոսով տեղյակ պահեցինք մերոնց, ովքեր շուտ հետ կանչեցին դրոնը և հասցրեցին մեքենայով փախչել անվտանգության աշխատակիցներից: Դրանից անմիջապես հետո էլ մենք ստադիոնից դուրս եկանք: Մոտ 15-20 րոպե բաժանված էինք մյուս երկուսից: Հենց տեսանք, որ ամեն ինչ հանդարտվել է՝ կրկին միացանք:

- Ադրբեջանցի ֆանատները ստադիոնում ինչպե՞ս արձագանքեցին ակցիային:

- Կատաղած էին, ուզում էին դաշտ մտնել: Հատկապես հաճելի էր, որ նրանց թիմի ավագ Սադիկովն ու գլխավոր մարզիչը հունից դուրս էին եկել:

- Ստադիոնում մուտքի կամ ելքի խնդիրներ չառաջացա՞ն:

- Տոմս գնելու ժամանակ միայն հարցրեցին՝ արդյո՞ք հայ ենք: Ասացինք` ոչ: Հետո հարցրեցին` արդյոք Ադրբեջանի՞ց ենք, որովհետև «Դյուդելանժի» երկրպագուների հետ էինք: Ասացինք՝ ոչ, Բելգիայից ենք: Դրանից հետո նշեցին, որ խնդիր չկա:

- «Էմիրեյթս» ստադիոնում «Արսենալ» – «Քարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով խաղադաշտ մտնելիս դուք ձեր քայլը հիմնավորեցիք այդ թիմերի` Բաքվում կայանալիք խաղին Հենրիխ Մխիթարյաին մասնակցել թույլ չտալով: Երեկվա ակցիայի նպատակը ո՞րն էր:

- Այն որ ադրբեջանցիներն իմանան` իրենց թիմի անունը ոչինչ չի ներկայացնում: Արցախը կամ, ինչպես նրանք են ասում, Ղարաբաղը, նրանցը չէ: Նրանք մեզ են ասում՝ իբր քաղաքականությունը սպորտին ենք խառնում, բայց հենց նրանք են իրենց թիմի անունը դրել հայերի երկրի անունով: Մյուս պատճառը նաև այն էր, որ նրանց քաղաքականության պատճառով Հենրիխ Մխիթարյանը զրկվեց Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելուց:

- Այս անգամ կրկի՞ն սոցալական ցանցերում Ձեր էջերի վրա ադրբեջանցիների կողմից հարձակում է եղել:

- Երեկ մի պահ եղավ: Այսօր էլ քնից արթնանալուց հետո տեսա, որ մոտ 80 մարդ Facebook-ում ընկերության հայտ է ուղարկել, որոնցից մոտ 70 տոկոսն ադրբեջանցի են:

- Այն, որ «Դյուդելանժը» հետագա պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիային», դա որևէ կերպ ազդե՞լ էր ակցիան նրանց ստադիոնում անցկացնելու վրա:

- Ոչ, բացարձակ կապ չունի: Լյուքսեմբուրգը մոտ է Բելգիային, որտեղ ես բնակվում եմ: Այստեղին մոտակա բոլոր երկրներում, որտեղ էլ ադրբեջանցիները խաղան, անպայման ակցիա եմ կազմակերպելու: Չեմ թողնելու, որ հանգիստ լինեն: Պետք է նրանց սարսափը դառնամ: Կարևոր է, որ ամբողջ աշխարհն իմանա` Արցախը նրանցը չէ:


Վերջում կուզեի կրկին շնորհակալություն հայտնել անօդաչու սարքը կառավորող Վարդանին: Եթե նա չլիներ, այդպիսի դուխ չունենար, այս ակցիան չէինք կարող իրագործել: Շնորհակալ եմ նաև մյուս մասնակիցներին: Ճիշտ է, կազմակերպիչը ես էի, բայց իսկական հերոսները նրանք են:

 

Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000