Որոնել
Արխիվ
29.08.2019  10:36

3 միլիոն եվրոյի խաղ կամ ինչպես «Արարատ-Արմենիան» կփոխի հայկական ֆուտբոլը

Այսօր` օգոտսոսի 29-ին կայանալու է եվրագավաթներում հայկական ակումբային ֆուտբոլի նորանկախ պատմության ամենակարևոր խաղը: Եվրոպա լիգայի որակավորման վերջին` փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին», որին Երևանում հաղթել է 2:1 հաշվով: Չպարտվելու կամ ձեռնտու հաշվով մրցակցին զիջելու դեպքում «Արարատ-Արմենիան» կդառնա Հայաստանի առաջին թիմը, որը կհայտնվի եվրագավաթների խմբային փուլում:

Բացի գլխավորից` մարզական հաջողությունից, առկա է նաև մեր ակումբների համար անախադեպ գումար վաստակելու հնարավորություն: Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում ընթացիկ մասնակցության շնորհիվ  «Արարատ-Արմենիան» արդեն 1 միլիոն 80 հազար եվրո գումար է վաստակել: Երևանցիներն արդեն ևս 300 հազար եվրո ապահոված ունեն, եթե չանցնեն խմբային փուլ:

Իսկ ահա խմբային փուլ մտնելու դեպքում հայկական ակումբային ֆուտբոլի համար չտեսնված փողերի կհանդիպենք: Այդ փուլում հայտնվելու համար յուրաքանչյուր 48 ակումբները ստանալու են 2,92 միլիոն եվրո (2,75 մլն անմիջապես, իսկ մնացածը` հետագայում): Դա նշանակում է, որ «Արարատ-Արմենիան» մեկ հաջող խաղի դեպքում կհարստանա մոտ 3 միլիոն եվրոյով (չհաշված այն 1 միլիոնը, որն արդեն վաստակել է): Այո, ակումբի սեփականատեր, միլարդատեր Սամվել Կարապետյանի համար դա մեծ գումար չէ, սակայն օրինական կերպով վաստակած պարգևավճարների տեսանկյունից դա հսկայական նշանակություն ունի:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` «Արարատ-Արմենիայի» տարեկան բյուջեն տատանվում է 1,5-2 միլիոն եվրոյի սահմանում: Եվ եթե իր գործունեության առաջին իսկ տարում ակումբը կարողանա կրկնակի/եռակի շատ վաստակել, դա մեծ ազդանշան կլինի բոլոր հայկական ակումբների համար, որ հայկական ֆուտբոլը դա չի նշանակում` բարեգործություն, առանց եկամուտի բիզնես, անհիմն ծախսեր…   Մեր ակումբներից ո՞վ չի ուզենա հայտնվել Վարդան Մինասյանի գլխավորած թիմի տեղում, նույնպես եկամտաբեր դառնալ և ինչու ոչ զարգացնել հաջողությունը` հայտնվել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, որտեղ Եվրոպա լիգայի համեմատ գանձերի կղզի է:

Արդեն հիմա հայկական մի շարք ակումբներ սկսել են լուրջ ներդրումներ անել: «Փյունիկը» «Արարատ-Արմենիային» գրեթե համարժեք ծախսեր է անում: Արթուր Սողոմոնյանի ակումբն ընթացիկ եվրագավաթներում վաստակեց 780 հազար եվրո, ինչը, հավանաբար, տարեկան ծախսերի նույնիսկ կեսը չէ, սակայն ցույց է տալիս, որ եկամտի աղբյուր կա, մնում է չդադարել ավելիին ձգտել և անգլիական թիմերից հնավարորինս հեռու մնալ: «Փյունիկում» հաստատ հասկանում են չեմպիոնության գինը, քանզի ինքներս տեսանք, թե եվրագավաթների վիճակագրությունում «չեմպիոնական ուղղի» հատվածում ընդգրկված թիմերին որքան բարենպաստ մրցակիցներ կարող են բաժին հասնել: Եվ այդ ամենն արդեն հիմա կարող էր «Փյունիկինը» լինել, եթե Հայաստանի նախորդ առաջնությունում չլիներ այդ 1 միավորի տարբերությունը…

Հենց այդ մեկ միավորն է, որ բոլոր ակումբներին կստիպի այսուհետ այնպես անզիջում խաղալ, որ առաջնության մակարդակն ինքնաբերաբար կսկսի ավելի ու ավելի բարձրանալ:

Մյուս ակումբները նույնպես պատրաստ են ծախսերի: «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը վաղուց է իր անձնական փորձով ծանոթ ՈւԵՖԱ-ի պարգևավճարիներին (այս տարի` 500 հազար եվրո): Բացի այդ շատ անզիջում բնավորություն ունի: Նա անկախ ամեն ինչից փորձում է լավագույն թիմն ունենալ և դրա համար միշտ որակյալ ֆուտբոլիստներ հրավիրել: Այլ հարց է, թե որքան հաճախ է դա հաջողվում:

«Ուրարտուն» եվրագավաթներում հերթական ձախողումից հետո կրկին որոշ ժամանակով փչացրեց իր հեղինակությունը չեզոք ֆուտբոլասերների շրջանում, բայց հաջողության, որակյալ լեգիոներների ու ակադեմիայի սաների հաջող գործածման դեպքում անմիջապես կարող է վերադարձնել հավատքը: Հենց «Ուրարտուն» համարձակվեց հայկական ֆուտբոլում առաջինը տոմսերը գումարով վաճառել, այլ ոչ թե նվիրել կամ դռները բաց թողնել: Այդ տոմսերի գներն ընդամենը 200-500 դրամ են, ակումբին ներկայումս առանձնապես եկամուտ չեն բերում, սակայն կարևոր է շատ մարդկանց մտածելակերպը փոխել: Պետք է գիտակցության մեջ ֆուտբոլը նույնպես վճարովի լինի, ինչպես ցանկացած այլ ժամանցային միջոց` կինո, համերգ, ինտերնետ, լողավազան, սրճարան… Եթե չես վճարում, չես կարող պահանջել:

«Նոան» նույնպես արդեն սկսել է լուրջ գումարներ ծախսել: Շշուկներ կան, որ ակումբում նվազագույն աշխատավարձը 1500 դոլար է, իսկ ղեկավարությունը դեռ մեկ տարի առաջ էր խոստացել գումար չխնայել ուժեղ թիմ ստեղծելու համար: Ակումբի շնորհանդեսից ու պաշտոնապես հայտարարված հավակնություններից երևում է, որ «Նոան» մեծ նշանակություն է տալիս իմիջին, հավակնոտ է և պատրաստ է ծախսել:

«Արարատի» ղեկավարները միշտ շատ փող են ունեցել, սակայն կադրային անսահման փոփոխությունների պատճառով ակումբը վերջին տարիներին այդպես էլ չի կարողացել ամուր թիմ կառուցել: Այժմ Վալերի Հովհաննիսյանը կարողացել է նվազագույնը կրկնել իր` «Ուլիսի» հաջող մեկնարկը: Հույս կա, որ այս անգամ ուլիսիցիների պատմությունը չի կրկնվի, որովհետև «Արարատը» ֆինանսական տեսանկյունից ամուր կանգնած է շվեյցարական ժամերի վրա: Վստահորեն կարելի է ասել, որ եթե «Արարատը» եվրագավաթներում հայտնվի և մինչև այդ Վալերի Հովհաննիսյանը թիմում լինի, նա կկարողանա լայն կապերի շնորհիվ այնպիսի ֆուտբոլիստներ բերել Հայաստան, որ Եվգենի Մակեևն այլևս հնչեղ անուն չի թվա:

«Լոռին» շարունակում է ֆուտբոլիստների վաճառքի քաղաքականութունը, և արդեն գրեթե իր տարեկան բյուջեի 2/3 մասի գումարով ֆուտբոլիստ ուղարկում Ֆրանսիայի հեղինակավոր ակումբ: Վանաձորցիներն էլ արդեն գտել են իրենց եկամտի աղբյուրը, որը եթե կարողանան համատեղեն եվրագավաթների հետ, հայկական «Պորտու» կամ «Բենֆիկա» կդառնան:

«Շիրակն» ու «Գանձասարը» վերջին ժամանակահատվածում մեծ գումարներ չեն ծախսում լեգիոներների վրա, սակայն հայկական կորիզով ամուր թիմեր են կառուցել, որոնք իրադարձությունների հաջող դասավորման դեպքում կարող են եվրագավաթներում հայտնվել:

«Երևանի» ու Առաջին խմբի մի քանի ակումբերի ղեկավարության ու նրանց ծրագրերի մասին դեռ շատ բան տեսանելի չէ, սակայն կարելի է վստահորեն ասել, որ նրանք նույնպես կոգևորվեն «Արարատ-Արմենիայի» օրինակով:

Մի բան պարզ է: Մեկ տարի առաջ ՀՖՖ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո մեր ակումբային ֆուտբոլում բացված հնարավորություններից հետո այժմ մոտեցել ենք  զարգացման երկրորդ փուլին:


Հ.Գ. Եթե տպավորվեցիք «Արարատ-Արմենիայի» հնարավոր պարգևավճարներով, ապա ահա տեղեկություն, թե ինչ կլինի հետագա, հնարավոր հաջողությունների դեպքում:

Խմբային փուլում յուրաքանչյուր հաղթանակը` 570 հազար եվրո, ոչ-ոքին` 190 հազար: Խմբային փուլի հաղթողի կոչումը` լրացուցիչ 1 միլիոն, երկրորդ տեղը` 500 հազար:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000