Որոնել
Արխիվ
20.07.2019  11:56

Վրացիներն իմ հայկական ազգանունին էին նայում, իսկ հայերը մտածում էին, որ վրացի եմ. «Բիզնեսմեն» Ալեքսանդր Կարապետյանի անկեղծ հարցազրույցը

«Սոչիի» նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հարցազրույց է տվել ռուսական Sport24-ին ։

Նա նորամուտն է նշել ՌՊԼ-ում՝ մասնակցելով «Սպարտակի» հետ խաղին։ Հաջորդ հանդիպումը թիմն անցկացնելու է տանը՝ «Զենիթի» հետ։

- Դուք ասում էիք, որ ունեք մի քանի ընկերություն աշխարհի տարբեր վայրերում՝ Լյուքսեմբուրգում, Դուբայում․․․ Ինչպե՞ս են ընթանում բիզնեսի գործերը հիմա։

- 2 տարի չէի կարող թողնել բիզնեսս։ Դա է պատճառը, որ չէի փոխում ակումբս։ Բայց այժմ, ես գտել եմ 2 ղեկավարներ։ Եթե ժամանակ ունենամ, կմեկնեմ ու կստուգեմ։ Կարծում եմ՝ դեռ 3-4 տարի կարող եմ ֆուտբոլ խաղալ։ Դա միակ շանսն է ինչ-որ տեղ մեկնելու։ Հետո, իհարկե, կվերադառնամ Լյուքսեմբուրգ կամ Դուբայ, և կզբաղվեմ բիզնեսի գործերով։ Այժմ ցանկանում եմ ինչ-որ բանի հասնել ֆուտբոլում։

- Բիզնեսի ի՞նչ ոլորտներ են Ձեզ հետաքրքրում։

- Ծրագրավորման ընկերություն և ուտելիքի առաքման ծառայություն ունեմ, որի անվանումն է Happy Box: Լյուքսեմբուրգում, երբ մարդը ցանկանում է սնվել, չի պատրաստում, այլ պատվիրում է ուտելիքը։

Ինձ հետաքրքրում է նաև շինարարությունը։ Ֆուտբոլից հետո ցանկանում եմ կամաց-կամաց սկսել նաև դրանով զբաղվել․ գնել տներ, քանդել դրանք և նորերը կառուցել։ Նաև հետաքրքիր է աշխատել գործակալ կամ մարզիչ։ Արդեն ունեմ ՈւԵՖԱ-ի արտոնագիր։ Այս տարի պետք է շարունակեի սովորել, բայց չստացվեց։ Սոչիում սովորելը բարդ է, որովհետև բավարար գիտելիքներ չունեմ ռուսերենից։

- Շատ ֆուտբոլիստներ իրենց բրենդերն են ստեղծում՝ հագուստներ․․․

- Այդ մասին դեռ չեմ մտածել, բայց հիմա բացում եմ իմ բարբերշոփը (վարսավիրանոց)։ Դեռ վերանորոգում եմ։ Ես ունեի պիցցայի կենտրոն, բայց այն փակվեց։

- Ինչու՞ փակվեց։

- Օրինակ, եթե խոհարարներից մեկը հիվանդ է, իսկ մյուսը՝ արձակուրդում, դա, պարզապես, գլխացավ է։ Երբեմն, 24 ժամ չես քնում և մտածում ես, թե ինչ և ինչպես անել։ Ուտելիքները ևս փչանում են։ Բարբերշոփն ավելի հեշտ է։ Ինձ նաև այլ մարդիկ են այդպես ասում։

- Արդեն շփոթվեցի Ձեր նախագծերում։ Որտեղի՞ց այդքան հետաքրքրություն՝ կապված բիզնեսի հետ։

- Սկսեցինք դրանով զբաղվել ընկերոջս հետ։ Ես հասկանում էի, որ չեմ խաղալու մինչև 80 տարեկան։ Ֆուտբոլից հետո որևէ մեկի մոտ աշխատել նույնպես չէի ցանկանում։ Ավելի լավ է աշխատես քեզ մոտ։ Ես այնքան չեմ վաստակում ֆուտբոլում, որ հետո 10 տարի ոչինչ չանեմ։

- Դուք 11 տարեկանից ապրել եք Եվրոպայում․․․

- Այո, համարյա 20 տարի։ Գերմանիայում ավարտել եմ դպրոցն ու մտադիր էի բժիշկ դառնալ, բայց ֆուտբոլի համար թողեցի դա։ Պարզապես, ես շատ էի վնասվածքներ ստանում, ընկերներս՝ նույնպես և հետաքրքիր էր, թե ինչպես է ամեն ինչ կառուցված։

- Այո, և այդ ամենից հետո դուք տեղափոխվեցիք Սոչի։

- Ես այստեղ եմ մեկ շաբաթ, և ինձ շատ-շատ դուր է գալիս։ Կուրորտային է, շատ են զբոսաշրջիկները, մարդիկ հանգստանում են։ Եվ, իհարկե, մեծ պլյուս է, որ շատ հայեր կան։ Ես այստեղ ինձ զգում եմ, ինչպես՝ տանը։ Գնացել էինք սնվելու, և ինձ միանգամից ճանաչեցին։ Ասում են․ «եղբայր, եղբայր․․․», ինչպես՝ Երևանում։ Որոշ տաքսու վարորդներ նույնիսկ գումարը չէին ցանկանում վերցնել։ Շատ հաճելի է․․․

- «Սպարտակի» հետ առաջին խաղում Ձեր թիմը լավ խաղ ցուցադրեց, բայց բաց թողեց 93-րդ րոպեին։ Ի՞նչ ասացիք միմյանց հանդերձարանում։

- Իհարկե, ուրախություն չկար։ Լավ խաղացինք, բայց վերջում գոլ ընդունեցինք։ 60-րդ րոպեից հետո հոգնել էինք, որովհետև շատ էինք պաշտպանվում։ Դրանից հետո արդեն օդը չէր հերիքում։

Հանդերձարանում տղաները, կարելի է ասել, արտասվում էին։ Մարզիչը նույնպես ասաց․ «Տղաներ, ես գոհ եմ, թե ինչպես էիք գործում։ Ցավում եմ, որ նման հաշիվ գրանցվեց։ Անարդար պարտություն գրանցվեց»։ Ժիգոն ձեռքերով մեր ավագի աչքերն էր փակում (խոսքը գոլի դրվագում կանոնների խախտման մասին է - խմբ.)։ Ափսոս, որ VAR համակարգ չկա։  Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մրցավարը դա միտումնավոր չարեց։ Ոչինչ, սա խթան է, որ ավելի շատ աշխատենք։

Տեսանք, որ կարող ենք խաղալ մեծ ակումբի դեմ։ Չնայած, անձամբ ես անհաջող հանդիպում անցկացրի։ Ես տուգանային հրապարակի ֆուտբոլիստ եմ, դա իմ տեղն է։ «Սպարտակի» հետ խաղում հիմնականում դաշտի կենտրոնում մասնակցում էի պաշտպանական գործողություններին։ Ինձ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի հարմարվեմ։ 2-3 խաղ և կցուցադրեմ ինձ։

- «Սպարտակը» Կուդրյաշովին զարմացրեց նրանով, որ առաջ չէր շարժվում․․․

- Անկեղծ ասած, այնքան էլ շատ չգիտեի ռուսական ֆուտբոլի մասին, բայց սպասում էի, որ սեփական հարկի տակ «Սպարտակը» ճնշելու է։ Առաջին խաղակեսում նրանց զարմացրեցինք։ Նրանք հասկացան, որ չենք վախենում ու վստահ ենք մեր ուժերի վրա։

- «Զենիթի» հետ ավելի բա՞րդ կլինի։

- Տանը մեզ սպասում են մեր երկրպագուները։ Նրանք խթան կհանդիսանան մեզ համար։ Երբ հետևումդ քո մարդիկ են՝ լրացուցիչ 5-10 տոկոս առավելություն է տալիս։ Հեշտ չի լինելու, բայց չենք վախենում։ «Սպարտակի» հետ խաղից հետո գիտենք, որ շանս ունենք ցանկացած թիմի հետ։

- Մեկ տարի առաջ ասել էիք․ «Եթե ինձ դիմի «Զենիթը»՝ կմտածեմ»։ Ինչու՞ հենց «Զենիթը»։

- Իմ գլխում կար այն միտքը, որ Սանկտ Պետերբուրգն ու Մոսկվան գեղեցիկ քաղաքներ են։ Լսել էի այդ մասին, բայց անձամբ չէի տեսել։ Մոսկվան ինձ համար շատ մեծ է, սիրում եմ ավելի կոմպակտ քաղաքներում լինել։ Եթե իմանայի Սոչիի մասին՝ հենց այս քաղաքի անունը կտայի։ Սա ամենագեղեցիկ շրջանն է։

Սիրում եմ գեղեցիկ տեղերում գտնվել։ Ամեն ինչ չէ, որ վերջանում է փողով։ Հնարավորություն ունեի տեղափոխվել Հնդկաստան, նույնիսկ՝ Բահրեյն, բայց ընտրեցի «Սոչին»։ Այստեղ կարելի է նորմալ ապրել։ Արթնանում ես և շրջակայքում արև է, ծով, մարդիկ։ Այնտեղ ֆուտբոլիստները միայն հյուրանոցներում են նստում և գնում մարզումներին։ Սա իմ կյանքն է, ինչու՞ ժամանակ կորցնեմ։ Գումարն ինձ համար այդքան կարևոր չէ։

- «Սոչի» տեղափոխվելով՝ դուք, նույն Բահրեյնի համեմատ, գումարային առումով շա՞տ եք տուժել։

- Տարբերությունը մեծ է, միանշանակ։ Հնդկաստանում նույնպես այդպես է։ Երբ դառնամ 34-35 տարեկան՝ կարելի է մտածել այդ մասին, բայց ոչ հիմա։ 2 տարի առաջ, երբ 29 գոլ խփեցի, նույնպես առաջարկներ ունեի։ Այդ ժամանակ դարձա Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։ Շատ առաջարկներ եղան, բաց չընդունեցի՝ բիզնեսի պատճառով։

- «Սոչիում» «Զենիթի» նախկին ֆուտբոլիստները շատ են։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում նախկին թիմի դեմ խաղին։

- Միասին գրեթե ամեն օր ճաշում ենք ու ինչ-որ բան քննարկում։ Ջանաևը, Ֆրոլովը, ով «Զենիթում» է խաղացել, շատ լավ տղաներ են։ Անկեղծ եմ ասում․ ոչ միշտ է լինում, որ թիմում բոլորը լավն են լինում։ Միշտ լինում են մեկ-երկու-երեք ֆուտբոլիստներ, որոնք միմյանց հետ են շփվում։ Այստեղ շփումը շատ լավ է, և դա կերևա դաշտում։

- Երբ խաղում էիք «Պրոգրեսում» (Լյուքսեմբուրգ), մրցեցիք «Ուֆայի» հետ։ Դա Ձեր առաջին ծանոթությու՞նն էր ռուսական ֆոուտբոլին։

- Այո։ Երբ իմացանք, որ խաղալու ենք «Ուֆայի» հետ՝ մտածեցինք, որ շատ դժվար կլինի։ Հյուրընկալվելիս առաջին 20 րոպեներն, իսկապես, շատ բարդ դասավորվեցին, իսկ հետո մենք արթնացանք։ Տանը 100 տոկոսով ավելի լավն էինք։ Հաղթում էինք 2-1 հաշվով, բայց խաղավերջում գոլ բաց թողեցինք։ Շատ ցավալի էր։ Արտագնա հանդիպումից հետո գնացինք կալյան փորձելու։ Ինձ դեռ այդ ժամանակ դուր եկավ Ռուսաստանը։ Ոչ մի վատ բան ասել չեմ կարող։

- Ռուսաստանում ֆուտբոլ ու կալյան բառերն ասոցացվում են 2009 թվականի Ռուսաստան - Սլովենիա խաղի հետ, երբ Ռուսաստանը չկարողացավ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճել։

- Պարզապես պատճառ էիք փնտրում և գտանք դա կալյանի միջոցով։ Եթե կալյանը չլիներ՝ այլ բան կլիներ․ օրինակ՝ ուտելիք։

Լյուքսեմբուրգում, երբ խաղեր չէինք ունենում, հաճախ էինք նման բան կազմակերպում։ Նույնիսկ ակումբի նախագահն էր դա կազմակերպում։ Շատ կարևոր է, որ ամեն ինչ միաժամանակ արվի։ Պետք է միասին ժամանակ անցկացնել, ծիծաղել․․․ Ամենակարևորը՝ միասին։ Եվրոպայում դա գնահատվում է։

- Հանդես եք եկել նաև Գերմանիայում։ Մանրամասներ կարելի՞ է․․․

- Խաղացել եմ Բրեմենի «Օբերնոյլանդ» ակումբում, իսկ մեզ հարակից ապրում էին «Վերդերի» ֆուտբոլիստները՝ Օզիլը, Ուգու Ալմեյդան, Վրանյեշը, ավագ Աարոն Հունտը։ Այն ֆուտբոլիստները, ովքեր «Վերդերում» հաջողություն չէին ունենում, գալիս էին «Օբերնոյլանդ»։ Իհարկե, մենք բոլորին գիտեինք։ Այնտեղ կար ռուս՝ Վիկտոր Պեկրել անունով։ Նա շատերի հետ էր ընկերություն անում։ Հաճախ էինք զբոսնում, տղաները գալիս էին մեզ մոտ, պոկեր էինք խաղում։ Հիանալի մարդիկ են։

- Գերմանիայի հավաքականի մասին ինչ-որ բան կպատմե՞ք։

- Անկե՞ղծ։ Ծիծաղելի պատմությունները շատ են։ Օրինակ՝ Պոդոլսկիի մասին։ Բայց ես չեմ կարող պատմել (ծիծաղում է)։ Իրոք՝ չեմ կարող։

- Լավ։ 2017 թվականին Ձեր թիմը Եվրոպա լիգայում խաղաց «Ռեյնջերսի» հետ։ 50 հազարանոց «Այբրուքսն» ամենալավ ստադիո՞նն է, որտեղ երբևիցէ խաղացել եք։

- Ես հավաքականի կազմում խաղացել եմ Պորտուգալիայի դեմ, բայց «Այբրուքսը» հիասքանչ էր։ Շոտլանդացիներն ազնիվ են։ Հանդիպումից հետո ես տեսա կարիերայիս ամենաարտասովոր բանը, երբ մարդիկ կանգնեցին և սկսեցին ծափահարել։ Ես հետ նայեցի և կարծում էի, որ այնտեղ «Ռենջերսի» խաղացողներն են, բայց՝ ոչ, ոչ ոք չկար։ Նրանք հենց մեզ էին ծափահարում։ Նրանց դուր եկավ, որ փոքր Լյուքսեմբուրգի թիմը 90 րոպե կռվում էր («Պրոգրեսը» պարտվեց՝ 0-1)։

- Երբ «Ռեյնջերսին» հաղթեցիք տանը, ինքներդ հավատու՞մ եք դրան։

- Իհարկե, նրանք նույնպես պահեր ունեին։ 3-4 դրվագում կարողացան դարպասաձողին հարվածել։ Մեր դարպասապահը վնասվածք ստացավ և 30-րդ րոպեին նրան փոխարինեց երկրորդը։ Մենք կարողացանք դուրս գալ հաջորդ փուլ, հիանալի էր։

- Լյուքսեմբուրգում ֆուտբոլն այդքան էլ պրոֆեսիոնալ սպորտաձև չէ։ Ո՞րն է ամենաանսովոր մասնագիտությունը, որն ունեցել է Ձեր թիմակիցը։

- «Պրոգրեսի» ավագն աշխատում էր հենց մեր ստադիոնում։ Նա, երբեմն, չէր կարողանում մասնակցել մեր մարզումներին, որովհետև պետք է խոտածածկը պատրաստեր։ Այսինքն, մենք վազում էինք, իսկ նա զբաղվում էր խոտածածկով։

Ընդհանրապես, Լյուքսեմբուրգի բոլոր ֆուտբոլիստներն ամեն օր 7 ժամ աշխատում են, բայց, միևնույն է, լավ ֆուտբոլ են խաղում։ Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե նրանք դառնան պրոֆեսիոնալ։

- Լյուքսեմբուրգում ֆուտբոլը վերջին շրջանում բարձունքում է․ ինչու՞։ Տղաներին հաճա՞խ են բաց թողնում գործից։

- Կարծում եմ՝ դրա համար մենք էլ ենք շատ բան արել՝ հաղթելով «Ռեյնջերսին»։ Դրանից առաջ թիմերը պարտվում էին 0-6, 0-7 հաշիվներով։ Հիմա լավ մարզիչներ կան Ֆրանսիայից, թիմերը ֆուտբոլիստներ են գնում Գերմանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից։ Մեկը բարձրացնում է մյուսին։

- Ասում էիք, որ յուրաքանչյուր երկրպագուին անունով գիտեիք։

- Այո, խաղերից հետո նրանք գալիս էին իմ բար։ Իսկ երբ հաղթում ենք «Դյուդելանժին», կամ եվրոպական այլ թիմի, նախագահն ասում է․ «Այսօր հաշիվը ես եմ փակելու»։ Բարում նույնիսկ ջուր չի մնում, բոլորը խմում են։ Ֆուտբոլիսների հետ երկրպագուները շրջում են մինչև առավոտյան 6-ը։ Շատ հաճելի էր։

- Լյուքսեմբուրգը շատ-շատ փոքր երկիր է։ Տխու՞ր չէ նման վայրում ապրելը։

- Ոչ. 20 րոպե, և մենք Գերմանիայում ենք։ Եվս 20 րոպե, և կարող ենք գնալ Ֆրանսիա։ Եթե ցանկանում ես ինչ-որ տեղ գնալ, շատ հեշտ է։ Շաբաթ օրերին իմ բարում միշտ ուրախ է անցնում։

- Դուք Գերմանիա եք տեղափոխվել, երբ երեխա էիք։ Դժվա՞ր էր հարմարվել։

- Վրաստանում մենք դպրոց չէինք գնում, որովհետև մայրս մեզ տանն էր կրթում։ Գնացինք միանգամից 6-րդ դասարան՝ սովորելով գերմաներեն և անգլերեն։ Գումարը չէր հերիքում, ծնողներս բաժանվել էին։ Մենք Գերմանիա տեղափոխվեցինք միայն մորս հետ։ 

Շփվում էի գանացի 2 տղաների հետ։ Նրանք կարծես եղբայրներս լինեին, միշտ միասին էինք։ Նրանցից մեկը նույնիսկ ներկա է եղել իմ հարսանիքին։

Իմ կինը ռուս է։ Նա նույնպես ապրել է Գերմանիայում։ Արարողության ժամանակ բոլորը նայում էին մեզ․ ես, կինս և սև-սև ազաբը։ Ծիծաղում էին՝ ի՞նչ է սա․․․

- Ձեր առաջին գումարը ֆուտբոլո՞վ եք վաստակել։

- Ոչ, Սեքնդ-Հենդում էի աշխատում, որտեղ 3 մարկի (գերմանական հին փողի անվանումը) դիմաց հին գրքեր էինք մաքրում։ Մարդիկ դրանք բերում էին, իսկ մենք նորմալ տեսքի էինք բերում։ Նաև թերթ էինք ծախում։

Ձեզ երևէ շփոթե՞լ են Մաքգրեգորի հետ (հայտնի մարզիկ մարտեր առանց կանոնների մարզաձևում-խմբ.)։

- Մի քանի անգամ։ Շոտլանդիայում եղել է նման բան։ Այդպիսի բան չէի տեսել, այնտեղ քաղաքը հարբած էր․ մեծերը, փոքրերը․․․ Երբ ընկերներով գնացինք զբոսնելու՝ գտանք մի բար, որտեղ նաև պարահրապարակ կար։ Ես գնում էի զուգարան և նկատեցի, որ շուրջս սկսում են մարդիկ հավաքվել։ Նայում էին և ասում․ «Դու կհաղթես հաջորդ մարտը, հաջողություն ենք մաղթում»։ Շփոթել էին Կոնորի հետ, պատահում է։ Թերթերում նույնպես գրում էին՝ ՄաքԿարապետյան։ Հենց դրանից էլ ամեն ինչ սկսվեց։

- Ե՞րբ սկսեցիք մորուք պահել։

- Երբ բար էի բացել՝ սափրվելու ժամանակ չկար։ Հետո գնացի վարսահարդարի մոտ, և նա ասաց․ «Ինչու՞ ես ցանկանում հեռացնել այն։ Լավ տեսք ունես»։ Նա գեղեցիկ հավասարեցրեց, և արդեն 3 տարի այն կա։

- Դուք MMA դիտու՞մ եք։

- Միայն մեկ մարտ եմ դիտել, երբ Կոնորն ու Հաբիբն էին մրցում։ Ամբողջ աշխարհն այդ մասին էր խոսքում։ Ինձ դուր եկավ։

- Անկեղծ պատասխանեք․ երբ խաղում էիք Լյուքսեմբուրգում, սպասու՞մ էիք, որ Հայաստանի հավաքական կհրավիրվեք։

- Լյուքսեմբուրգից առաջ ես Գերմանիայում էի՝ 4-րդ լիգայում։ Լավ թիմ ունեինք, և 6-7 հազար երկրպագու էր հավաքվում։ 13 հանդիպումներում ես 11 գոլ խփեցի։ Դրանից հետո ինձ հարմար գումարով առաջարկեցին տեղափոխվել «Դյուդելանժ»։ Կինս հղի էր այդ ժամանակ, և ես մտածեցի․ «Օքեյ, կգնամ այնտեղ։ Առաջին լիգա, Եվրոպա լիգայի որակավորման փուլ և, հնարավոր է, Հայաստանում ինձ նույնպես նկատեն»։

Հենց այդպես էլ եղավ։ Իհարկե, թիմերի տարբերությունն այնքան մեծ չէր, բայց «Առաջին լիգան» ավելի լավ էր հնչում։ Չնայած, Գերմանիայի 4-րդ լիգան նույնպես պրոֆեսիոնալ էր։ Նույնիսկ, որոշ հանդիպումներում 18 հազար երկրպագու էինք ունենում, իսկ ռեկորդը 24 հազարն էր։

Ես Թբիլիսիում եմ մեծացել և Transfermarkt-ում նշվում էր, որ վրացական անձնագիր ունեմ։ Վրացիներն իմ հայկական ազգանունին էին նայում ու չէին հրավիրում հավաքական, իսկ հայերը մտածում էին, որ վրացի եմ և նույնպես չէին հրավիրում։ Իսկ հետո ես ասացի․ «Հե՛յ, իմ ընտանիքը՝ հայրս, մայրս, բոլորը հայ են»։ Ես վրացի հարազատներ չեմ ունեցել։ Մենք պարզապես ապրել ենք Թբիլիսիում։

- Իսկ ինչու՞ տեղափոխվեցիք Եվրոպա։

- Վրաստանում մենք տուն ունեինք, բայց ամեն ինչ թողեցինք։ Մայրս մեզ համար այլ կյանք էր ցանկանում։ Կարծում եմ՝ դա լավ որոշում էր։ Հիմա ունեմ գերմանական անձնագիր՝ ինձ համար ու երեխաներիս։ Ապագահի համար դա շատ լավ է։ Ոչ մի տեղ խնդիր չունեմ։ Այն տալիս եմ ու ամեն տեղ ասում են․ «անցի՛ր»։ Վրացական անձնագրով ինձ 3-4 ժամ ստուգում էին։

- Հիմա չունե՞ք վրացական անձնագիր։

- Ոչ։

- Մայիսին Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց Եվրոպա լիգայի եզրափակիչը, ինչից անմիջապես հետո հանդիպեցիք հավաքականում։ Քննարկե՞լ եք այդ իրավիճակը։

- Այո, ես Լյուքսեմբուրգում կարմիր քարտ ստացա, և հավաքականի մարզիչը զանգեց ինձ՝ խնդրելով ավելի շուտ գալ, որպեսզի մարզավիճակ հավաքեմ։ Ես գնացի, և Հենրիխը նույնպես այնտեղ էր։ Երբ նրան տեսա՝ կատակեցի․ «Հենրիխ, ի՞նչ ես անում այստեղ։ Դու եզրափակիչ ունես»։ Նա չհասկացավ և ասաց․ «Դու ինչ է, չգիտե՞ս․․․»։

Մեկ տարի առաջ ես նույնպես նման իրավիճակում եմ հայտնվել։ Իմ թիմը պետք է խաղար ադրբեջանական թիմի հետ, և ես չմեկնեցի («Պորգրեսը» հանդիպել է «Գաբալային» ԵԼ-ում - խմբ.)։ Շատ վտանգավոր էր։ Ֆեսբուքում ու Ինստագրամում ինձ սպառնում էին։ Այդ մասին ասել եմ Հենրիխին։ Եթե անկեղծ՝ այդ մասին նրա հետ խոսել ենք մեկ օր և մոռացել ենք։ Հասկանալի է, որ ավելի լավ է ռիսկի չդիմել։ Զարմանալի է, որ նման մասշտաբային միջոցառմանը չկարողացան երաշխավորել անվտանգությունը։ Միգուցե, պե՞տք էր հանդիպումը տեղափոխել այլ երկիր։

Թարգմանությունը՝ ArmFootball.com-ի։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000