Որոնել
Արխիվ
17.07.2019  15:42

Չզարմացնելու վարպետ. «Բանանցի» ձախողումները եվրագավաթներում

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցն» ընդհանուր 0:8 հաշվով պարտվել է «Չուկարիչկիին»: Իլշատ Ֆայզուլինի թիմը Սերբիայում զիջել է 0:3 հաշվով, իսկ Երևանում ավելի խոշոր` 0:5: 

Ընթացիկ և նախորդ մրցաշրջանների եվրագավանթերում հայկական մյուս թիմերի համեմատաբար հաջող ելույթների ֆոնին «Բանանցի» այդ արդյունքը անսովոր կարող է թվալ, սակայն այդ ակումբի պատմությանը լավատեղյակ մարդիկ անմիջապես նշեցին, որ «արծիվներից» ավելին չէին էլ սպասում: Այս թիմը եվրագավաթներում ձախողվելու մեծ փորձ ունի: 

Սա «Բանանցի» համար 13-րդ մրցաշրջանն էր եվրագավաթներում, որոնցից միայն մեկում է թիմը հաջորդ փուլ անցել: Դա եղել է 2005-2006թթ. մրցաշրջանի ՈւԵՖԱ-ի գավաթում (ներկայիս՝ Եվրոպա լիգա), երբ Թբիլիսիի «Լոկոմոտիվին» Երևանում պարտվելուց (2:3) հետո «Բանանցը» Վրաստանում ռևանշի հասավ 2:0 հաշվով: Այդ ժամանակ թիմի գլխավոր մարզիչն Աշոտ Բարսեղյանն էր, ով շատ է հպարտանում այդ նվաճումով և հետագայում բազմիցս է ակումբին քննադատել նման արդյունքից հետո նրան աշխատանքը շարունակելու հնարավորություն չտալու համար: Այդ խաղարկության երկրորդ փուլում «Բանանցը» ջախջախվեց «Դնեպրի» կողմից` 2:8 (2:4, 0:4):

Մնացած բոլոր 12 դեպքերում «Բանանցը» զիջել է հենց առաջին փուլում: Ընդ որում, էական չի եղել՝ մրցակիցը շատ ուժեղ է եղել, ինչպես «Ռեդ Բուլ Զալցբուրգը» (Ավստրիա) և «Յանգ Բոյզը» (Շվեյցարիա), կամ էլ թույլ, ինչպես Անդորրան ներկայացնող «Սանտա-Կոլոման»:

Վերջինիս հետ է կապված «Բանանցի» գլխավոր խայտառակությունը, երբ թիմն առաջին անգամ հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում: Արտագնա 0:1 հաշվով պարտությունից հետո երևանցիներն Ավանի ակադեմիայում 3:1 հաշվով առջևում էին, սակայն 90+4 րոպեին մրցակցի դարպասապահ Էլոյ Կասալսը եկավ տանտերերի տուգանային հրապարակ և գոլ խփեց:

Այս անգամ էլ չօգնեց ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի կարծիքով Հայաստանի առաջնության լավագույն մարզիչ Իլշատ ֆայզուլինի հետ երկարաժամկետ (2023 թ.) պայամանգիր կնքելը: Հիմա՞ էլ է այդպես կարծում:

Միգուցե, Եվրոպայում «Բանանցի» անհաջողություններն են, որ Ջևան Չելոյանցն անկախ ոչ միանշանակ քվեարկությունից, ցանկանում հնարավորինս շուտ ակումբն անվանափոխել «Ուրարտու»: Դա ամեն ինչ «մաքուր էջից» սկսելու նոր փորձ և անցյալը մոռանալու լավ տարբերակ կարող է դառնալ:

 

«Բանանցը» եվրագավաթներում.


Մասնակցություն` 13

Հաջորդ փուլի ուղեգիր` 1

Հաղթանակներ` 4

Ոչ-ոքիներ` 3

Պարտություններ` 19

Գոլերի հարաբերակցություն` 17-59



Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000