Շախմատ. Վեյկ ան Զեե. Արոնյանը ոչ-ոքի խաղաց նաև Հու Յիֆանի հետ

23:55   18 հունվարի, 2015

Վեյկ ան Զեեում շարունակվում է շախմատային ամենամյա սուպերմրցաշարը, որի ուժեղագույնների խմբում հանդես է գալիս նաև Լևոն Արոնյանը:

8-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղա չինուհի Հու Յիֆանի հետ: Դա տուրի միակ պարտիան էր, որը խաղաղ ելք ունեցավ: Դին Լիժենը սպիտակներով պարտության մատնեց Իվան Շարիչին, Թեմուր Ռաջաբովը` Ռադոսլավ Վոյտաշեկին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը` Անիշ Գիրիին: Սևերով խաղացող Մագնուս Կառլսենը ուժեղ գտնվեց Բահադուր Ջոբավայից, Ուեսլի Սոն` Վասիլի Իվանչուկից, Ֆաբիանո Կարուանան` Լուկ վան Վելիից:

8 տուրից հետո առաջատարը Կառլսենն է, ով վաստակել է 6 միավոր: Նրանից կես միավորով հետ են մնում Սոն, Վաշյե-Լագրավն ու դին Լիժենը: Արոնյանը 3 միավորով 10-րդն է:

Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 20-ին Արոնյանը սպիտակներով կխաղա Բահադուր Ջոբավայի դեմ:

Երկրորդ խմբում հանդես եկող ԱՄՆ ներկայացնող Սամուել Սևյանը 8-րդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Էրվին ԼʹԱմիի հետ: Սևյանը վաստակած 4 միավորով 7-8-րդ տեղերն է կիսում Սալեհ Սալեմի հետ:



© ARMFOOTBALL.COM