Մարզչական անցյալն ընդդեմ ապագայի և «12 ֆուտբոլիստով» խաղացող թիմի շանսը

21:04   19 փետրվարի, 2020

Այսօր մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրը։ Կեսգիշերին կկայանան 2 հանդիպումներ։ «Ատալանտան» տանն ուժերը կչափի «Վալենսիայի» հետ, իսկ «Տոտենհեմը» Լոնդոնում կընդունի «Լեյպցիգին»։

«Տոտենհեմ» - «Լեյպցիգ»

Սա, անկասկած, օրվա գլխավոր խաղն է։ Շատ հետաքրքիր, հավասարազոր թիմերի պայքար է սպասվում, որի արդյունքը կանխագուշակելն անչափ դժվար կլինի։

Մոուրինյուն եվրագավաթների հսկայական փորձ ունի և կարող է թիմին հնարավորինս մոտիվացնել ոչ այնքան աստղային հակառակորդի հետ խաղում։ Լոնդոնցիներն անհաջող էին սկսել մրցաշրջանը, սակայն Ժոզեն ստանձնեց ղեկն ու կարողացավ թիմին բարձրացնել 5-րդ հորիզոնական։ Ընդ որում, ընդամենը 1 միավորով են զիջում քառյակում գտնվող «Չելսիին»։ Մոուրինյուն առայժմ հաճելիորեն զարմացնում է, որովհետև այն ավտոբուսային մարտավարությունը, որը միշտ օգտագործել է՝ «Տոտենհեմը» չի խաղում։ Անգլիացիները շատ ակտիվ են հարձակման գծում, փորձում են գնդակը երկար չպահել դաշտի կենտրոնում և առաջ շարժվել։ Ընդ որում, թիմը նաև հիանալի պրեսինգ է գործադրում, աքցանի մեջ առնում մրցակիցներին ու զրկում տարածությունից։ Միգուցե, թիմը նաև չի մոռացել նախկին գլխավոր մարզչի՝ Մաուրիսիո Պոչետինոյի մարտավարությունն ու հարձակման գծում ակտիվությունը, պրեսինգը կապված է հենց նախկին մարզչի հետ։

Այնուամենայնիվ, որքան էլ Ժոզեն փորձի պահել թիմի հարձակման ոգին՝ վնասվածքներն ասում են իրենց խոսքը։ 2 առաջատար ֆուտբոլիստները՝ Հարի Քեյնն ու Սոն Հյուն-Մինը բացակայելու են։ Եթե հարձակվողներից մեկի՝ Քեյնի բացակայությանը լոնդոնցիները քիչ թե շատ համակերպվել են, ապա Սոնը նոր է շարքից դուրս մնացել և գլուխկոտրուկ առաջացրել մարզչի համար կարևորագույն խաղից առաջ։ Իհարկե, սա չի նշանակում, որ չկան հարձակման գծում այլ կրեատիվ ֆուտբոլիստներ, սակայն նման խաղացողների բացակայությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ առջևի գծում որակի ապահովման վրա։ Բացի այդ, վնասվածք ունի նաև Մուսա Սիսոկոն, ով նույնպես հիմնական կազմի խաղացող է։ Աշխատասեր է, ֆիզիկապես հիանալի պատրաստված ու անչափ օգտակար կլիներ թիմին դաշտի կենտրոնում։

Առաջատարների բացակայության պայմաններում նորեկների՝ Բերգվեյնի և Ֆերնանդեշի մասնակցությունն ավելի հավանական են դառնում։ Երիտասարդ խաղացողներն ապացուցելու շատ բան ունեն և, անկասկած, ունակ են արագություն հաղորդել թիմի խաղին։

«Լեյպցիգը» ընթացիկ մրցաշրջանում հիանալի է խաղում։ Բունդեսլիգայում չեմպիոնությունը կարողանում է վիճարկել «Բավարիայի» հետ այն պարագայում, որ թիմում խաղում են բազմաթիվ երիտասարդ, անփորձ ֆուտբոլիստներ։ Երիտասարդ թիմերը գրեթե միշտ անկայուն արդյունքներ են ունենում, սակայն «Լեյպցիգը» բացառություն է։ Նման հաջողությունը կյանքի է կոչում Եվրոպայի ամենատաղանդավոր մասնագետներից մեկը՝ Յուլիան Նագելսմանը, ով գնալով կատարելագործվում է։ Դա է պատճառը, որ նա ամենապահանջված մարզիչներից է։ Երիտասարդ մարզիչ, երիտասարդ ֆուտբոլիստներ, բայց շատ հասուն, նպատակաուղղված, խելացի խաղ։ Չի կարելի ասել, որ «Լեյպցիգը» գերհարձակվողական է, բայց շեշտը դնում է հենց առջևի գծի վրա։ Այնուամենայնիվ, երբեմն նկատելի է, թե ինչպես է թոփ թիմերի հետ «Լեյպցիգը» փոխում մարտավարությունը, պաշտպանվում և շեշտը դնում հակագրոհների վրա։ Դա առավել նկատելի էր Բունդեսլիգայում վերջերս կայացած «Բավարիայի» հետ խաղի ընթացքում, որտեղ հակագրոհների շնորհիվ երկրորդ խաղակեսում գոլ խփելու շատ մեծ հնարավորություններ ունեցան, բայց չկարողացան իրացնել և գրանցվեց 0-0 հաշիվը։ Սա նշանակում է, որ թիմը տակտիկապես ճկուն է, ունակ է օգտագործել մարտավարական տարբեր սխեմաներ։

Կհամարձակվենք դիմակայության չընդգծված ֆավորիտ համարել հենց Նագելսմանի թիմին՝ հաշվի առնելով «Տոտենհեմի» որոշակի խնդիրները պաշտպանությունում և հարձակման գծի թուլացումը։ «Լեյպցիգի» կազմում վնասվածք ունեն Ադամսը, Կամպլը, Կոնատեն, Օրբանը, իսկ Ուպամեկանոն դեղին քարտերի քանակի պատճառով որակազրկված է։ Վերջինի կորուստը կարող է ամենաշատը զգացվել, որովհետև, չնայած երիտասարդ տարիքին, դարձել է պաշտպանության առաջատարներից մեկը և կարողանում է շատ մեծ օգուտ տալ թիմին։

Սպասվում է, որ «Լեյպցիգը» միանգամից չի նետվի գրոհի և համբերատար խաղ կցուցադրի։ Միգուցե, տանը «Տոտենհեմն» առաջին խաղակեսում ունենա նվազագույն առավելություն, բայց, հաշվի առնելով, որ թիմը ֆիզիկական պատրաստվածությամբ այնքան էլ բարձր մակարդակի վրա չէ, գերմանական ակումբը կարող է ճնշել երկրորդ կեսում։ Բացի այդ, «Լեյպցիգը» գոլերի առյուծի բաժինն այս մրցաշրջանում խփում է հենց երկրորդ կեսում։ Շատ դժվար է գուշակել, թե ինչ մարտավարությամբ թիմին դաշտ դուրս կբերի Նագելսմանը, որովհետև տարբեր մրցակիցների հետ թիմը տարբեր խաղային սխեմաներ է օգտագործում։ Ընդ որում, առաջին խաղակեսում հարմարվում է հակառակորդին, իսկ երկրորդում գտնում թույլ կողմն ու անընդհատ խփում հենց այն դիրքին, որը կաղում է մրցակցի մոտ։

«Ատալանտա» - «Վալենսիա»

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում քչերն էին հավատում, որ այս թիմերը, հատկապես՝ «Ատալանտան», դուրս կգա խմբից։

Անակնկալ մատուցած թիմերը ճակատագրի հեգնանքով կմրցեն իրար դեմ և յուրաքանչյուրի համար մեծ հաջողություն կլինի հաջորդ փուլի ուղեգրի նվաճելը։ Այս խաղում նույնպես չկա ֆավորիտ և հնարավոր է ցանկացած արդյունք։

Ալբերտ Սելադեսի թիմը հանդես է գալիս փոփոխական հաջողություններով։ Մարզիչը ոչ մի կերպ չի կարողանում կայունություն մտցնել թիմի գործողություններում։ Սելադեսը փորձեց միանգամից չքանդել Մարսելինոյի «Վալենսիայի» մարտավարությունն ու շարունակեց ընտրել 4-4-2 մարտվարությունը՝ փորձելով այն կատարելագործել, բայց, փոխարենը, թիմը որոշակի հեետընթաց գրանցեց։ Սելադեսը համարձակ խաղ է դավանում՝ շեշտը դնելով առջևի գծի վրա։ Երբեմն, թիմը հրաշալի է խաղում դաշտի ցանկացած հատվածում, վստահ հաղթանակ է տանում ու թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է, սակայն երբեմն էլ այնպիսի անօգնական տպավորություն է թողում, որ թվում է, թե կպարտվի անգամ Սեգունդայի թիմերին։ Այսինքն՝ ծայրահեղությունից՝ ծայրահեղություն։

Շատ դժվար է կռահել, թե ինչպես կխաղա իսպանական թիմը, որովհետև երբեմն այնպիսի իրավիճակներում են դիմում ռիսկի, որ պարզապես կարիքը չկա։ Չենք բացառում, որ հենց մեկնարկից «չղջիկները» կնետվեն առաջ և կփորձեն անակնկալի բերել դաշտի տերերին, ինչի պատճառով կարող են պատժվել։ Չնայած, նման կարևորության խաղում շատ հնարավոր է փորձեն ճիշտ բաշխել ուժերն ամբողջ խաղի ընթացքում, որպեսզի վերջնամասում ֆիզիկականը բավարարի։

«Ատալանտան» շատ ավելի կայուն և բալանսավորված է խաղում, չնայած նրան, որ անհատապես ֆուտբոլիստներն այնքան էլ բարձր մակարդակ չունեն։ Գասպերինին կոլեկտիվ խաղի, դաշտում միմյանց փոխօգնելու, գերկարգապայության տիպիկ օրինակ է։ Նա կարողանում է այնպիսի համակարգ ստեղծել, որին ճնշելը չափազանց դժվար է։ Ընդ որում, շատ հաճախ աստղերով չհամալրված թիմերն արդյունքի հասնում են պաշտպանական մարտավարության արդյունքում, բայց «Ատաանտան» բացառություն է։ Իտալական թիմը չի վախենում գրոհել և բազմաթիվ գոլեր է խփում, բայց հասցնում է նաև հաջող պաշտպանվել ու, ինչպես նշեցինք, հետին գծում փոխօգնել միմյանց։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ «Ատալանտան» մեկ ֆուտբոլիստ ավելին ունի դաշտում, որովհետև հասցնում են փակել բոլոր դիրքերն ու թվային առավելություն ստանալ դաշտի տարբեր հատվածներում, ինչը հնարավորինս բարդացնում է մրցակցի գործողությունները։

Այնուամենայնիվ, «Ատալանտան» հաճախ է գոլ բաց թողնում անգամ այն խաղային դրվագներում, երբ հետին գծում ունենում է թվային առավելություն։ Այստեղ արդեն առաջին պլան է գալիս ֆուտբոլիստների անհատական վարպետությունը, որովհետև, որքան էլ դաշտում ճիշտ դասավորվեն, համակարգված գործեն, բայց երբեմն դրվագներում առաջնային է դառնում անհատական վարպետությունը։ Այնուամենայնիվ, թիմն ունի ունակությունների սահման, որից բարձրանալն անհնար է անգամ ամենաբարձրակարգ մարզչի օգնությամբ։

«Վալենսիան» ունի մեծ քանակությամբ կորուստներ։ Ամենայն հավանականությամբ, խաղին չեն մասնակցի Վալյեխոն, Գարայը, Կոկլենը, Ինը, Գաբրիելը, Պիչինին, Ռոդրիգոն և Ֆլորենցին։ Գրեթե մի ամբողջ կազմ բացակայելու է։ Սա նշանակում է, որ կազմը զգալիորեն թուլանալու է։ Ամենանշանակալի կորուստը կլինի Ռոդրիգոյի բացակայությունը, ով հարձակման գծի առաջատարն է և մասնակցում է գոլերի առյուծի բաժնին։

Ինչ վերաբերվում է «Ատալանտային»՝ թիմի վիճակն այս տեսանկյունից անհամեմատ ավելի լավ է։ Միակ ֆուտբոլիստը, ով բացակայելու է՝ Շուտալոն է, սակայն սա լուրջ կորուստ չի համարվում։

Երկու թիմերն էլ արդեն շատ բան են ապացուցել ՉԼ-ում, իսկ հաջողությունը վստահություն է բերում։ Վստահությունը կարգապահությամբ համադրելու դեպքում կբարձրանա խաղի որակը և հանդիպումը կդառնա հաճելի թե՛ ֆուտբոլիստների, թե՛ երկրպագուների համար։

 

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ



© ARMFOOTBALL.COM