Շախմատի Հայաստանի առաջնություն. Հաղթանակ չեմպիոնի նկատմամբ և նոր առաջատար

10:55   15 հունվարի, 2020

Երեկ տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 2020 թվականի առաջնության 3-րդ տուրը։ Տուրի կենտրոնական պարտիայում Հայաստանի գործող չեմպիոն և մրցաշարի ընթացիկ առաջատար Արման Փաշիկյանը մրցում էր 2-րդ հորիզոնականում ընթացող Սամվել Տեր-Սահակյանի հետ։ Լարված ընթացք ունեցած պարտիայում սպիտակներով հանդես եկող Տեր-Սահակյանը կարևոր հաղթանակ տոնեց և սկսեց միանձնյա գլխավորել աղյուսակը, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

Տուրի մյուս պարտիաներում Արամ Հակոբյանը հաղթեց Հայկ Մարտիրոսյանին, Արման Միքայելյանն առավելության հասավ Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը – Զավեն Անդրիասյանը և Մամիկոն Ղարիբյան – Շանթ Սարգսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։

3-րդ տուրից հետո աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյանը 2 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում։ 6 շախմատիստ 1,5-ական միավորով կիսում են 3-8-րդ հորիզոնականները։

Կանանց առաջնության 3-րդ տուրի կենտրոնական՝ Սուսաննա Գաբոյան – Սիրանուշ Ղուկասյան, պարտիան ավարտվեց արագ ոչ-ոքիով։ Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը կարևոր հաղթանակ տոնեց Մարիա Կուրսովայի նկատմամբ։ Նարե Առաքելյանը հաղթեց Վերոնիկա Խաչատրյանին, իսկ Թերեզա Ամբարջյան – Աստղիկ Հակոբյան և Աննա Խաչատրյան – Մարիամ Ավետիսյան պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ։

3 տուրից հետո աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Սուսաննա Գաբոյանը, Մարիա Գևորգյանը, Աննա Խաչատրյանը և Նարե Առաքելյանը առաջատարին զիջում են կեսական միավոր։



© ARMFOOTBALL.COM