Արթուր Վանեցյան. «Սխալ է եղել մեր աշխատակցի կողմից, բայց հավաքականի մարզչի հարցն արդեն լուծվեց»

18:28   7 նոյեմբերի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը ՀՖՖ-ի գործկոմի նիստից հետո պատասխանել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու իրավասություն չունենալու մասին հարցին: Նշանակելու իրավունքը նա պետք է ստանար նոր կանոնադրությամբ:

«Կանոնադրությունը պետք է մուտքագրվեր ՀՀ Արդարադատության պետական ռեգիստր, որպեսզի ստանար պետական գրանցում: Ինչ-ինչ պատճառներով այդ կանոնադրությունը մուտքագրվել է հոկտեմբերի 25-ին: Աշխատանքային 10-օրյա ժամկետ է պահանջվում, որպեսզի այն գրանցվի:

Ֆորմալ առումով, այդ հաստատումը պետք  է լինի վաղը: Բայց երբ ինձ բերել և ներկայացրել են, որ նոր մարզչի նշանկաման հարց կա, մեր աշխատակազմն ինձ պարզապես չի տեղեկացրել, որ պետռեգիստրում դեռևս գրանցում ստացված չէ: Դա եղել է զուտ տեխնիկական սխալ, որը եղել է մեր մեկ աշխատակցի կողմից, ով պետք է պետռեգիստր տաներ հունիսին, բայց դա արել է հոկտեմբերին: Նա ոչ ոքի այդ մասին չի ասել` մտածելով, որ նրա վրա հանկարծ խոսակցություն չբերի:

Այն աղմուկը, որ բարձրացավ, ընդհանրապես տեղին չէր: Այդ հարցը լուծվեց և մենք այսօր ունենք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ»,- Վանեցյանի ճեպազրույցը հեռարձակել է Ազատություն TV-ին:  

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը:



© ARMFOOTBALL.COM