Մխիթարյան. «Ռոմայի» հետ կարող եմ մեկնել Ստամբուլ, Բաքուի դեպքում ամեն ինչ այլ է»

16:22   10 սեպտեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» իր շնորհանդեսի ասուլիսի ժամանակ պատասխանել է թիմի հետ Ստամբուլ մեկնելու և մի քանի այլ հարցերի:

- Քաղաքական պատճառներով չեք մասնակցել Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչին: Կարծո՞ւմ եք խնդիրներ կունենաք նաև Ստամբուլում (Եվրոպայի լիգայի խաղարկության շրջանակներում «Ռոման» մրցելու է «Բաշեկշեհիրի» հետ-խմբ.):

- Խնդիրներ չեն լինի, այնտեղ արդեն մի քանի անգամ խաղացել եմ: Բաքուի հետ ամեն ինչ այլ է: Թուրքիայի հետ հին պատմություն է, այն արդեն անցյալում է: Թուրքիայում երբեք խնդիրներ չեմ ունեցել:

- Ձեզ ժամանա՞կ է հարկավոր իտալական ֆուտբոլին հարմարվելու համար:

- Ես շատ երիտասարդ էի Գերմանիայում ու Անգլիայում: Այժմ արդեն ադապտացիայի հետ խնդիրներ չեն լինի: Թիմակիցներս կարող են ծանոթացնել առաջնությանը և քաղաքին: Շատ բան ինձանից է կախված: Պարզ է, որ այստեղ մեկ մրցաշրջանով եմ, դրա համար ամեն ինչ պետք է շատ արագ անեմ:

- Դուք հասանելի՞ եք առաջիկա խաղում: Զրուցե՞լ եք Ֆոնսեկայի հետ:

- Արդեն մի քանի թեմաների շուրջ զրուցել եմ մարզչի հետ: Դեռ չգիտեմ հաջորդ հանդիպմանը կմասնակցեմ, թե ոչ, նույնիսկ չեմ մարզվել թիմի հետ: Դա առաջին անգամ վաղը կանեմ: Մարզիչը կորոշի խաղալու եմ, թե` ոչ: Ես հնարավոր ամեն ինչ կանեմ ու ջանասիրաբար կաշխատեմ: Այստեղ եմ հաղթելու համար, այլ ոչ թե ժամանցի:

- Ի՞նչ եք սովորել նախկին մարզիչներից:

- Բոլոր մարզիչները տարբեր են ու չնմանվող փիլիսոփայությամբ: Մեկը շատ համարձակ խաղ է սիրում, մյուս` պաշտպանողական: Ես 30 տարեկան եմ, բայց ուզում եմ սովորել ամեն օր ու ամեն րոպե: Ցանկանում եմ իտալերեն սովորել, որ հնարավորություն ունենամ ձեզ հետ զրուցել առանց թարգմանիչների:



© ARMFOOTBALL.COM