Արմեն Պետրոսյան. «Մեծ ուժ կունենանք առջևի գծում, եթե մեր նոր հարձակվողն արդարացնի»

11:22   18 օգոստոսի, 2019

«Լոռիի» հետ խաղից հետո իր տպավորություններով կիսվեց «Գանձասար-Կապանի» մարզիչ Արմեն Պետրոսյանը

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Ամեն ինչ ընթանում էր իր հունով ։ Ցավալի վնասվածք ստացավ Ուբեյմարը և հնարավոր է, որ դա հանգեցրեց նրան, որ տղաները մի փոքր ընկճվեցին։ Հենց այդ ժամանակահատվածում էլ գնդակ բաց թողեցինք։ Ընդմիջմանը հանդերձարանում խոսեցինք տղաների հետ, կարողացանք ինչ-որ բաներ փոխել։ Երկրորդ կեսում մեր խաղն ավելի լավ ստացվեց։ Ուղղակի ցավալի է, որ արդեն երրորդ հանդիպումն է չենք կարողանում օգտագործել մեր հնարավորությունները։ Կաշխատենք մեր սխալների վրա։ Մենք նայում ենք առաջ։ Այս խաղն արդեն անցյալ է, ամեն ինչ կանենք, որպեսզի հաջորդ խաղում երեք միավոր վաստակենք»։

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻ ԽԱՂԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Եթե նկատել էիք մենք այսօր ձախ եզրային կիսապաշտպանի խնդիր ունեինք։ Անգուլոն վնասվածք ստացավ, Արթուր Գրիգորյանին ձախ եզրից տեղափոխեցինք կենտրոն, իսկ Էմիլ Եղիազարյանն էլ փոխարինման մտավ։ Ընդմիջմանը տղաներին ասացինք, որ պետք է ավելի ագրեսիվ խաղալ ու հավատարիմ մնալ մեր սկզբունքներին։ Երկրորդ կեսում մեր խաղն ավելի լավ ստացվեց»։

ԱԲԴՈՒԼ ԿԱՐԻՄ ՆԻԿԻԵՄԱՅԻ ՆՈՐԱՄՈՒՏԻ ՄԱՍԻՆ

«Մենք փոխարինեցինք նրան, քանի որ վերջինս մկանային խնդիր ուներ։ Ես գոհ եմ նրա ելույթից։ Բայց մեկ խաղով սահմանափակվել պետք չէ։ Ինձ համար շատ կարևոր է, որ ֆուտբոլիստը կայուն մրցելույթներ ունենա։ Արդեն տևական ժամանակ է, ինչ նա թիմում է։ Պարզապես թղթաբանության հետ կապված խնդիրներ կային։ Հիմա ամեն ինչ նորմալ է։ Նա ինձ համար բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Օժտված է շատ լավ որակներով, նա մեզ շատ կօգնի։ Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նա կայուն ֆուտբոլ ցուցադրի։ Խաղա այսօրվա պես»։

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Գագիկ Մաղաքյանը շատ գրագետ ֆուտբոլիստ է։ Նա ճիշտ է, բարձրագույն խմբի առաջնությունում խաղալու մեծ փորձ չունի, բայց ես վստահեցի Մաղաքյանին, ճանաչելով նրան։ Այսօրվա նրա խաղից շատ գոհ եմ։ Մենք մեկնարկային կազմի ֆուտբոլիստներին ընտրում ենք վերլուծելով մեր նախորդ խաղը և մրցակցի խաղը։ Որևէ նշանակություն չունի ֆուտբոլիստը կարող է մեկ խաղում լավ խաղալ, հաջորդում՝ լինել պահեստայինների նստարանին։ Ամեն ինչ անում ենք ելնելով տվյալ խաղից։ Այսօր ես որոշեցի, որ Ալեքսանդր Հովհաննիսյանը պետք է հանգստանա։ Եթե մենք գոլ խփեինք ու հաշվի մեջ առջևում լինեինք, ապա հնարավոր է, որ նա էլ դուրս գար խաղադաշտ»։

ՄՐՑԱԿՑԻ ՄԱՍԻՆ

«Մենք ուսումնասիրել էինք «Լոռիին», գիտեինք, որ նրանք անհարմար մրցակից են։ Բնականաբար մենք էլ խաղի սկզբում բարձր ճնշումի էինք դիմել։ Մեկնարկից 15 րոպե անց մենք ետ քաշվեցինք ու թույլ տվեցինք, որ նրանք առաջ գան, որպեսզի մեզ համար ազատ տարածություններ լինեն, մենք էլ օգտագործենք դրանք, բայց Անգուլոյի վնասվածքից հետո տղաներն ասես ընկճվեցին։ Ես հասկանում եմ նրանց, ինքս ֆուտբոլիստ եմ եղել։ Եթե քո առանցքային ֆուտբոլիստներից ինչ-որ մեկը վնասվածք է ստանում, ապա դա բացասական ազդեցություն չի կարող չունենալ։ Բայց կարծում եմ, որ մենք ավելացրինք, հետագայում բազմաթիվ հնարավորություններ ունեինք աչքի ընկնելու, կարող էինք գոլ խփել ու հաղթել»։

ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾԻ ՄԱՍԻՆ

«Առաջնության մեկնարկից առաջ մենք երևի թե 4-րդ ֆուտբոլիստին ենք ուսումնասիրում։ Գեղամ Հարությունյանը վնասվածք ունի, հիմա ապաքինման փուլում է։ Արդեն մեկ ֆուտբոլիստ կա, ով կարծես թե բարձրակարգ խաղացողի տպավորություն է թողել։ Մեկ մարզում է անցկացրել թիմի հետ, արդեն որոշակի կարծիք ունենք, բայց չենք ցանկանում սխալվել։ Նա ևս մի քանի մարզման կմասնակցի և մենք ըստ դրա որոշում կկայացնենք։ Որակներով նման է Գեղամ Հարությունյանին, համապատասխանում է մեր թիմին։ Մենք շատ ենք ցանկանում, որ Գեղամի նման ևս մեկ հարձակվող ունենանք, գումարած Քոչարյանը։ Արդեն մեծ ուժ կունենանք առջևի գծում»։

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք շատ ենք աշխատում անկյունային հարվածների վրա։ Մենք միշտ ֆուտբոլիստներին ասում ենք․ «Արե՛ք այն, ինչ մենք ենք ձեզնից պահանջում»։ Եթե կարող են ավելին անել ու դա թիմին օգուտ կտա, ապա միայն ուրախ կլինեմ։ Մենք աշխատում ենք խաղային յուրաքանչյուր իրավիճակի վրա։ Ոչ մի գործոն չենք անտեսում»։



© ARMFOOTBALL.COM