Ըմբշամարտ. Շահինյանը - Մանուկյան հերթական դիմակայությունը՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ (VIDEO)

18:21   6 օգոստոսի, 2019

Լեհաստանում կայացած ըմբշամարտի ամենամյա մրցաշարին բացի Մալխաս Ամոյանից, հանդես եկան նաև հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի ևս չորս ըմբիշները:

Ընդ որում, 60 կգ քաշային կարգում մասնակցում էին Գևորգ Ղարիբյանն ու Արմեն Մելիքյանը, 87 կգ քաշային կարգում՝ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Ամենայն հավանականությամբ, մարզիչները ցանկանում էին այս մրցաշարի արդյունքներով որոշել, թե որ ըմբիշը պետք է մեկնի Նուրսուլթան՝ աշխարհի առաջնության, քանի որ վերջին տարիներին այս ըմբիշները միմյանց փոխելով հանդես են գալիս տարբեր խոշոր մրցաշարերում:

Հատկապես ինտրիգային էր 87 կգ քաշային կարգը, քանի որ Մաքսիմն ու Արթուրը նախորդ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են, Մաքսիմը՝ 82 կգ, Արթուրը՝ 87 կգ քաշային կարգում: Մաքսիմը 82 և 80 կգ քաշային կարգերում մեծ հաջողություններ է ունեցել՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, սակայն 87 կգ քաշային կարգում նրա մոտ գործերը այդքան էլ հաջող չեն ընթանում: Այս տարվա Եվրոպայի առաջնությունում Մանուկյանը 87 կգ քաշային կարգում ձախողվեց, իսկ Շահինյանը հանդես եկավ 97 կգ քաշային կարգում, նույնպես առանց մեծ հաջողությունների: 

Ընդ որում, Մանուկյանն ու Շահինյան հաճախ են գոտեմարտել միմյանց դեմ, անձանական գոտեմարտերում Մանուկյանը ավելի շատ հաղթանակներ ունի, սակայն ընդհանուր մրցաշարերում Շահինյանի արդյունքները 87 կգ քաշային կարգում ավելի լավն են:

Մրցաշարային ցանցը բաժանեց երկու ըմբիշներին, և նրանք միմյանց հանդիպեցին միայն եզրափակչում: Շահինյանը եզրափակչի ճանապարհին երեք հաղթանակ տարավ, Մանուկյանը՝ երկու:

Եզրափակիչում Շահինյանը առաջին հնարավորություն ստացավ աշխատել վերևից, սակայն հնարք չկարողացավ անել: Երկրորդ մրցափուլում Մանուկյանը երկու միավոր վաստակեց, ընդ որում, այդ դրվագում Շահինյանն էլ գցում կատարեց, մրցավարները սկզբում 2 միավոր տվեցին Արթուրին, բայց վերանայելուց հետո փոխեցին որոշումը: Բայց գոտեմարտի վերջում Մանուկյանի մոտ նորից հոգնածություն նկատվեց, ինչից օգտվեց Շահինյանը՝ դուրս հանելով Մանուկյանին գորգից: Մրցավարները զգուշացրին Մաքսիմին և 2 միավոր տվեցին Շահինյանին՝ գոտեմարտի ավարտից 5 վայրկյան առաջ: Իսկ Մանուկյանը այլևս ի վիճակի չեղավ շարունակել գոտեմարտը, և այս Շահինյանը կարևոր հաղթանակ տարավ՝ դառնալով աշխարհի առաջնության մեկնելու ֆավորիտը: Իսկ Մանուկյանին, հնարավոր է, նորից տեսնենք 82 կգ քաշային կարգում:

60 կգ քաշային կարգում Ղարիբյանն ու Մելիքյանը վերջին տարիներին մեծ հաջողություններ չեն ունենում, սակայն Հայաստանում նրանք ուժեղագույնն են, միմյանց հետ գոտեմարտերում էլ ւժերը գրեթե հավասար են լինում: Այս անգամ երկու ըմբիշները միմյանց չհանդիպեցին: Մելիքյանը հենց սկզբից պարտվեց լեհ ըմբիշին՝ հոգնածության ֆոնին գոտեմարտի վերջում թույլ տված կոպիտ սխալի պատճառով: Ղարիբյանը լավ մեկնարկեց, սակայն կիսաեզրափակչում նորից կոպիտ սխալ թույլ տվեց, ու 5-3 հաշվի ժամանակ հնարք բաց թողնելով, պարտվեց տուշեով: Երրորդ տեղի համար գոտեմարտում Ղարիբյանը հաղթեց ամերիկացի մրցակցին, և այժմ հենց նա է Նուրսուլթան մեկնելու ֆավորիտը:



© ARMFOOTBALL.COM