«Մակարավանք». Տեղեկություն հայկական ֆուտբոլի նոր ակումբի մասին

20:33   6 հուլիսի, 2019

ՀՖՖ-ն պաշտոնապես ներկայացրել է Առաջին խմբի մասնակիցներին: 18 թիմերի թվում է «Մակարավանքը»: Սոցիալական ցանցերից Instagram-ում կա Մակարավանք անունով էջ, որում «Բանանց-3»-ի ֆուտբոլիստների լուսանկարներն են: Վերջինս չի մասնակցելու Առաջին խմբի հաջորդ առաջնությանը:

Ավելի շատ տեղեկություն ստանալու համար ArmFootball.com-ը կապնվեց «Մակարավանքի» տնօրեն Արսեն Հովհաննիսյանի հետ: Տեղեկացանք, որ «Մակարավանքը» ներկայացնելու է Տավուշի Աչաջուր համայնքը: Մակարավանքը վանական համալիր է, պատմական վայր, որը վերջերս մի փոքր անուշադրության է մատնված: Ակումբն ուզում է նման կերպ նաև ուշադրություն գրավել վանական համալիրի կողմը:

Աչաջուրում ստադիոն կա, բայց այն դեռ պետք է վերանորոգվի, այդ պատճառով սկզբնական ժամանակահատվածում թիմը հանդես է գալու «Բանանցի» խաղադաշտերից մեկում: Արդեն համաձայնություն կա երևանյան ակումբի հետ:

«Մակարավանքը» ներդրողներ ունի, սակայն նորերին էլ է ուզում ներգրավել: Նրանք կօգնեն ստադիոնի վերանորոգմանը:

Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ թիմը դեռ գլխավոր մարզիչ չունի: Հայտնի չէ, թե երբ կհայտարարվեն նրանց ու ֆուտբոլիստների անունները: Հավանական է, որ թիմը կկազմավորվի «Բանանցի» սաներով:  

Ի պատասխան ArmFootball.com-ի հարցմանը, «Բանանցի» մամուլի ծառայությունից հերքեցին, որ այդ երկու ակումբներն անմիջական կապ ունեն, սակայն նշեցին, որ վարձավճարով ֆուտբոլիստներ են տվել տավուշցիներին:



© ARMFOOTBALL.COM