Մինուս 26 ամառվա սկզբին. Հայկական առաջատար ակումբների կորուստները եվրագավաթներից առաջ

15:42   16 հունիսի, 2019

Հայկական թիմերը աստիճանաբար դուրս են գալիս արձակուրդից և սկսում մարզումները: Առաջինը, բնականաբար, պատրաստությունը նոր մրցաշրջանին սկսում են այն ակումբները, որոնք Հայաստանը ներկայացնելու են եվրագավաթներում:

Նույն այդ ակումբները նաև, սովորաբար, հենց սկզբից ակտիվ են լինում տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ համալրելով կազմը եվրագավաթներից առաջ: Ամենայն հավանականությամբ, առաջին հավաքների ժամանակ «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Բանանցն» ու «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստներ կփորձարկեն, կփորձեն կազմն ուժեղացնել լեգիոներներով: Իսկ առայժմ, թիմերը հիմնականում կորուստներ են կրում՝ երբեմն ստիպված, երբեմն՝ սեփական կամքով բաժանվելով ֆուտբոլիստներից:

«Արարատ-Արմենիայից» այս պահին հեռացել են 4 ֆուտբոլիստներ: Նրանցից ամենացավալին Վլադիմիր Խոզինի կորուստն է, ռուս փորձառու ֆուտբոլիստը պաշտպանության առաջատարն էր, թիմի ավագը: Խոզինը վարձավճարով էր հանդես գալիս Հայաստանի չեմպիոնի կազմում, այնպես, ինչպես ևս մեկ պաշտպան՝ իսպանացի Սերխի Գոնսալեսը: Բացառված չէ, որ երկու ֆուտբոլիստներն էլ վերադառնան Մինասյանի թիմ, ինքը՝ Մինասյանը չի բացառել Խոզինի վերադարձը: Հակառակ դեպքում գլխավոր մարզիչը պետք է փորձի փոխարինող գտնել պաշտպանության առաջատարին: 

Թիմում չէ նաև Ալեքսեյ Պուստոզերովը, վերջինս մրցաշրջանի սկզբում հիմնական կազմի խաղացող էր, հետո Մինասյանը սկսեց հաճախ ռոտացիայի դիմել, սակայն Պուստոզերովը, ամեն դեպքում բավականին խաղաժամանկ ստանում էր: Թիմից հեռացել է նաև մեկնարկային կազմում իր տեղը կորցրած կոլումբացի Ջովանի Մարտինեսը:

Առայժմ «Արարատ-Արմենիան» ձեռքբերումներ չունի, սակայն մոտ օրերս արդեն կարելի է սպասել նոր տրանսֆերների:

«Փյունիկի» կորուստները այս պահի դրությամբ ավելի նշանակալի են: Մոհամեդ Կոնատեի և Ուսման Մոհամեդի հեռանալու մասին հայտնի էր դեռևս մրցաշրջանի ընթացքում: Նրանք երկուսն էլ համալրեցին ՌՊԼ-ի նորեկ «Տամբովի» կազմը: Վիտալի Ստեժկոյի վարձակալության ժամկետն ավարտվեց, լրացավ Դենիս Տալալայի ու Մաքսիմ Տրուսևիչի հետ պայմանագրի ժամկետները, որոնք չերկաարձգվեցին: Տալալայն արդեն իր համար նոր ակումբ է գտել՝ համալրելով ռուսական Ազգային լիգայի առաջատարներից մեկի՝ «Տոմի» կազմը: Բացի դրանից խզվել է պայմանագրերը Վահագն Հայրապետյանի, Լասինա Դաոյի, Սերգեյ Կոլիչևի, Վյաչեսլավ Դմիտրիևի ու Դենիս Դորոժկինի հետ: Ընդհանուր առմամբ, այս պահին «Փյունիկից» 10 ֆուտբոլիստ է հեռացել, որոնցից մեծ մասը հիմնական կազմի խաղացող էին և մեծ նպաստ էին ունեցել թիմի հաջողություններում: Ի տարբերություն չեմպիոնի, «Փյունիկի» կազմում համալրումներ էլ կան: Առաջին դիվիզիոնում ռեկորդային 46 գոլի հեղինակ դարձած Ստանիսլավ Եֆիմովն ու «Փյունիկի» սան, հայկական ֆուտբոլի ունեցած երբևիցե ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը՝ Էդգար Մանուչարյանը, պայմանագիր են կնքել մայրաքաղաքային ակումբի հետ:

«Բանանցի» 4 կորուստներից ամենացավալին կարող է լինել Ալբերտ Գաջիբեկովի հեռանալը: Փորձառու պաշտպանը վարձավճարով էր խաղում «Բանանցում», հիմա վերադարձել է իր հարազատ «Արմավիր»: Թիմից հեռացել են նաև հարձակվողներ Իլյա Դամաշկանն ու Նաթանյաել Ասամոան, պաշտպան Արթուր Ավագյանը: Երեքն էլ հաճախ էին լինում մեկնարկային կազմում, բայց անփոխարինելի չեն համարվում: ԹԻմի կազմը համալրել է փորձառու Արտակ Դաշյանը, ով հենց «Բանանցի» սան է:

«Ալաշկերտն» այս պահին բաժանվել է 8 ֆուտբոլիստներից: Միգուցե, դա կապված է Աբրահամ Խաշմանյանի՝ վերջին հետխաղյա ասուլիսին արած հայտարարության հետ, երբ նա իր թիմի ֆուտբոլիստներից մի մասին մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ: Ինչևիցե, Եդիգարյան եղբայրները «Ալաշկերտի» գրեթե բոլոր հաջողություններին անմիջական մասնակից էին, և առանց նրանց թիմը նույնիսկ պատկերացնել հնարավոր չէ: Ալեքսանդր Պրուդնիկովը իրեն վատ չդրսևորեց առաջնության երկրորդ հատվածում, Ջոել Դամահուն կարևոր խաղացող չդարձավ թիմի համար: «Ալաշկերտում» չեն նաև Լևոն Հայրապետյանը, Գորան Անտոնիչը և վերոհիշյալ Էդգար Մանուչարյանը: Նաև ավարտվել է Դանիլո Սեկուլիչի վարձակալության ժամկետը, սերբ ֆուտբոլիստը կվերադառնա հունգարական «Դեբրեցեն» և հայտնի չէ՝ «Ալաշկերտը» կկարողանա վերադարձնել իր հիմնական կազմի ֆուտբոլիստին, թե ոչ:

«Մեծ արտահոքսը» շուտով պետք է ավարտվի, և թիմերը արդեն կսկսեն հայտարարել ձեռքբերումների մասին: Մնում է հուսալ, որ նորեկներն էլ կարճ ժամանակում կկարողանան հարմարվել նոր թիմերում և դրսևորել իրենց կարողությունները եվրագավաթներում:



© ARMFOOTBALL.COM