Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Մխիթարյանի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին

01:40   8 հունիսի, 2019

Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգ) մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է Ադրբեջանը ներկայացնող լրագրողի հարցին՝ կապված Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր մեկնել Բաքու՝ մասնակցելու Եվրոպա լիգայի եզրափակչին։

- Նույնիսկ մեր նախարարը պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ իր անվտանգությունը կապահովեն, սակայն ձեր ֆուտբոլիստը չայցելեց Բաքու։

Ես տեղյակ չեմ, որ պաշտոնապես նման հայտարարություն է արվել։ Համացանցում կար տեսանյութ, թե ինչպես էին ադրբեջանցի ոստիկանները մոտենում երկրպագուներին, որոնք կրում էին Հենրիխ Մխիթարյանի անունով շապիկ: Պատկերացրեք, որ տվյալ դեպքում ընդամենը երկրպագուների մասին է խոսքը։ Մխիթարյանի անունով շապիկ կրողները հայտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում:

Դեպքեր են եղել, որ ՌԴ քաղաքացին՝ ծագումով հայ, ցանկանում էր այցելել Բաքու, բայց թույլտվություն չստացավ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Դա շատ վատ նշան է, իսկ Հայաստանում նման բան չկա: Վերջերս «Թուրան » գործակալության լրագրողներից մեկն այցելել էր Հայաստան, և ես գիտեմ, որ որևէ խնդիր չի ունեցել, նույնիսկ անվտանգության որևէ հարց չի բարձրացել։



© ARMFOOTBALL.COM