Ուտկին. «Մխիթարյանի մասին իմ գրառումից հետո ադրբեջանական մամուլում սարսափելի բաներ էին կատարվում»

18:39   29 մայիսի, 2019

Ռուս ճանաչված սպորտային մեկնաբան Վասիլի Ուտկինը հերթական անգամ անդրադրաձել է Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմեկնելու որոշմանը: 30-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել անվտանգության պատճառով, քանի որ խաղը կայանալու է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

«Հանուն Մխիթարյանի, եզրափակչում կերկրպագեմ «Արսենալին»: Այնտեղ գնալը շատ մեծ ռիսկ կլիներ նրա կողմից: Այնուամենայնիվ, կողմերից յուրաքանչյուրն այդ իրավիճակը կարող էր տրիումֆային դարձնել` ձախողման փոխարեն, բայց դա ոչ ոք չարեց:

Ես այդ իրավիճակում չեմ եղել, բայց նմատաիպ դրության մեջ հայտնվել եմ: Մխիթարյանի փոխարեն ես անպայման կգնայի Բաքու: Բայց այն մարդը չեմ, որ կարող է նրան մեղադրել, որովհետև դա յուրաքանչյուրի անձնական գործն է: Այստեղ դա նաև թիմի վրա ազդեց:

Այս իրավիճակի վերաբերյալ գրառում էի կատարել, որից հետո ադրբեջանական մամուլում սարսափելի բաներ էին կատարվում: Այդ գրառումը շատերի համար միանշանակ չէր, սակայն ինձ ուղարկեցին ադրբեջանական մամուլում հրապարակված տասնյակ նյութեր, որոնցում նրանք իրենց ուզած ձև էին գրածս մեկնաբենել: Ի՞նչ եք կարծում, նրանից քանի՞սն են ինձ զանգահարել և ճշտել, թե ինչ նկատի ունեի: Բնականաբար, զրո (0):

Ես իմ գրառման ժամանակ որևէ չար խոսք չէի ասել Ադրբեջանի մասին: Հետո ինձ ուղարկեցին ադրբեջանցիների գրածներն իմ մասին: Հիմա չեմ դիմանա և կասեմ…

Ընկերներ, եթե ձեր հողերն այնպես պաշտպանեիք, ինչպես ինձ վրա եք հարձակվում, ոչ ոք ձեզնից նույնիսկ թեյի գդալ չէր կարող խլել», - Эхо Москвы ռադիոկայանի եթերում ասել է Ուտկինը:  



© ARMFOOTBALL.COM