«Նոկաուտ» շախմատային տախտակի առջև. Լևոն Արոնյանի նոր ուղին դեպի հավակնորդների մրցաշար

17:51   19 մայիսի, 2019

Ուրբաթ օրը՝ մայիսի 17-ին, Մոսկվայում մեկնարկեց շախմատի գրան-պրիի առաջին փուլը, որով սկիզբ դրվեց աշխարհի չեմպիոնի գահի համար պայքարի սկիզբը: Այս պահին շախմատիստների գլխավոր նպատակը 2020 թվականի հավակնորդների մրցաշարի 8 ուղեգրերից մեկին տիրանալն է:

Ինչպե՞ս կարելի է հայտնվել հավակնորդների մրցաշարում

Այս անգամ ՖԻԴԵ-ն ավելի շատ հնարավորություններ տալիս շախմատիսնտներին հայտնվելու հավակնորդների մրցաշարում: Եթե առաջ մրցաշարերի միջոցով հավակնորդների մրցաշարում հայտնվելու երկու ճանապարհ կար՝ գրան-պրի և աշխարհի գավաթ, ապա այս անգամ ավելացել է ևս մեկ մրցաշար: Բայց ամեն ինչի մասին՝ հերթով:

Հավակնորդների մրցաշարի 8 տեղերից մեկը պատկանում է աշխարհի չեմպիոնի մրցամարտում պարտված շախմատիստին: Այս դեպքում դա Ֆաբիանո Կարուանան է: Եվս մեկ ուղեգիր կստանա 2019թ.-ին լավագույն ռեյտինգ ունեցող շախմատիստը: Մնացած վեց ուղեգրերը բաշխվելու են մրցաշարերի միջոցով:

Աշխարհի գավաթ

Նախորդ անգամ Արոնյանը իրավունք ստացավ մասնակցել հավակնորդների մրցաշարին հենց աշխարհի գավաթի միջոցով: Այս անգամ ևս աշխարհի գավաթի խաղարկությունը անցկացվելու է Խանտի-Մանսիյսկում՝ սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 2-ը: Նոկաուտ համակարգով մրցաշարին մասնակցելու է 128 շախմատիստ: Եզրափակիչ դուրս եկած երկու շապմատիստները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին: Աշխարհի գավաթի խաղարկությանն իրավունք ունեն մասնակցել Լևոն Արոնյանը, Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մովսեսյանը (վերջին երեքը այդ իրավունքը ստացել են Եվրոպայի առաջնություններում բարձր տեղեր զբաղեցնելով): ԱՄՆ-ը ներկայացնող երիտասարդ Սամվել Սևյանը ևս մասնակցելու է

Շվեյցարական համակարգով մրցաշար

Սա նորություն է ՖԻԴԵ-ի կողմից: Հոկտեմբերի 7-ից 21-ը Մեն կղզում տեղի է ունենալու շվեյցարական համակարգով խոշոր մրցաշար, որի հաղթողը իրավունք է ստանալու մասնակցել հավակնորդների մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու են 120 շախմատիստներ, որոնք ընտրվելու են ռեյտինգի համաձայն: Հնարավոր է՝ բացի Արոնյանից այս մրցաշարին մասնակցեն նաև Գաբրիել Սարգսյանն (2681) ու Հրանտ Մելքումյանը (2658), ովքեր բավականին բարձր վարկանիշ ունեն այս պահին: Եթե մրցաշարի հաղթողն արդեն իրավունք ունի մասնակցել հավակնորդների մրցաշարին (Կարուանա, աշխարհի ագավթի եզրափակչի մասնակից), ապա ուղեգիր կստանա երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստը:

Գրան-պրիների սերիա

Այս անգամ ՖԻԴԵ-ն փոփոխություն է մտցրել գրան-պրիների խաղարկությունում: Եթե առաջ մրցաշարերն անցնում էին շրջանաձև համակարգով, ապա այս անգամ դրանք անցկացվելու են նոկաուտ համակարգով: Կազմակերպիչները հրավիրել են 20 շախմատիստների: Նրանց թվում է նաև Լևոն Արոնյանը: Լինելու է գրան-պրիի 4 խաղարկություն՝

Մայիսի 16-30՝ Մոսկվա

Հուլիսի 11-25՝ Յուրմալա/Ռիգա

Նոյեմբերի 4-18՝ Համբուրգ

Դեկտեմբերի 10-24՝ Թել-Ավիվ

Յուրաքանչյուր մրցաշարին մասնակցելու է 16 շախմատիստ: 20 շախմատիստները մասնակցելու են 4 մրցաշարերից 3-ին: 4 մրցաշարերի արդյունքում լավագույն ցուցանիշ ունեցող երկու շախմատիստները իրավունք են ստանում մասնակցել հավակնորդների մրցաշարին: Եթե լավագույն երկուսի մեջ կա(ն) շախմատիստ(ներ), ով(քեր) արդեն իրավունք ունեն մասնակցել հավակնորդների մրցաշարին (Կարուանա, աշխարհի գավաթ, շվեյցարական համակարգով մրցաշար), ապա նրա(նց) տեղը զբաղեցնում է նրա(նց) հաջորդած շախմատիստը:

Վարկանիշ

2019թ.-ի վերջին արդեն հայտնի են դառնում 8 մասնակիցներից 6-ը: Դրանից հետո ընտրվում է 7-րդ մասնակիցը՝ 2019թ.-ի վարկանիշային աղյուսակների հիման վրա: ՖԻԴԵ-ն ամեն ամիս դասակարգման աղյուսակի հիման վրա շախմատիստներին տալիս է միավորներ, առավելագույն միավորներ ունեցողը ստանում է հավակնորդների մրցաշարի ուղեգիր: Եթե նույն շախմատիստը արդեն ունի ուղեգիր մյուս մրցաշարերի միջոցով, ապա ուղեգիրը բաժին է հասնում երկրորդ տեղում ընթացողին: Մնացած 6 տեղերից 5-ը խաղարկվում է մրցաշարերի միջոցով:

Ուալյդ-քարդ

8-րդ մասնակցին ընտրում է ՖԻԴԵ-ն: Սակայն, եթե նախկինում ՖԻԴԵ-ն իրավունք ուներ ընտրել իր ցանցակած շախմատիստին, ապա այժմ կան չափորոշիչներ, որոնց վրա ՖԻԴԵ-ն պետք է հիմնվի ընտրություն կատարելիս: Ութերորդ մասնակիցը, որին պետք է ընտրի շախմատի ֆեդերացիան պետք է համապատսխանի հետևյալ չափորոշիչներից մեկին.

- 2019թ.-ի ընթացքում հաշվարկվող վարկանիշային միավորներով լինի թոփ-10-ում

- աշխարհի գավաթի խաղարկությունում զբաղեցնի կամ երրորդ կամ չորրորդ տեղը (եթե երրորդ տեղը զբաղեցրած շախմատիստն արդեն ուղեգիր ունենա)

- շվեյցարական համակարգով մրցաշարում զբաղեցրած լինի երկրորդ տեղը (կամ, եթե երկրորդ տեղը զբաղեցրած շախմատիստն ուղեգիր ունենա՝ երրորդ)

- լինի լավագույնը գրան-պրիի արդյունքներով՝ չհաշվված ուղեգիր ունեցողները:

Ընդ որում, ընտրված շախմատիստը պետք է մասնակցի նշված երեք մրցաշարերից առնվազն երկուսին:

Ինչպե՞ս են Արոնյանի գործերը և հնարավորոթյունները

Գրան-պրիների սերիայում Արոնյանի մեկնարկը ձախողվեց: Մոսկվայում նա դուրս մնաց հենց առաջին փուլից՝ Յան Նեպոմնյաշչուց: Սևերով Արոնյանը պարտվեց, սպիտակներով էլ՝ ոչ-ոքի խաղաց: Դա առաջին փուլի միակ սենսացիան չէր: Ուեսլի Սոն ճանապարհը զիջեց Դանիիլ Դուբովին, Շահիրյար Մամեդյարովը՝ Ռադոսլավ Վոյտաշեկին: Սերգեյ Կարյակինը պարտվեց Ալեքսանդր Գրիշչուկին, Նիկիտա Վիտյուգովը՝ Պյոտր Սվիդլերին: Թայ-բրեքով հաղթողին կպարզեն Թեմուր Ռաջաբովն ու Հիկարու Նակամուրան:

Այս փուլի ձախողումը էականորեն կբարդացնի Արոնյանի՝ գրան-պրիի միջոցով ուղեգիր նվաճելու գործերը: Սակայն, հաշվի առնելով նման մրցաշարերի անկանխատեսելիությունը, դեռ պետք չէ խաչ քաշել սերիայի մյուս փուլերի վրա: Վարկանիշային պայքարում Լևոնն այս պահին 8-րդն է, այնպես որ դժվար թե վարկանիշով իրավունք ստանա մասնակցել հավակնորդների մրցաշարին: Մնում է՝ մրցաշարերից մեկի ընթացքում ուղեգիր նվաճել, կամ էլ այնպիսի տեղեր զբաղեցնել, որ գոնե վերջում ՖԻԴԵ-ի ընտրության չափորոշիչներին համապատասխանի:

 



© ARMFOOTBALL.COM