Վիգեն Խաչատրյան. «Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց»

02:04   12 ապրիլի, 2019

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփեց հայ ծանրորդների հաջող ելույթները Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշային կարգում:

«Այսօր մեր ծանրորդներն արեցին առավելագույնը, քան կարող էին, քանի որ Անդրանիկ Կարապետյանի ձախողումից հետո նրանք ավելի զայրացած մոտեցան ծանրաձողին: Մեր մարզիկները ցույց տվեցին իրենց բարձր կարգը: Լավ մարզումներին հաջորդեցին հաջող մրցելույթները՝ հատկապես Դավիթ Հովհաննիսյանի մոտ: Դավիթը գրանցեց նոր արդյունքներ, իսկ հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանի գրանցած 207 կգ-ն գերազանց էր: Մեր ծանրորդների մրցելույթները գնահատում եմ գերազանց»,- Մարզչի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հակոբ Մկրտչյանը երկամարտում գրանցել է 371 կգ արդյունք՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 360 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։




© ARMFOOTBALL.COM