Ծանրամարտ. Եվրոպայի առաջնություն. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը, նախնական պատվերներն ու շանսերը

17:23   8 ապրիլի, 2019

Բաթումիում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնելու է 14 մարզիկ: ArmFootball.com-ը ներկայացնում է մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը, նախնական պատվերները ու հնարավորությունները այս առաջնությունում:

8.4.2019

Ժամը 18:00
Կանայք, 59 կգ
Իզաբելլա Յայլյան, նախնական պատվերը՝ 215 (3-րդ)

Յայլյանից ավելի բարձր նախնական պատվեր ունեն Տատյանա Ալեևան (Ռուսաստան)՝ 220 կգ և Ռեբեկա Կոհան (Լատվիա)՝ 225 կգ: Մեդալների համար պայքարում Յայլյանի մրցակիցներից է լինելու նաև Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ալեքսանդրա Կոզլովան: Յայլյանը երիտասարդների ու պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, սակայն մեծահասակների ասպարեզում իրեն դեռ չի կարողանում լիարժեք դրսևորել: Նախորդ առաջնությունում նա 0 ստացավ պոկումում, այս անգամ պետք է փորձի հաղթահարել հոգեբանական դժվարությունները ու ցույց տա իր ամբողջ ներուժը:

09.04.2019

Ժամը 20:30
Տղամարդիկ, 73կգ
Արմեն Գրիգորյան, նախնական պատվերը՝ 330 կգ (5-րդ)

Գրիգորյանի համար սա առաջին փորձամրցումն է մեծահասակների ասպարեզում: Նա ընդամենը 18 տարեկան է, 19 կլրանա ապրիլի 15-ին: Այս քաշային կարգում ֆավորիտները երեքն են՝ Բոժիդար Անդրեև (Բուլղարիա), Սերգեյ Պետրով (Ռուսաստան), Վադիմ Լիխարդ (Բելառուս): Գրիգորյանի նախնական՝ 330 կգ պատվերը 5-րդն, մինչ այս նևա երկամարտի լավագույն արդյունքը միջազգային մրցումներում եղել է 301 կգ՝ նախորդ տարվա Եվրոպայի պատանիների առաջնությունում, որտեղ Գրիգորյանը զբաղեցրեց 2-րդ տեղը: 2017թ.-ի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է: Եթե կարողանա գրանցել պատվիրած 330 կգ արդյունքը, ապա լավ ցուցանիշ կհամարվի:

10.4.2019

Ժամը 20:30
Տղամարդիկ, 81 կգ
Ռաֆիկ Հարությունյան, նախնական պատվերը՝ 350 կգ (վերջին)
Անդրանիկ Կարապետյան, նախնական պատվերը՝ 365 կգ (2-րդ)

Ռաֆիկ Հարությունյանը ևս երիտասարդ մարզիկ է, 18 տարեկան, առաջին փորձամրցումն է մեծահասակների ասպարեզում: Նրա պատվիրած նախնական 350 կգ-ը ամենացածրն է A խմբում: Մինչ այս լավագույն արդյունքը երկամարտում 326 կգ-ն է, որով նա երկրորդ տեղւ զբաղեցրեց երիտասարդների Եվրոպայի նախորդ տարվա առաջնությունում: Նախորդ տարի Ռաֆիկը նաև բրոնզե մեդալ նվաճեց երիտասարդների աշխարհի առաջնությունում: 350 կգ-ը լուրջ արդյունք կլինի, եթե Հարությունյանը կարողանա գրանցել: Ընդհանուր առմամբ, անձանական ռեկորդը լավ արդյունք կհամարվի մեր ծանրորդի համար:

Իսկ ահա Անդրանիկ Կարապետյանը պայքարելու է Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Առաջին հերթին Կարապետյանը պետք է կարողանա հաղթահարել վնասվածքից ապաքինվելուց հետո ունեցած հոգեբանական դժվարությունները: Նախորդ տարի աշխարհի առաջնությունում Անդրանիկը 0 ստացավ պոկում վարժությունում, ինչը նրա հետ երբեք չէր եղել նախկինում: 2016թ.-ի Եվրոպայի չեմպիոնի համար սա շատ կարևոր փորձամրցում է ենց այդ տեսանկյունից: Անդրանիկից բարձր պատվիրել է ալբանացի Դանիել Գոդելին՝ 369 կգ, ով վերադարձել է որակազրկումից: Գոդելին ավելի ուժեղ է հրում վարժությունում, և պոկումում Անդրանիկը պետք է փորձի հնարավորինս պոկվել նրանից: Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն նաև Պյոտր Ասայոնակը (Բելառուս)՝ 365 կգ նախնական պատվեր, Անտոնիո Պիցոլատոն (Իտալիա)՝ 360 կգ և Ռիտվարչխս Սուխարևսը (Լատիվա)՝ 355 կգ:

11.4.2019

Ժամը 18:00
Տղամարդիկ, 89 կգ
Դավիթ Հովհաննիսյան, նախնական պատվեր՝ 360 կգ (3-րդ)
Հակոբ Մկրտչյան, նախնական պատվեր՝ 370 կգ (1-ին)

22-ամյա Դավիթ Հովհաննիսյանը իր նորամուտն է նշում մեծահասակների ասպարեզում: 2016թ.-ի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն է, 2017թ.-ի՝ փոխչեմպիոն: Նախնական պատվերը՝ 360 կգ, երրորդն է: Մինչ այս նրա լավագույն արդյունքը եղել է 343 կգ-ը՝ 85 կգ քաշային կարգում: Եթե կարողանա անձնական նոր ռեկորդ սահմանել, իր համար լավ արդյունք կլինի:

Հակոբ Մկրտչյանը չեմպիոնի հավակնորդներից է: Աշխարհի առաջնությունում մի փոքր չհերիքեց չեմպիոն դառնալու համար: 2014թ.-ի պատանիների օլիմպիական խաղերի չեմպիոնի երկամարտի լավագույն արդյունքը 365 կգն-ն է, բայց կարող էր ավելին լինել նախորդ տարվա աշխարհի առաջնությունում, շատ մոտ էր 213 կգ-ը պահելուն: Պոկումում Հակոբը պետք է փորձի հնարավորինս լավ արդյունք ցույց տալ, ավելի բարձր, քան աշխարհի առաջնությունում ցույց տված 160 կգ-ը, շատ բաց չթողնի մրցակիցներին և հրումում փորձի հետ բերել: Բացակայում է աշխարհի չեմպիոն Արտյոմ Օկուլովը, չկա նաև փոխչեմպիոն Պավել Խադասևիչը: Նրանց բացակայության պայմաններում Հակոբի հիմնական մրցակիցներն են աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռևազ Դավիթաձեն (Վրաստան)՝ 365 կգ նախնական պատվեր և ալբանացի Կրենար Շորայը 370 կգ:

12.4.2019

Ժամը 15:15
Կանայք, 81 կգ
Լիանա Գյուրջյան, նախնական պատվերը՝ 220 կգ (2-րդ)

Գյուրջյանն ընդամենը 16 տարեկան է, համարվում է հայկական ծանրամարտի հույսերից մեկը: Նրա քաշային կարգում 6 ծանրորդ է մասնակցելու, բելգիացի Աննա Վանբելինգհենի նախնական պատվերը 220 կգ է, 4 ծանրորդ, այդ թվում՝ Լիանան, պատվիրել են 220 կգ, բելառուսց մարզուհին՝ 215 կգ: Գյուրջյանի կարիերայի լավագույն արդյունքը 208 կգ-ն է, որը նա գրանցել է այս տարի, պատանիների աշխարհի առաջնությունում՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: Անձնական նոր ռեկորդը լավ ցուցանիշ կլինի Լիանայի համար, սակայն մեդալների համար պայքարելը դժվար կլինի:

Ժամը 18:00
Կանայք 87 կգ
Տաթև Հակոբյան, նախնական պատվերը՝ 240 կգ (1-ին)

Տաթև Հակոբյանի նախնական պատվերը ամենաբարձրն է՝ ռուսաստանցիներ Կսենիա Պաշկինայի և Դիանա Մստիևայի հետ միասին՝ 240 կգ: Նախորդ տարի Տաթևը բրոնզե մեդալակիր դարձավ Եվրոպայի առաջնությունում՝ 90 կգ քաշային կարգում՝ 230 կգ արդյունքով, ինչը Հակոբյանի համար անձնական ռեկորդ է: Սակայն աշխարհի առաջնությունում, հանդես գալով 81 կգ քաշային կարգում, Հակոբյանը ձախողեց պոկում վարժության բոլոր մոտեցումները 104 կգ-ոց ծանրաձողին: Հիմա նա հանդես է գալու 89 կգ քշաային կարգում, և եթե կարողանա իր նախնական պատվերին մոտ արդյունք ցույց տալ, ապա մեդալի հավակնորդ կլինի:

13.4.2019

Ժամը 09:00
Տղամարդիկ, 102 կգ
Սամվել Գասպարյան, նախնական պատվերը՝ 390 կգ (1-ին)
Արսեն Մարտիրոսյան, նախնական պատվերը՝ 380 կգ (3-րդ)

Մրցումային վերջին օրը Հայաստանը 6 ներկայացուցիչ է ունենալու 4 քաշային կարգերում, և նրանցից 5-ը մեդալների հավակնորդ են: Առաջինը պայքարի մեջ կմտնեն տղամարդկանց մինչև 102 կգ քաշային կարգի մարզիկները՝ առավոտյան ժամը 09:00-ին: Սամվել Գասպարյանի համար սա երկրորդ փորձն է լինելու մեծահասակների ասպարեզում, երկու տարի առաջ Եվրոպայի առաջնությունում նա 7-րդն էր՝ անձնական ռեկորդով՝ 3757 կգ: Նախորդ տարին Սամվելը բաց թողեց, հիմա վերադառնում է մինչև 102 կգ քշաային կարգի ֆավորիտի կարգավիճակով: Գյումրեցի ծանրորդի նախնական պատվերը 390 կգ է, նրա հիմնական մրցակիցներն են Վադիմ Ստրելցովը (Բելառուս)՝ 381 կգ, Դմիտրո Չումակը (Ուկրաինա)՝ 380 կգ և Իրակլի Չխեիձեն (Վրաստան)՝ 380 կգ: Վերջինիս անձնական ռեկորդը 386 կգ է: Հնարավոր է, որ հենց Չխեիձեի ու Գասպարյանի միջև ծավալվի հիմնական պայքարը:

Արսեն Մարտիրոսյանի նախնական պատվերը ևս 380 կգ է: Նրա անձնական ռեկորդը 366 կգ է, այդ արդյունքով Արսենը 3-րդ տեղը զբաղեցրեց նախորդ տարի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Սիմոն Մարտիրոսյանի կրտսերը եղբայրը վերջին տարիներին առաջընթաց է գրանցում արդյունքներում և կարող է անձնական նոր ռեկորդ ունենալ, և, հնարավորության դեպքում, պայքարել մեդալների համար:

Ժամը 12:00
Տղամարդիկ, 109 կգ
Սիմոն Մարտիրոսյան, նախնական պատվերը՝ 420 կգ (1-ին)

Վստահաբար կարելի է ասել, որ Սիմոնի միակ մրցակիցը՝ հենց ինքն է: Նա աշխարհի չեմպիոն դարձավ ֆանտաստիկ 435 կգ արդյունքով, այս առաջնությունում նրա մրցակիցների համար 410 կգ-ը նույնիսկ լավ արդյունք կհամարվի: Հաջողության դեպքում Մարտիրոսյանը կարող է պայքարել նաև իր իսկ համաշխարհային ռեկորդները գերազանցելու համար: Սակայն ժամանակից շուտ հաղթանակին հավատալ պետք չէ, առաջին հերթին պետք է արդյունք գրանցել: Սիմոնի կարիերայում եղել են դեպքեր, երբ բացահայտ ֆավորիտ լինելով, նա ձախողել է պոկում վարժությանմոտեցումները, դա եղել է 2015թ.-ի երիտասարդների աշխարհի առաջնությունում: Նման բան աշխարհի չեմպիոնը իրեն չպետք է թույլ տա: Եվրոպայի առաջնության են ժամանելու նաև մյուս տիտղոսակիր մարզիկները, բացառությամբ, թերևս ռուսաստանցի Դավիթ Բեջանյանից: Արտուրս Պլեսնիկսը (Լատվիա), Անդրեյ Արյամնովը (Բելառուս), նախնական պատվեր, Վասիլ Գոսպոդինովը (Բուլղարիա), Տիմուր Նանիևը, Ռոդիոն Բաչկովը (Ռուսաստան), Արկադիուշ Միխալսկին (Լեհաստան), պայքարելու են մեդալների համար:

Ժամը 15:00
Կանայք, +87 կգ
Արփինե Դալալյան, նախնական պատվերը՝ 240 կգ (4-րդ)

Այս քաշային կարգում 6 մասնակից կա, քաշի բացարձակ ֆավորիտը Տատյանա Կաշիրինան է (Ռուսաստան)՝ 315 կգ նախնական պատվերով: Արծաթե մեդալի ֆավորիտը Անաստասիա Լիսենկոն է (Ուկրաինա)՝ 270 կգ: Դալալյանը պայքարը ավելի շատ լինելու է Էմիլի Քեմփբելի (Բրիտանիա)՝ 250 կգ նախնական պատվեր, Ալեքսանդրա Միերժեյեվսկայի (Լեհաստան)՝ 240 կգ, Մագդալենա Կարոլյակի (Լեհաստան)՝ 235 կգ հետ: Դալայանի անձնական ռեկորդը 239 կգ է, այդ արդյունքով նա 18-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում: Եվրոպայի պատանիների և երիտասարդների չեմպիոն է, իսկ նախորդ տարի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկրորդն էր:

Ժամը 17:30
Տղամարդիկ, +109 կգ
Ռուբեն Ալեքսանյան, նախնական պատվերը՝ 440 կգ (2-րդ)
Գոռ Մինասյան, նախնական պատվերը՝ 430 կգ (4-րդ)

Մրցումները կեզրափակեն տղամարդկանց գերծանր քաշայինները, և, հասկանալի է, որ տանտերերի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն այս քաշային կարգում հավաքելու է բոլոր ոսկիները, եթե արտակարգ ինչ-որ դեպք չլինի, միգուցե և նոր համաշխարհային ռեկորդների գնա: Ռուբեն Ալեքսանյանը և Գոռ Մինասյանը պայքար կմղեն արծաթե մեդալների համար: Նրանց մրցակիցներն են Իրակլի Թուրմանիձեն (Վրաստան)՝ 435կգ, Մարտ Սեյմը (Էստոնիա)՝ 420 կգ, Անտոնի Սավչուկը (Ռուսաստան)՝ 420 կգ, Էդուարդ Զյազուլինը (Բելառուս)՝ 431 կգ: Վերջին տարիներին Մինասյանը գրեթե միշտ երկրորդն լինում՝ զիջելով միայն Տալախաձեին: Այս առաջնության նա մոտեցել է վնասվածքով, և, հնարավոր է, չկարողանա իր լավագույն արդյունքները ցույց տալ:

Ալեքսանյանը կփորձի այս անգամ մտնել պայքարի մեջ՝ ապավինելով իր ուժեղ կողմին՝ հրում վարժությանը: Պոկումում Ռուբենը պետք է փորձի հնարավորինս բարձր արդյունք ցույց տալ՝ 190-195 կգ-ի սահմաններում: Իսկ Գոռը, հակառակը, պետք է փորձի պոկումում բարձր արդյունք ցույց տալ՝ առաջին հերթին Մարտ Սեյմից, Թուրմանիձեից ու Ալեքսանյանից պոկվելու համար, քանի որ հրում վարժությունում գյումրեցի ծանրորդը խնդիրներ ունի, առավել ևս՝ վնասվածքի պարագայում:



© ARMFOOTBALL.COM