Ինչ է թույլատրված և որքան ժամկետում. Սեմինար դոպինգի վերաբերյալ

15:42   27 փետրվարի, 2019

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել սեմինար՝ 2019 թվականի արգելված նյութերի վերաբերյալ՝ մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ: Սեմինարն անցկացրել է նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը, տեղեկանում ենք նախարարության պաշտոնական կայքից:

Սեմինարի մասնակիցներին ողջունել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, որն իր խոսքում կարևորեց արգելված նյութերի բացառումը ինչպես մարզիկների մարզումների ընթացքում, այնպես էլ մարզումներից դուրս: «Վստահ եմ, որ բոլոր ներկաները գիտակցում են, թե նախաօլիմպիական տարում որքան կարևոր է պահպանել այն բոլոր կանոնները, որոնք այսօր կներկայացնի մեր հակադոպինգային ծառայության պետը»,- ասել Գ. Ղազարյանը: 

Սեմինարի բանախոս Արեգ Գալստյանը ներկայացրել է տարբեր նյութերի օգտագործման առանձնահատկությունները: Նա մասնավորապես նշել է, որ համաձայն վերջին հետազոտությունների՝ գլուկոկորտիկոստերոիդների օգտագործումը պետք է դադարեցնել մրցումներից առնվազն 15 օր առաջ, երբ դրանք օգտագործվում են օրալ, ներերակային, միջմկանային կամ ռեկտալ ճանապարհով: Տեղային միջհոդային, միջմաշկային, ներսինովիալ, հարհոդային, հարջղային ներարկումը թույլատրված է, եթե դա իրականացվել է մրցումային շրջանի սկզբից ոչ պակաս քան, 72 ժամ առաջ:

«Այս դեպքում չի պահանջվում բուժման նպատակով արգելված դեղերի օգտագործման թույլտվություն, իսկ մրցումների սկզբից այլ ժամանակահատված առաջ կատարված տեղային ներարկման դեպքում այդ թույլտվությունը պարտադիր է»,- տեղեկացրել է մասնագետը:



© ARMFOOTBALL.COM