«Ալաշկերտը» վերսկսեց մարզումները

14:49   11 հունվարի, 2019

Այսօր` հունվարի 11-ին, «Ալաշկերտը» ձմեռային արձակուրդից հետո վերսկսեց մարզումները: «Ալաշկերտ» մարզադաշտում կայացած մարզմանը, որի ընթացքում ալաշկերտցիները վազքային վարժություններ կատարեցին, մասնակցեցին հայաստանցի ֆուտբոլիստները: Այդ մասին տեղեկանում ենք երևանյան ակումբի մամուլի ծառայությունից:

Արդեն վաղն «Ալաշկերտին» կմիանան բոլոր արտասահմանցի ֆուտբոլիստները և թիմը կմարզվի ամբողջական կազմով: Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը Երևանում կմարզվի մինչև հունվարի 23-ը, իսկ հաջորդ օրը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 6-ը կանցկացնի առաջին արտասահմանյան հավաքը:

Անթալիայում առաջին հավաքի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ: Հունվարի 30-ին «Ալաշկերտը» կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին մեր թիմը կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին ալաշկերտցիները կհանդիպեն Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլին», իսկ հաջորդ օրը կվերադառնան Երևան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» ևս մեկ ուսումնամարզական հավաք կանցկացնի Անթալիայում, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ: Մրցակիցների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակենք առաջիկայում:



© ARMFOOTBALL.COM