Որոնել
Արխիվ
18.08.2018  10:59

Իտալիայում փակվեց տրանսֆերային պատուհանը. վերջին օրվա գլխավոր գործարքները

Երեկ` օգոստոսի 17-ին Իտալիայում փակվեց տրանսֆերային պատուհանը: Ապինենիներում հետևեցին Անգլիայի օրինակին և առաջնության մեկնարկին նախօրեին փակեցին նոր ֆուտբոլիստներ գնելու հնարավորությունը: Մինչև օգոստոսի վերջ Ա սերիայի ակումբներից ֆուտբոլիստները կարող են միայն այլ լիգաներ տեղափոխվել: Երեկ հիմնական տրանսֆերները համաձայնեցվում էին Միլանի «Մելյա» հյուրանոցում, որտեղ հավաքվել էին գրեթե բոլոր ակումբների ներկայացուցիչներն ու ֆուտբոլիստների բազմաթիվ գործակալներ:

ArmFootball.com-ը ներկայացնում է Իտալիայում տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենաուշագրավ գործարքները:

«Յուվենտուս»

Թուրինցիները Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերից հետո նոր ներդրումների «պարտադրեցին» իտալական ակումբներին, սակայն իրենց թիմի կազմն ամրապնդեցին ավելի վաղ: Այսօր «ծեր սինյորան» հիմնականում զբաղված էր իր երիտասարդական թիմի համար ֆուտբոլիստներ ձեռք բերելով:  Իտալիայի պատմության մեջ առաջին անգամ ակումբներից մեկի երկրորդ թիմը բարձրացել է մինչև Սերիա C:

Փոխարնը թիմից հեռացող եղավ: Թիմի լեգենդի կարգավիճակով «Յուվենտուսից» հեռացավ Կլաուդիո Մարկիզիոն: 32-ամյա ֆուտբոլիստը 7 տարեկանից «բյանկոներիի» շարքերում էր: Նա դեռ նոր թիմ չի ընտրել:

«Նապոլի»

Այս ամռանը «Նապոլին» փոխեց բոլոր դարպասապահներին: Պեպե Ռեյնայի հեռանալուց հետո ակումբը հրաժեշտ տվեց նաև նրա փոխարինողներին: «Ուդինեզեից» հրավիրվեցին փորձառու Օրեստիս Կարնեզիսն ու խոստումնալից Ալեքս Մերետը: Սակայն վերջին օրն «աձուրին» որոշեց բացառել ռիսկերը և «Արսենալից» վարձակալեց Դավիդ Օսպինային: «Նապոլին» իրավունք կունենա մեկ տարուց գնել կոլումբացու տրանսֆերը: Բացի այդ, վարձակալությամբ «Սամպդորիա» ուղարկվեց կենտրոնական պաշտպան Լորենցո Տոնելլին:

«Ռոմա»

Այս ամռանը «Ռոման» ոչ միայն Իտալիայում, այլ նաև Եվրոպայում ամենաակտիվ տրանսֆերներ կատարողն թիմերից մեկն էր: Այս ընթացքում «գայլերին» 13 նորեկներ միացան, որոնցից առնվազն 11-ը գլխավոր թիմում հանդես գալու համար են հրավիրվել: Թիմը 136 միլիոնի նոր խաղացողներ է գնել ու 124 միլիոնի վաճառել: Բայց այդ ամենը «գայլերը» բավական էին համարել, այդ պատճառով վերջին օրը գործարք չկնքեցին: Ակումբի մարզական տնօրեն Ռամոն Մոնչին «Միլյա» հյուրանոցում էր, սակայն այդպես էլ մնաց դիտորդի դերում:

«Ինտեր»

Լուկա Մոդրիչի մասին երազող «Ինտերը» վերջին օրը պասիվ էր: Միլանցիներն ամռանը լավ են ամրապնդվել և պատրաստ էին գումար ծախսել միայն սուպերֆուտբոլիստի համար: Արդյունքում, երեկ բավարարվեցին միայն հարձակվող Անդրեա Պինամոնտիին վարձակալությամբ «Ֆրոզինոնե» ուղարկելով:

«Լացիո»

«Լացիոյի» համար այս ամռանը կարևոր էր առաջատարներին չկորցնել կամ գոնե վաճառել թանկ գնով, ինչպես դա եղավ Ֆելիպե Անդերսոնի դեպքում: Երեկ «Լացիոն» ավելի շատ մտածում էր խաղաժամանակի հույս չունեցող ֆուտբոլիստներին վարձակալության ուղարկելու մասին: Այսպես, Դավիդե Դի Ջաններոն, մերժելով «Պարմային», հայտնվեց «Սալերնիտանայում», իսկ Մատտիա Սպրոկատին չդիմացավ «Պարմային» Ա սերիայում պահելու սխրանքի գայթակղությանը:

«Միլան»

Ահա և ֆիլմի գլխավոր դերակատարը: «Ռոսսոներին» վերջին օրն Իտալիայում ամենաթանկ գործարքները կնքեցին: Իտալական գրանդին 25 միլիոն եվրոյի դիմաց միացավ «Վիլյառեալի» վինգեր Սամուել Կաստիլյեխոն, իսկ 14 միլիոնով` «Ջենոայի» լատերալ Դիեգո Լաքսալտը: Նրանք կուժեղացնեն մեկնարկային կազմի համար պայքարը և միգուցե լավագույն  11-ի թվում հայտնվեն: Նրանց հետ ներկայացվեց նաև ավելի վաղ թիմին միացած Տեմուե Բակայոկոն:

Հակառակ ուղղությամբ վերջնականապես մեկնեցին Կարլոս Բակկան ու Ջանլուկա Լապադուլան: Նրանք նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ այդ թիմերում էին խաղում:

Այլ

«Լիվերպուլից» Իտալիա տեղափոխվեց և «Կալյարիի» ֆուտբոլիստ դարձավ կենտրոնական պաշտպան Ռագնար Կլավանը: Էստոնացու համար վճարվել է ծիծաղելի թվացող 1,4 միլիոն եվրո: Եվս 600 հազար նախատեսված է որպես հնարավոր պարգևավճար:

Իտալական ֆուտբոլում երկար ժամանակ մեծ հույսեր էին կապվում Ռիկարդո Սապոնարայի հետ, սակայն նա կայունության փոխարեն աչքի ընկավ կարճաժամյա փայլատակումով: Այս անգամ կիսապաշտպանին հավատաց «Սամպդորիան», որը 2 միլիոն եվրոյով նրան վարձակալեց «Ֆիորենտինայից» և պարտավորվեց 9 միլիոնով գնել ամբողջական տրանսֆերը:

Ռոբերտո Մանչինիի հեռանալուց հետո «Զենիթում» արգենտինացիների դեսանտի ապագան մշուշոտ է: Թիմից առաջին հեռացողը դարձավ եզրային կիսապաշտպան Էմիլիանո Ռիգոնին«Ատալանտան» նրան վարձակալեց (1 միլիոն եվրո)` ամբողջական տրանսֆերը (14 միլիոն) գնելու հնարավորությամբ:

«Արսենալում» ու «Ռոմայում» իր մրցելույթներով հայտնի Ժերվինյոն Չինաստանից վերադարձել է Իտալիա ու 3 տարվա պայմանագիր կնքել «Պարմայի» հետ: Իվուարցին պետք է դառնա «խաչակիրների» արշավանքի նոր առաջնորդը:

Վերջին օրվա գլխավոր սկանդալի կենտրոնում հայտնվեց Եվրո-2016-ի հակահերոսներից մեկը` Սիմոնե Ձաձան: Իտալացու գործակալը «Սամպորիայի» հետ պայմանավորվածության հասնելուց ժամեր անց խախտեց այն և իր հաճախորդին ուղարկեց «Տորինո»: «Ցլերը» հարձակվողի վարձակալության համար «Վալենսիային» վճարել են 2 միլիոն եվրո, իսկ ևս 12 միլիոն կարժենա նրա ապագա տրանսֆերը:

Բացի այդ, «Տորինոն» ձեռք է բերել նաև «Վիլյառեալի» կիսապաշտպան Ռոբերտո Սորիանոյին: Գործարքում  կա վարձակալություն և ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորություն: Վերջինս Իսպանիայում իր առաջին մրցաշրջանը հիասքանչ անցկացրեց, բայց հետո արագորեն խամրեց:  Թուրինում է խաղալու նաև «Նանտից» վարձակալած պաշտպան Կոֆի Ջիջին:

Ասում են «Ուդինեզեն» առաջիկա առաջնությունում հարձակվողական ֆուտբոլ է ցուցադրելու: Նման պարագայում կարող է շատ պետքական լինել հարձակվող Լուկաշ Տեոդորչիկը, ում համար իտալական ակումբը 6,3 միլիո եվրո է վճարել: Լեհն «Ուդինեզեի» պատմության 6-րդ ամենաթանկ նորեկն է:

Ավարտվեց «Արսենալի» ու հարձակվող Խոել Քեմպբելի համատեղ պատմությունը: 6 անգամ վարձակալությամբ այլ ակումբներ ուղարկվելուց հետո կոստառիկացին վերջնականապես տեղափոխվեց «Ֆրոզինոնե»: Գործարքի մանրամասները դեռ հայտնի չեն:


Հայկ Հովհաննիսյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000