Որոնել
Արխիվ
17.08.2018  17:01

ՀՖՖ. «Հորդորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը բացատրել գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին իր իրավունքները և պարտականությունները»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ պատասխանելով «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի՝ նախօրեին հնչեցրած մտահոգություններին:

«Հայկական 2 ակումբներ՝ «Ալաշկերտը» և «Փյունիկը» եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացան աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել ֆուտբոլի հայ երկրպագուների շրջանում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» և «Ալաշկերտի» ցանկությունները:

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի 2018-19 թթ. բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից հետո «Փյունիկը» և «Ալաշկերտը» ընդհանուր առմամբ 6 դիմում են ներկայացրել ֆեդերացիային՝ խնդրելով եվրագավաթների խաղերին առավել լավ նախապատրաստվելու համար հետաձգել իրենց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ: Թեև այդ խնդրանքները հակասել են բարձրագույն խմբում հանդես եկող մյուս թիմերի շահերին, բայց ֆեդերացիան մեծ հաշվով բավարարել է «Փյունիկի» և «Ալաշկերտի» բոլոր խնդրանքները և գտել հնարավորինս ոսկե միջինը՝ մյուս ակումբների շահերը պաշտպանելու համար: Մասնակի մերժվել է միայն մեկ խաղ հետաձգելու պահանջ՝ օգոստոսի 18-ին կայանալիք «Փյունիկ» - «Արարատ Արմենիա» հանդիպումը հետաձգվել է և կայանալու է 1 օր անց՝ օգոստոսի 19-ին, ընդ որում կրկին «Փյունիկին» հարմար ժամի՝ «Մաքքաբիի» հետ խաղից ուղիղ 3 օր անց:

Վերոգրյալը հաշվի առնելով անհասկանալի է «Փյունիկի» գլխավոր մարզիչ պարոն Տալալաևի Իսրայելում հնչեցրած իրար հակասող արտահայտությունները՝ նախ իբր ֆեդերացիան անտեղի է հետաձգել «Փյունիկի» հանդիպումները և իբր ֆեդերացիան հետաձգված հանդիպումը նշանակել է «Մաքքաբի» հետ խաղից հետո շատ մոտ ժամանակում: Ընդ որում զարմանալի է, որ օգոստոսի 16-ին կայացած խաղից հետո «Փյունիկը» (ըստ Տալալաևի հայտարարաության) Երևան է ժամանելու օգոստոսի 19-ին՝ երեկոյան ժամը 20:10-ին:

Նորից ենք կրկնում, որ ֆեդերացիան հանդիպումները հետաձգել է հաշվի առնելով եվրագավաթների մասնակից «Ալաշկերտի» և «Փյունիկի» գրությունները՝ առաջին հերթին ի շահ այդ ակումբների: Հորդորում ենք «Փյունիկի» ղեկավարությանը բացատրել գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին իր իրավունքները և պարտականությունները, որոնք սահմանափակվում են սեփական թիմի խաղը կազմակերպելով և ոչ թե պարտությունից հետո ֆեդերացիային անտեղի մեղադրանքներ հղելով»,- նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000