«Արցախ». «Փորձ և երիտասարդություն» կամ վերակազմավորում «ճակատամարտից» առաջ | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.08.2018  15:24

«Արցախ». «Փորձ և երիտասարդություն» կամ վերակազմավորում «ճակատամարտից» առաջ

ArmFootball.com-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի 27-րդ առաջնության մասնակից թիմերին:

«Արցախ» ֆուտբոլային ակումբն ընդամենը 1 տարվա պատմություն ունի։ Այն հիմնադրվել է 2017 թվականի մայիսին Երևան քաղաքում երիտասարդ գործարար Սևան Ասլանյանի կողմից, իսկ ակումբի ֆուտբոլային դպրոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։

Պատմությունը

Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին, «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը։

«Արցախն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7-ին։ Մրցել է «Ալաշկերտ 2»-ի հետ և հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ «Արցախի» կազմում գոլի հեղինակ է դարձել Դավիթ Բաբայանը։

Ակումբը նորամուտը նշեց Հայաստանի Առաջին խմբում Արմեն Սանամյանի գլխավորությամբ։ Նորամուտի տարին կարելի է հաջողված համարել։ Թիմն Առաջին խմբում մասնակցեց 27 հանդիպման, հաղթեց 21 խաղում, պարտվեց միայն 4-ում և 2 հանդիպում ավարտեց ոչ-ոքի։ Ընդ որում, «Արցախը» կարողացավ 77 գոլ խփել, որը լավագույն ցուցանիշն էր Առաջին խմբում։ Միավորներով զիջեցին միայն «Լոռիին», որը վաստակել էր 69 միավոր «Արցախի» 65-ի դիմաց։ Այդպիսով, թիմը բավականին վստահ հանդես եկավ և արժանիորեն վաստակեց Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք։

Գլխավոր մարզիչը

Նոր մրցաշրջանից առաջ «Արցախը» գլխավորեց Հայաստանի Մ-21 հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը: Մինչ այս Նազարյանը ընդգրկված է եղել Վարդան Մինասյանի մարզչական շտաբում՝ Հայաստանի հավաքականում ու ղազախական «Տոբոլում», ինչպես նաև աշխատել է որպես գլխավոր մարզիչ «Փյունիկում» ու «Բանանցում»: Թիմերից ոչ մեկի հետ նշանակալի հաջողության չի հասել, և «Արցախը» նոր մարտահրավեր է, ու միգուցե՝ եզակի հնարավորություն ապացուցելու իր մարզչական ունակությունները:

Տրանսֆերները

Բարձրագույն խմբում նորամուտից առաջ, կարելի է ասել, թիմը վերակազմավորվեց և Բարձրագույն խմբում հանդես կգա նորացված կազմով։ Առաջատարներից մնացել են դարպասապահ Սամիր Աղամագոմեդովը, Առաջին խմբի լավագույն ռմբրակու Գրիգոր Աղեկյանը, ժամանակին մեծ հույսեր ներշնչով Կարեն Հարությունյանը, երիտասարդական հավաքականի թեկնածուներ Հակոբ Համբարձումյանն ու Էմիլ Եղիազարյանը:

Միջմրցաշրջանում թիմի ամենանշանակի ձեռքբերումը Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանն է: «Արցախում» Ռոբերտը պետք է «վերակենդանացնի» կարիերան ու փորձի վերականգնել նախկին մարզավիճակը: Պաշտպանությունում նրան ընկերակցելու է հավաքականում նախկին թիմակից Վահագն Մինասյանը, ով առանց ակումբ էր մնացել «Ալաշկերտի» հետ պայմանագրի ավարտից հետո: Փորձառու ֆուտբոլիստներից «Արցախի» կազմը համալրեն նաև Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Նորայր Գյոզալյանը, «Բանանցի» նախկին առաջատարներից Վալտեր Պողոսյանը, «Արարատում» իրենց ելույթներով հայտնի Արգիշտի Պետրոսյանն ու Յուրի Գարեգինյանը, Նազարյանին քաջածանոթ հարձակվող Սարգիս Բալոյանը, «Փյունիկում» հանդես եկած լեգիոներներ Մաքսիմ Երմակովն ու Մարատ Բուրաևը: Բացի այդ, «Փյունիկից» տեղափոխվեցին երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Նազարյանն ու Հովհաննես Պողոսյանը (վերջինս՝ վարձավճարով):

Ընդհանուր առմամբ, «Արցախը» նոր մրցաշրջանից առաջ ձեռք բերեց 16 ֆուտբոլիստների և խզեց պայմանագիրը նույնքան խաղացողների հետ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ակումբն արմատային փոփոխություններ է կատարել կազմում։ 

Նախապատրստական (ընկերական) հանդիպումները

«Արցախն» ակտիվորեն պատրաստվում է նոր մրցաշրջանին՝ անցկացնելով ընկերական խաղեր։

Հունիսի 26․ «Արարատ-Արմենիա-2» - «Արցախ»՝ 0-3․ Գոլերը՝ Բուրաև, Գերման, Գյոզալյան

Հուլիսի 7․ «Արցախ» - «Փյունիկ»՝ 1-3․ Գոլը՝ Արզումանյան

Հուլիսի 30․ «Լոռի» - «Արցախ»՝ 4-0

Օգոստոսի 5․ «Արցախ» - «Գանձասար-Կապան»՝ 1-2․ Գոլը՝ Բալոյան

Կազմը՝ 08․08․2018-ի դրությամբ 

Թիմի կազմն այժմ հետևյալն է․

Դարպասապահներ - Սամուր Ագամագոմեդով, Դավիթ Գրիգորյան, Արման Մելիքսեթյան, Էրիկ Մելիքսեթյան

Պաշտպաններ – Արգիշտի Պետրոսյան, Ռոբերտ Արզումանյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Հարությունյան, Վահագն Մինասյան, Արթուր Ստեփանյան, Հովհաննես Նազարյան

Կիսապաշտպաններ  Հովհաննես Պողոսյան, Համլետ Ասոյան, Էդուարդ Ավագյան, Մարատ Բուաև, Մաքսիմ Երմակով, Յուրի Գարեգինյան, Արթուր Գրիգորյան, Նարեկ Գյոզալյան, Վադիմ Հայիրյան, Էրիկ Նազարյան, Վալտեր Պողոսյան, Օլեքսանդր Տուրչինենկո, Էմիլ Եղիազարյան

Հարձակվողներ Սարգիս Բալոյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան

Հնարավորությունները

Հաշվի առնելով, որ ակումբը նորաստեղծ է ու 1 տարվա ընթացքում արդեն հասցրեց վերակազմավորվել՝ տպավորություն կա, որ «Արցախին» ժամանակ է պետք, որպեսզի կարողանա պայքար մղել Հայաստանի առաջնությունում բարձր տեղեր զբաղեցնելու համար։ Հավանբար, ակումբը հնարավորություններ ունի ամրապնդվել մրցաշարային աղյուսակի միջնամասում, գալիք մրցաշրջանում ամբողջովին զգալ Հայաստանի Բարձրագույն խմբի նրբություններն ու թիմերի թույլ կամ ուժեղ կողմերը, իսկ հետագայում օգտվել դրանցից։ Առայժմ, առաջնության նորեկից սպասվում է ընդհանուր առմամբ վստահ մրցաշրջան, բայց կայունության հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Անհրաժեշտ է թիմը համակարգել և նորեկներին իրար հարմարվելու ու հաջող համագործակցելու պայմաններ ստեղծել մարտավարական մի շարք սխեմաներ փորձարկելու ու լավագույնը գտնելու օգնությամբ։ Այդ առումով թիմին կարող են օգնել Արզումայանի, Մինասյանի, Պողոսյանի ու Գյոզալյանի պես փորձառու ֆուտբոլիստները: Միանշանակ, շատ բան է կախված մարզչական անձնակազմից։ Ժամանակ շահելու և խնդիրները վերացնելու համար ահռելի ջանքեր, նվիրվաածություն և մտավոր ներուժ է պետք։ Չի բացառվում, որ «Արցախը» կարողանա իր երկրպագուներին հաճելիորեն զարմացնել ու հաջորդ մրցաշրջանում պայքար մղել բարձր տեղերի համար, բայց, առաջին մրցաշրջանի համար «ամուր ընկույզ» համարվելն ու ամրապնդվելը մրցաշարային աղյուսակի միջնամասում նույնպես վատ արդյունք չի համարվի։

 

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000