Որոնել
Արխիվ
08.08.2018  18:00

«Ալաշկերտ». Տրանսֆերային չստացված բումն ու գլխավոր հաղթաթուղթը

ArmFootball.com-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի 27-րդ առաջնության մասնակից թիմերին:

Երևանի «Ալաշկերտը» հայկական ֆուտբոլի հնաբնակներից չէ։ Ակումբն ունի գրեթե 7 տարվա պատմություն, բայց կարճ ժամանակում հասցրել է մեծ անուն ձեռք բերել ու պայքարել ամենաբարձր հորիզոնականների համար։

Պատմությունը

Ակումբի հիմնադիր նախագահն է«Բագրատ Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանը։ Հիմնադրումից անմիջապես հետո՝ հենց հաջորդ տարվա գարնանը, «Ալաշկերտը» ներգրավվեց պայքարի՝ մասնակցելով առաջին խմբի առաջնությանը։ Քանի որ 2012 թ. անցում էր կատարվում գարուն-աշուն մրցակարգից աշուն-գարուն մրցակարգին, ապա մեկնարկած առաջնությունը երկարատև եղավ, և թիմերից պահանջեց սովորականից ավելի բարձր պատրաստականություն ու պրոֆեսիոնալիզմ։ Հեշտ չէր հատկապես նորաստեղծ «Ալաշկերտի» համար, որը գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ պետք է այդ մարաթոնյան մրցավազքում ոչ միայն նվաճեր բարձրագույն խմբի միակ ուղեգիրը, այլ նաև չեմպիոնի կոչումը։ «Ալաշկերտի» երիտասարդ կոլեկտիվը պատվով կատարեց իր առջև դրած խնդիրը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց նույնիսկ ժամանակից շուտ՝ առաջնության ավարտից չորս տուր առաջ։ Թիմը տոնեց մի շարք տպավորիչ և խոշոր հաշվով հաղթանակներ, տուրից տուր բարելավեց իր խաղը, առաջադիմեց։ Իսկ ալաշկերտցի Վարդան Պետրոսյանը հեղինակած 15 գոլերով ճանաչվեց առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու։ Ալաշկերտը վստահ մեկնարկեց նաև գավաթի խաղարկությունում, նա հաղթահարեց «Բանանցի» արգելքը (0;0, 0:0, 5:4՝ 11 մետրանոցների հարվածաշարում), իսկ հաջորդ փուլում դուրս մնաց պայքարից՝ նվազագույն հաշվով զիջելով «Գանձասարին» (0:0, 0:1)։ 2013-2014 թվականի Հայաստանի առաջնությունում «Ալաշկերտը» զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Ակումբի վերելքը առաջին հերթին կապվում է Աբրահամ Խաշմանյանի անունի հետ։ Հենց նրա գլխավորությամբ թիմը երկու տարի անընդմեջ դարձավ Հայաստանի չեմպիոն։ 2017/18 մրցաշրջանում էլ Խաշմանյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» պայքարում էր չեմպիոնության համար, սակայն մի քանի սայթաքումներից հետո հետ մնաց առաջատար «Շիրակից»։ Նավոյանը հերթական անգամ, այս անգամ կարծես վերջնականապես, հեռացրեց Խաշմանյանին, և ակումբի ղեկը վստահեց Վարուժան Սուքիասյանին։ Ի վերջո, «Շիրակի» ու ՀՖՖ-ի համատեղ ջանքերով ստացած նվերից հետո ալաշկերտցիները կարողացան երրորդ անգամ անընդմեջ դառնալ Հայաստանի չեմպիոն։

«Ալաշկերտը» եվրագավաթներին առաջին անգամ մասնակցության իրավունք է ստացել 2015 թվականին։ Հայաստանի առաջնության 2014-15 թթ․ մրցաշրջանում վաստակած 38 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտը» մասնակցեց Եվրոպա լիգայի 2015-16 թթ․ մրցաշրջանին՝ որակավորման առաջին փուլից։ Առաջին խաղն անցկացրել է 2015 թվականի հուլիսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում՝ մրցելով շոտլանդական «Սենտ Ջոնսթոն» ակումբի հետ։ Այդ խաղում 59-րդ րոպեին Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ, բայց պարտվեց «Կայրաթին» և դուրս մնաց հետագա պայքարից։ Հետագայում նրանք երկու անգամ կարողացան հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը (երկու դեպքում էլ՝ անդորրական «Սանտա Կոլոմայի»)։

Մարզիչը, խաղաոճը

Քչերն էին հավատում, որ 2014 թվականին թիմի գլխավոր մարզիչ նշանակված Աբրահամ Խաշմանյանը, ով մինչ այդ եղել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը և աշխատել որպես «Ալաշկերտի» գործադիր տնօրեն, կկարողանա թիմի մուտքը եվրագավաթներ նշանավորել անչափ կարևոր հաղթանակով շատ բարդ ու բարձրակարգ ակումբի դեմ պայքարում։  Ընդհանուր առմամբ, Խաշմանյանի գլխավորությամբ ակումբը մեծ հաջողություններ արձանագրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական մրցասպարեզում` երկու տարի անընդմեջ հաղթելով Հայաստանի առաջնությունում, դառնալով Հայաստանի Սուպերգավաթակիր և երեք տարի անընդմեջ հաղթահարելով եվրոպական ակումբային մրցաշարերի որակավորման առաջին փուլը: 

2017-18 թթ․ մրցաշրջանի երկրորդ կեսի մեկնարկից առաջ, երբ «Ալաշկերտը» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ վտահորեն գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, ակումբի ղեկավարությունը որոշեց տրանսֆերային բում կազմակերպել և Հայաստանի առաջնություն բերվեցին բազմաթիվ լեգեոներներ։ Կարելի է ասել՝ «Ալաշկերտը» քանդվեց՝ նոր ու ավելի կուռ թիմ դառնալու ակնկալիքով։ Արդյունքում, առաջնության երկրորդ կեսի սկզբում երևանյան ակումբը կորցրեց իր մեծ առավելությունը մրցակիցների նկատմամբ։ Արդյունքում, Խաշմանյանը հեռացավ և նրա պաշտոնին նշանակվեց Վարուժան Սուքիասյանը։ Նա տարբեր տարիներին գլխավորել է ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականները, Բեյրութի «Հոմենմենը», ինչպես նաև` «Արարատը», «Լոռին», «Բանանցը», «Վանը», «Կոտայքը», «Ցեմենտը», «Արաքսը», «Սպարտակը» և «Իմպուլսը»: Սուքիասյանի գլխավորությամբ «Արարատը» դարձավ 2008 թ. ՀՀ Գավաթակիր և առաջնության արծաթե մեդալակիր: «Բանանցի» հետ Սուքիասյանը նվաճել է ՀՀ Գավաթը, առաջնության արծաթե և բրոնզե մեդալները, «Ցեմենտի» հետ երկու անգամ հաղթել է Գավաթի խաղարկությունում, մեկական անգամ նվաճել է առաջնության ոսկե և բրոնզե մեդալները: «Արաքսը» փորձառու մարզչի օրոք նույնպես նվաճել է չեմպիոնական տիտղոսը: 

Սուքիասյանը նույնպես չկարողացավ միավորների առավելություն ստեղծել մրցակիցների նկատմամբ։ Թիմը կգրավեր միայն երկրորդ հորիզոնականը, եթե չլիներ «Շիրակի» հայտնի կոռուպցիոն սկանդալն ու վերջինիցս 12 միավոր չհանվեր։

Չնայած դրան, Սուքիասյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» կարողացավ Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլը հաղթահարել։ Նման ցուցանիշ հայկական ֆուտբոլում կարողացել էր գրանցել միայն «Փյունիկը», այն էլ՝ ընդամենը մեկ օր առաջ։

Ներկայիս գլխավոր մարզչի մարտավարությունն առանձնապես չի տարբերվում նախորդ մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի խաղաոճից։ Դա էր պատճառը, որ Սուքիասյանի գլխավորությամբ թիմը խաղային փիլիսոփայության հեղաշրջման բեռը չվերցրեց ուսերին։ Այժմ ակումբը հարձակվողական ֆուտբոլ չի դավանում։ Համբերատար են գործում, փորձում են մրցակցին առաջ հրավիրել ու ազատ տարածություններ ստեղծել հակառակ կիսադաշտում։ Կարողանում են շատ լավ փակվել ու անհրաժեշտության դեպքում հաշիվ պահել։ Կարգապահությունը Սուքիասյանի գլխավոր զենքն է։ «Ալաշկերտն» աչքի չի ընկնում հախուռն ֆուտբոլով ու միշտ փորձում է սառնասիրտ գործել։

Տրանսֆերները

Նախորդ մրցաշրջանի տրանսֆերային չստացված բումից հետո «Ալաշկերտը» նոր մրցաշրջանից առաջ փորձեց չկրկնել նախորդ սխալն ու ավելի արդյունավետ գործել։ Նախ, Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից առաջ թիմը համալրեցին Դանիլո Սեկուլիչը, Գորան Անտոնիչը, Օլիվեր Պրազնովսկին, Հայաստանում ր ելույթներով հայտնի Սեսար Ռոմերոն, բրազիլացիներ Ջեֆերսոնն ու Մարմենտինին։ Թիմից հեռացավ պահեստային դարպասապահ Արսեն Բեգլարյանը, նրա փոխարեն հրավիրվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի դարպասապահ Հենրի Ավագյանը։

Եվրոպա լիգա տեղափոխվելուց հետո «Ալաշկերտի» կազմը համալրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը։ ՀԵտագայում եղան նոր ձեռքբերումներ՝ ֆուտբոլիստներ, ովքեր Հայաստանի առաջնությունում հանդես գալու մեծ փորձ ունեն՝ Լևոն Հայրապետյան, Ղուկաս Պողոսյան, Սարգիս Շահինյան, ԼԵսթեր Պելտիեր, Նաիրի Մինասյան, Ռազմիկ Հակոբյան։ Այս ֆուտբոլիստները կարող են երկարացնել պահեստայինների նստարանը և օգտակար լինել Հայաստանի առաջնության խաղերի ժամանակ։ Հիմնականում հենց այս ֆուտբոլիստների ջանքերով «Ալաշկերտը» նվաճեց սուպերգավաթը։ Առաջնության ընթացքում Սուքիասյանը ռոտացիայի լայն հնարավորություններ կունենա։

Չնայած ձեռքբերումներն, հեռացավ լավագույն ռմբարկուն՝ Միհրան Մանասյանը, ով ակումբի հետ է եղել ստեղծման օրվանից։ Ընդհանուր առմամբ, «Ալաշկերտի» կազմում անցկացրած 156 խաղերում 29-ամյա հարձակվողը դարձել է 71 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ: Մանասյանը հանդիսանում է «Ալաշկերտի» ռեկորդակիրը ոչ միայն գոլերի, այլև թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով:

Հանդիպումները

Մինչև առաջնության մեկնարկն «Ալաշկերտը», բացի եվրագավաթային հանդիպումներից, պաշտոնական խաղ անցկացրեց նաև Հայաստանի Սուպերգավաթի շրջանակում։ Ակումբը կարողացավ եզրափակչում հուլիսի 29-ին, Հանրապետական ստադիոնում 2 գնդակ ուղարկել «Գանձասար-Կապանի» դարպասն ու դառնալ Հայաստանի Սուպերգավաթակիր։ Կարողացան գոլ հեղինակել Ղուկաս Պողոսյանն ու Գուստավո Մարմենտինին։

«Ալաշկերտը» նաև անցկացրեց նախապատրաստական ընկերական հանդիպումներ․

Հուլիսի 3․ «Ալաշկերտ» - «Օլիմպեց»՝ 0-0

Հունիսի 30․ «Ալաշկերտ» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 0-0

Հունիսի 26․ «Ալաշկերտ» - «Շիննիկ»՝ 1-1․ Գոլը՝ Դանիել Ստոյկովիչ

Հունիսի 23․ «Բանանց» - «Ալաշկերտ»՝ 0-2․ Գոլերը՝ Սեզար Ռոմերո, Արտակ Դաշյան

Հունիսի 16․ «Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 3-1․ Գոլերը՝ Միհրան Մանասյան (դուբլ), Արտակ Եդիգարյան

Կազմը` 05.08.2018-ի դրությամբ

Դարպասապահներ․ Վլադիմիր Ալավերդյան, Հենրի Այվազյան, Օգնյեն Չանչարևիչ

Պաշտպաններ․ Գորան Անտոնիչ, Արտաշես Առաքելյան, Գագիկ Դաղբաշյան, Ալեն Համբարձումյան, Լևոն Հայրապետյան, Օլիվեր Պրազնովսկի, Դանիել Ստոյկովիչ, Անդրանիկ Ոսկանյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Մլադեն Զելկովիչ

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան, Արտակ Դաշյան, Ռաֆայել Ղազարյան, Բենիկ Հովհաննիսյան, Գուստավո Մարմենտինի, Նաիրի Մինասյան, Ղուկաս Պողոսյան, Ջեֆերսոն, Մհեր Սահակյան, Դանիլո Սեկուլիչ, Սարգիս Շահինյան, Արտյոմ Սիմոնյան, Արթուր Եդիգարյան

Հարձակվողներ․ Ռազմիկ Հակոբյան, Էդգար Մանուչարյան, Ուրոշ Նենադովիչ, Լեսթեր Պելտիեր, Սեզար Ռոմերո

Հնարավորությունները

Նոր մրցաշրջանում թիմը միանշանակ պայքարելու է չեմպիոնության համար։ Նույնիսկ երկրորդ տեղը զբաղեցնելը մեծ ձախողում կլինի ակումբի համար։ «Ալաշկերտը» մեծ ներուժ ունի, համալրված է հայկական ֆուտբոլի չափանիշներով բարձրակարգ ֆուտբոլիստներով ու Հայաստանի Բարձրագույն խմբի գլխավոր ֆավորիտն է։ Թիմի գլխավոր հաղթաթուղթը պահեստայինների երկար նստարանը պետք է դառնա։ Մնում, որ Սուքիասյանը կարողանա ճիշտ օգտվել իր ձեռքի տակ եղած ռեսուսրներից։

Ջիվան ՕՀԱՆՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000