Որոնել
Արխիվ
31.07.2018  16:12

Սպորտը հուլիսին. Ծանրորդները վերադառնում են միջազգային ասպարեզ, պատանի ըմբիշները փայլում աշխարհի առաջնությունում, բասկետբոլում ֆինանսական ճգնաժամ է (VIDEO)

Հուլիս ամիսը հայկական սպորտում հատկապես հագեցած էր պատանի ըմբիշների, ծանրորդների ու բասկետբոլիստների համար։

Ըմբշամարտ

Հուլիսին տեղի ունեցավ երկու խոշոր մրցաշար, որին մասնակցեցին հայ ըմբիշները։ Առաջինը պատանիների աշխարհի առաջնությունն էր։ Ազատ ոճի ըմբշամարտում երկար տարիներ անց Հայաստանը վերջապես մեդալակիր ունեցավ պատանիների ԱԱ-ից։ Մինչև 45 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, ով մոտ երկու ամիս առաջ գերազանց ոճով հաղթել էր Եվրոպայի առաջնությունում՝ բոլոր մրցակիցներին պարտության մատնելով միևնույն 10-0 հաշվով, աշխարհի առաջնությունում նույն տեմպով հասավ եզրափակիչ։ Միայն եզրափակչում նրա ճանապարհին կանգնեց իրանցի Ռահման Ամուզադխալիլին՝ 0-5։ Հարությունյանը Եվրոպայի ոսկուն ավելարցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալը։ Եվրոպայի առաջնությունում իրենց լավ դրսևորած Մանվել Խնձրցյանն (51կգ) ու Նարեկ Հարությունյանը (65կգ) աշխարհի առաջնությունից ձեռնունայն վերադարձան։ Խնձրցյանը պարտվեց քառորդ եզրափակչում, իսկ Նարեկ Հարությունյանը, ինչպես նաև Նորիկ Հարությունյանը (55կգ) զիջեցին երրորդ տեղի համար գոտեմարտերում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտում իրենց գերազանց դրսևորեց մինչև 80 կգ քաշային Կարեն Խաչատրյանը, ով Եվրոպայի առաջնությունում ցավալի պարտություն էր կրել երրորդ տեղի համար գոտեմարտում։ Աշխարհի առաջնությունում գերծանր քաշային ըմբիշ Էդգար Խաչատրյանի կրտսեր եղբայրը 5 հաղթանակ տարավ՝ եզրափակչում հաղթելով Եվրոպայի չեմպիոն վրացի Ցոփուրաշվիլուն ու դառնալով աշխարհի չեմպիոն։ Լավ հանդես եկավ նաև մինչև 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ 2016թ.-ի Եվրոպայի պատանիների չեմպիոնը այս տարի նույն առաջնությունում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ ճանապարհին պարտվելով ռուսաստանցի Իմադաևին։ Զագրեբում ևս Շանթը պարտվեց նույն Իմադաևին, բայց այս անգամ եզրափակչում, ու դարձավ աշխարհի փոխչեմպիոն։ Մինչև 60 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն Սահակ Հովհաննիսյանը աշխարհի առաջնությանը չմասնակցեց։ Նա աշնանը Հայաստանը ներկայացնելու է պատանիների օլիմպիական խաղերում։

Ազատ ու հունահռոմեկան ոճերի մեծահասակների հավաքականները հանդես եկան Թբիլիսում՝ հեղինակավոր միջազգային մրցաշարում։ Հավաքականները իրենց մարտական կազմերով չէին, բայց առաջատար ըմբիշներից շատերը մասնակցեցին մրցաշարին։

Ազատ ոճի մրցաշարում կարելի է առանձնացնել 2013թ.-ի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի վերադարձը գորգ։ Սաֆարյանը հանդես եկավ մինչև 70 կգ քաշային կարգում, անցկացրեց 4 գոտեմարտ, տարավ երկու հաղթանակ, կրեց երկու պարտություն ու բավարարվեց 5-րդ տեղով։ Թբիլիսում մեդալակիրներ դարձան Գարիկ Բարսեղյանը (61կգ), Գրիգոր Գրիգորյանը (իր համար անսովոր 79 կգ քաշային կարգում)։ Նշենք, որ ազատ ոճի հավաքականի կազմում առաջատարներից բացակայում էին միայն Վալոդյա Ֆրանգուլյանը, ինչպես նաև լեգիոներներ Գեորգի Կետոևն ու Լևան Բերիանիձեն։ Ընդհանուր առմամբ, հավաքականի ելույթները նորից հիասափեցնող էին, և դժվար է ասել՝ աշխարհի առաջնությունում ինչ հավակնություններ պետք է ունենա թիմը նույն մարզչական կազմով...

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում նույնպես բացակայում էին առաջատարներից մի քանիսը։ Մասնավորապես, չկար օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը, մինչև 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը հանդես եկավ մինչև 87 կգ քաշային կարգում։ Զգացվում էր, որ Մաքսիմը լավագույն մարզավիճակում չէ, քառորդ եզրափակչում նա զիջեց ռուսաստանցի Ալան Օստաևին, իսկ սփոփիչ գոտեմարտերին չներկայացավ։ 

Նույն քաշային կարգում անհաջող հանդես եկավ նաև Արթուր Շահինյանը, ով նույնպես պարտվեց քառորդ եզրափակչում։ 

Մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկավ աշխարհի 2014թ.-ի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Նա մեկնարկում դժվարությամբ հաղթեց թուրք մրցակցին, իսկ ահա քառորդ եզրափակչում երկու սխալ թույլ տվեց ու չկարողացավ պայքարել հաղթանակի համար ռուսաստանցի Ռուսլան Վարդանյանի հետ գոտեմարտում՝ դուրս մնալով մրցանակային տեղերի համար պայքարից։

Մյուս ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ մինչև 82 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը։ Նա կիսաեզրափակչում հաղթեց Եվրոպայի նախկին չեմպիոն Զուրաբի Դաթունաշվիլուն, իսկ եզրափակչում 5-7 հաշվով պարտվեց մեկ այլ վրացի Լաշա Գոբաձեին։

Ծանրամարտ

Դոպինգային սկանդալների արդյունքում որակազրկված Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկման ժամկետներն ավարտվեցին, ու հայ ծանրորդները մոտ մեկ տարի ընդմիջումից հետո վերադարձան միջազգային ասպարեզ։

Նախ պայքարի մեջ մտավ Հայաստանի երիտասարդական հավաքականը։ Տաշքենդում կայացած աշխարհի առաջնությունից հայ ծանրորդները վերադարձան մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալով։ Պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց գերծանր քաշային Վարազդատ Լալայանը (երկամարտի 399կգ արդյունք), երրորդ տեղերը զբաղեցրին Ռաֆիկ Հարությունյանը (77կգ, երկամարտի 324 կգ արդյունք) և Սամվել Բաբակյանը (94կգ, երկամարտի 361 կգ արդյունք)։

Այնուհետև իտալական Միլանում տեղի ունեցավ Մ-15 և Մ-17 տարեկանների պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը։ 

Մ-17 տղաների առաջնությունում Կարեն Մարգարյանը (77կգ) հաղթեց երկամարտի 313 կգ արդյունքով ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Նա նաև երկու փոքր ոսկե մեդալներ նվաճեց։ Մյուս 5 ծանրորդները մնացին առանց մեդալների։ Աղջիկների պայքարում Հայաստանը ներկայացնում էին 5 ծանրորդուհիներ։ Հաջող հանդես եկան մինչև 69 կգ քաշային աղջիկները՝ Լիանա Գյուրջյանն ու Միլենա Խաչատրյանը։ Լիանան դարձավ չեմպիոն երկամարտի 193 կգ արդյունքով (երկու փոքր ոսկե մեդալ), Միլենան 175 կգ արդյունքով երրորդն էր (երկու փոքր բրոնզե մեդալ)։

Մ-15 տարիքային խմբում իրենց գերազանց դրսևորեցին թե տղամարդկանց, թե կանանց հավաքականները

Մասնավորապես, տղամարդկանց հավաքականը հաղթեց մեդալային հաշվարկում՝ 8 ոսկե, 3 արծաթե, մեկ բրոնզե մեդալ։

Տղաների պայքարում Եվրոպայի չեմպիոնների դարձան Գոռ Սահակյանը (50կգ, երկամարտի 178 կգ, մեկ փոքր ոսկե, մեկ փոքր բրոնզե մեդալ), Հարություն Գրիգորյանը (77կգ, երկամարտի 258 կգ, երկու փոքր ոսկե մեդալ), Գարիկ Կարապետյանը (85կգ, երկամարտի 261 կգ, երկու փոքր ոսկե մեդալ), փոխչեմպիոն՝ Մնացական Աբրահամյանը (69կգ, երկամարտի 249կգ, երկու փոքր արծաթե մեդալ)։

Աղջիկների պայքարում չեմպիոն դարձավ 75 կգ քաշային Մարգարիտա Առաքելյանը՝ երկամարտի 162 կգ արդյունքով, ով նաև երկու փոքր ոսկե մեդալ նվաճեց։ Ճիշտ է, այս քաշային կարգում ընդամենը երկու մարզուհի հանդես եկան։

Բասկետբոլ

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական (Մ-20) և պատանեկան (Մ-18) հավաքականները  հանդես եկան համապատասխանաբար Եվրոպայի B ու C դիվիզիոնների առաջնություններում: Երկու ընտրանիներն էլ մրցավայր մեկնեցին որոշակի խնդիրներով՝ զրկված լինելով հիմնական կազմի մի շարք բասկետբոլիստներից: Ընդանրապես, բասկետբոլի ֆեդերացիան վերջին ամիսներին հաճախակի է բողոքում ֆինանսների պակասից, և այժմ վտանգի տակ է նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Եթե նախորդ տարի Հայաստանի Մ-20 հավաքականը լուրջ պայքար էր մղում գրեթե յուրաքանչյուր խաղում, վերջնամասում էլ կարողացավ հաղթել Ադրբեջանի ու Իռլանդիայի հավաքականներին, ապա այս տարի մեր ընտրանին, զրկված լինելով ԱՄՆ-ում հանդես եկող մի շարք բասկետբոլիստների օգնությունից, խոշոր հաշիվներով պարտություններ էր կրում: Միակ հաղթանակը մեր թիմը տարավ վերջին խաղում՝ Մոլդովայի հավաքականի նկատմամբ և այդ հաղթանակի շնորհիվ զբաղեցրեց նախավերջին՝ 21-րդ տեղը:

Մ-18 հավաքականը C դիվիզիոնում ևս միայն մեկ հաղթանակ տարավ՝ խմբային փուլի վերջին խաղում հաղթելով Մալթային: Արդյունքում մեր ընտրանին 9 թիմերի պայքարում զբաղեցրեց 8-րդ տեղը:

Բռնցքամարտ

Հուլիսին իր 7-րդ գոտեմարտը անցկացրեց Գոռ Երիցյանը (Punch Boxing Promotions): Նա միավորներով պարտության մատնեց հարավաֆրիկացի Ալի Ֆունեկային:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000