Որոնել
Արխիվ
21.06.2018  14:27

11 ֆուտբոլիստներ, ովքեր ակումբը փոխեցին Աշխարհի առաջնությունից առաջ

Զարմանալիորեն կամ էլ ոչ Աշխարհի առաջնության մեկնարկից հետո տրանսֆերային շուկայում լռություն է: Աղմկալի բոլոր գործարքները արդեն կայացել են կամ հետաձգվել: Այդ կապակցությամբ armfootball.com-ն առանձնացրել ու խառը հերթականությամբ ներկայացնում է Մունդիալի մասնակից խաղացողների թոփ-11 տրանսֆերներ:

Հաշվի են առնված միայն թիմերը փոխելու դեպքերը, ուստի վարձակալությունից հետո նույն թիմում մնալու դեպքերը (օրինակ` Կիլիան Մբապեն) չեն նշվել: Տոմա Լեմարին նույնպես չենք հաշվարկել, քանի որ այն Մունդիալի մեկնարկից հետո էր:

Ֆրեդ (Բրազիլիա) – «Շախտյորից» ` «Մանչեսթեր Յունայթեդ». տրանսֆերը` 59 միլիոն եվրո

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդը 5 տարի Դոնեցկի «Շախտյորում» անցկացնելուց հետո հասունացավ գերակումբ տեղափոխվելու համար: 25-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում էին «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Հունվարին կիսապաշտպանը մոտ էր «քաղաքայիններին» միանալուն, սակայն ուկրաինացիները բաց չթողեցին նրան: Կես տարի հետո նա այնուամենայնիվ մեկնեց Մանչեսթեր, բայց արդեն այլ ակումբ:

Լեոն Գորեցկա (Գերմանիա) – «Շալկեից»` «Բավարիա». տրանսֆերը` անվճար

Կոնֆեդերացիաների գավաթում իրեն հիանալի դրսևորելու շնորհիվ Գորեցկան լավ շանս ստացավ ամրապնդվել Գերմանիայի հավաքականում: Այժմ նա «Բունդեսթիմի» հետ մասնակցելու է Մունդիալին և նույնիսկ հնարավորություն ունի մեկնարկային կազմում ամրապնդվել: 22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Շալկեի» հետ սպառվեց այս ամռանը, սակայն դեռ ձմռանը պաշտոնապես հայտարարվել էր, որ նա տեղափոխվելու է «Բավարիա»: Մյունխենցիները Գորետցկայի համար պայքարում հաղթել են մոտ մեկ տասնյակ եվրոպական գերակումբների, որոնցից գերմանացուն ամենամոտը եղել է «Բարսելոնան»:

Ռիկարդու Պերեյրա (Պորտուգալիա) – «Պորտուից»` «Լեսթեր». տրանսֆերը` 20 միլիոն եվրո

Մունդիալում Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակում ընգրկվելու համար Պերեյրան հաղթել է ծանր մրցակցությունում: Մարզչական շտաբը հանուն նրա անտեսել է Նելսոն Սեմեդուին («Բարսելոնա») և Ժոաու Կանսելուին («Ինտեր»): Մյուս աջ պաշտպան Սեդրիկ Սոարեշի տեղը հավաքականում գրեթե ապահոված էր, որովհետև նա Եվրո-2016-ում և մյուս խաղերում վաստակել էր գլխավոր մարզչի վստահությունը: «Սպորտինգի» սանը «Պորտուում» հայտնվելուց առաջ և հետո մի քանի թիմեր է փոխել, սակայն ավարտված մրցաշրջանը «վիշապների» կազմում անցկացրեց: Նրա հաջող խաղի հետևանքը դարձավ խոշոր գումարի դիմաց ԱՊԼ տեղափոխվելը:

Թոմաս Դելեյնի (Դանիա) – «Վերդերից »` «Բորուսսիա» Դորտմունդ. Տրանսֆերը` 20 միլիոն եվրո

Դելեյնիի կյանքում Հայաստանի հավաքականը յուրահատուկ տեղ ունի: Հենց հայերի հետ խաղում է նա հեթ-տրիկի հեղինակ դարձել (ԱԱ-2018-ի ընտրական փուլ), ինչը միակն է նրա պրոֆեսիոնալ կարիերայում: Այդ երեք գոլերը «որոշիչ» դարձան, որ դանիացին առաջարկ ստանա Դորտմունդի «Բորուսսիայից»: «Ռուրյան» ակումբն իր համար անսովոր մեծ գումար վճարեց 26-ամյա ֆուտբոլիստի համար: «Բորուսսիայում» առանց այդ էլ կիսապաշտպանների թիվը չափից դուրս շատ է, սակայն սպասվում է, որ նրանցից ոմանք ամռանը կլքեն թիմը:

Սալիֆ Սանե (Սենեգալ) – «Հանովերից»` «Շալկե». տրանսֆերը` 7 միլիոն եվրո

Whoscored.com վիճակագրական կայքը, որը թոփ-5 լիգաների յուրաքանչյուր հանդիպումից հետո գնահատական է տալիս բոլոր ֆուտբոլիստներին, հիացած էր սենեգալցի կենտրոնական պաշտպանի խաղով: «Հանովերի» ֆուտբոլիստը գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում էր ընդգրկված, սակայն վերջին ամիսներին թոփ-2-ում զիջեց իր տեղը: Սպասվում էր, որ Մունդիալի ժամանակ նրա հավանական հաջող խաղն ավելի բարձրակարգ ակումբներին կհամոզի առաջարկ կատարել, բայց «Շալկեն» որոշեց այդքան չսպասել:

Ռաուլ Խիմենես (Մեքսիկա) – «Բենֆիկայից»` «Վուլվերհեմփթոն». Տրանսֆերը` վարձ. (3 մլն եվրո)

«Բենֆիկայում» Խիմենեսը գրեթե միշտ խաղաժամանակի պակաս չէր զգում, բայց այդպես էլ չդարձավ թիմի հարձակման իրական ուժը: Նույնիսկ, երբ ռմբարկու Ժոնասը վնասվածք ուներ, մարզիչներն այլ ֆուտբոլիստների վրա էին հույս դնում: Երկկողմանի հիասթափությունից հետո մեքսիկացին որոշեց ընդունել ԱՊԼ-ի նորեկի առաջատարը, որի ստվերային սեփականատերը հեղինակավոր գործակալ Ժորժե Մենդեշն է: Եթե Անգլիայում Խիմենեսի խաղը ստացվի, «գայլերը» կգնեն ամբողջական տրանսֆերը:

Անդրես Ինյեստա (Իսպանիա) – «Բարսելոնայից»` «Վիսել Կոբե». տրանսֆերը` անվճար

 «Բարսելոնայի» լեգենդն ակումբի հետ ցմահ պայմանագիր ուներ, սակայն այն ուժի մեջ թողեց ընդամենը մեկ մրցաշրջան: 34-ամյա ֆուտբոլիստը, ով ամբողջ կարիերան անցկացրել էր «կապտանռնագույնների» կազմում, «թոշակի» անցնելուց առաջ որոշեց մեծ գումար «հետ գցել»: Նրան խելահեղ առաջարկ էր կատարել չինական ակումբներից մեկը, որը պատրաստ էր ոչ միայն հսկայական աշխատավարձ վճարել, այլ նաև գնել Ինյեստային պատկանող ընկերության արտադրած 6 միլիոն շիշ գինի: Այնուամենայնիվ Անդրեսն նախընտրեց մեկնել Ճապոնիա, ինչը բացատրեց իր ընտանիքի համար ավելի հարմարավետ կյանք ապահովելու դրդապատճառով: Ճապոնիայում իսպանացին տարեկան 30 միլիոն դոլար է ստանալու:

Շտեֆան Լիխշտայներ (Շվեյցարիա) – «Յուվենտուսից»` «Արսենալ». տրանսֆերը` անվճար

7 տարի «Յուվենտուսում» անցկացնելուց հետո 34-ամյա ֆուտբոլիստը հայտարարեց նոր մարտահրավեր փնտրելու մասին: Ինչ-որ պահի վստահություն կար, որ նա միանալու է Դորտմունդի «Բորուսսիային», սակայն գործարքը խափանվեց: Շվեյցարացին ասաց, որ չեն համաձայնեցրել պայմանագրի կետերը: Արդյունքում, Շտեֆանը հայտնվեց «Արսենալում», որտեղ դարձավ Արսեն Վենգերի հեռանալուց հետո ակումբի առաջին գործարքը: Փորձառու լատերալը հրավիրվել է, որպեսզի դրական ազդեցություն ունենա թիմի հանդերձարանի վրա և «ուշքի բերի» անհաջող մրցաշրջան անցկացրած Էկտոր Բելերինին:

Տակեշի Ինուի (Ճապոնիա) – «Խետաֆեից»` «Բետիս». տրանսֆերը` անվճար

Ավարտված ակումբային մրցաշրջանը ճապոնացին շատ վառ սկսեց: «Բարսելոնայի» դարպասը խփած տպավորիչ գոլից հետո շատերը սկսեցին կրկնակի ուշադրությամբ հետևել հարձակվողական ոճի կիսապաշտպանի խաղին, սակայն նրա կատարմամբ նմանատիպ գեղեցիկ գործողության այլևս չհանդիպեցին: Լճացումից խուսափելու համար 30-ամյա ֆուտբոլիստն ընդունեց «Բետիսի» առաջարկը, որը Կիկե Սետենի գլխավորությամբ հարձակվողական ֆուտբոլ է խաղում և մյուս մրցաշրջանում ելույթ է ունենալու Եվրոպա լիգայում:

Անդրեաս Գրանկվիստ (Շվեդիա) – «Կրասնոդարից»` «Հելսինգբորգ». տրանսֆերը` անվճար

«Կրասնոդարի» կազմում 4 տարի անցկացնելուց հետո փորձառու ֆուտբոլիստը որոշեց վերադառնալ Շվեդիա: «Ցլերը» պատրաստ էին նրան նոր պայմանագիր առաջարկել, իսկ արտասահմանյան ակումբները իրենց կողմը գրավելու փորձեր էին կատարում: Այնուամենայնիվ ընտանեկան պատճառներով Գրանկվիստը որոշեց հարազատ թիմ վերադառնալ: Շվեդիայի հավաքականում Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո հենց Գրանկվիստն է թիմի ավագը և անփոխարինելի խաղացողը:

Իվան Ստրինիչ (Խորվաթիա) – «Սամպդորիայից»` «Միլան». տրանսֆերը` անվճար

Խորվաթիայի հավաքականի ձախ պաշտպանը միայն 30 տարեկանում կարողացավ գերակումբում հայտնվել Նա ընդամենը 1 տարի առաջ էր տեղափոխվել «Սամպդորիա», սակայն որոշեց չերկարաձգել պայմանագիրը, այլ ազատ խաղացողի կարգավիճակով տեղափոխվել «Միլան»: Այնտեղ նա մեկնարկային կազմում խաղալու համար մրցակցելու է Ռիկարդո Ռոդրիգեսի հետ:

 

ArmFootball.com-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000