Որոնել
Արխիվ
07.06.2018  13:10

Վարդան Մինասյան. «Ցանկանում եմ ոչ թե Մխիթարյանով խնդիրներ փակել, այլ լուծել»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը այսօր տեղի ունեցած մամուլի ընթացքում մեկնաբանեց մեր ընտրանու վերջին երկու ընկերական հանդիպումները:

- Առաջինը ուզում էինք պարզել մեր թիմի փիլիսոփայությունը. ինչպես պետք է գործեինք դաշտում, և ինչպես պետք է լինենք դաշտից դուրս: Երկրորդը՝ պետք է երկու սխեմա փորձարկեինք: Նաև ունեինք նոր ֆուտբոլիստներ, որոնց պետք է փորձարկեինք: Նոր՝ ինձ համար, որոնց չէի ճանաչում: Թիմը ինձ համար 70 տոկոսով նոր էր: Ֆուտբոլիստների առաջ իմ կողմից երկու պահանջ կա՝ որակ ու ցանկություն: Այս հավաքից շատ հարցերի պատասխաններ ստացա: Ինչու՞ խաղերը ամբողջական չստացվեցին: Մալթայի խաղի առաջին 30 րոպեներին տեսա այն, ինչ անում էինք մարզումներին: Մոլդովայի հետ խաղում էպիզոդներով էր ստացվում: Պատճառները նշեցի՝ նորեկներ կային, փորձարկումներ: Ընկերական խաղերը առաջին հերթին փորձարկումների համար են, եթե փորձարկումներ չանեինք, ուրիշ ձև կգործեինք, փոփոխությունները կանեինք հաշվից ելնելով: Իսկ այս պահին մենք ուզում էինք բոլորին գործի մեջ տեսնել: Իհարկե, համաձայն եմ, հաղթանակների դեպքում թիմը հոգեբանորեն վերելքի մեջ է գտնվում:

- Թիմը նորից չհաղթեց: Ի՞նչ կասեք ֆուտբոլասերներին: Սպասե՞ն: 

- Հաջորդ խաղերը արդեն պաշտոնական են, որտեղ արդեն միայն հաղթանակներ են պետք: Սպասելու բան չկա: Ինձ այս հավաքը շատ էր պետք, որ ինֆորմացիա ունենամ ֆուտբոլիստների վերաբերյալ: Ստացածս ինֆորմացիան բավարար էր:

- Ո՞ր դիրքերն են այս պահին խնդրահարույց:

- Ես 30-31 ֆուտբոլիստ էի հրավիրել, որոնցից 6-ը միանգամից դուրս մնացին: Տա Աստված, որ սեպտեմբերին կազմ ու պատրաստ լինեն: Խնդիրը դարպասապահի դիրքն է: Բայց, հուսով եմ, Գոռ Մանուկյանը կապաքինվի: Այվազովը դրական պատասխան է տվել, պարզապես քննությունների էր: Դեռ հույս կա, որ Յուրչենկոյի հարցը կլուծվի: Նաև ձախ պաշտպանի խնդիր կա: Խաղաց Անդոնյանը: Նաև հրավիրել էի Նարեկ Պետրոսյանին, ով վնասվածք ուներ:

- Ի՞նչ էիք ցանկանում տեսնել այս խաղերի ընթացքում, ինչքանո՞վ բավարարեց ձեզ ձեր տեսածը:

- Առաջին հերթին ուզում էի ցանկություն տեսնել, կրակ տեսնել: Տեսա՝ դրվագներով: Բայց կա լավ բան, որի վրա պետք է հիմնվենք: Համեմատելով վիճակագրությունը՝ վերջին խաղերի հետ, առաջընթաց կար: Բայց ես վիճակագրությանը չեմ նայում: Ազգերի լիգայում պետք է մաքսիմալ արդյունքի հասնել: Բոլոր խաղերը մեզ համար փոքր եզրափակիչներ են լինելու: Դրանք այն խաղերն են, որոնցում նույնիսկ ոչ-ոքին կարող է բացասական լինել: Բոլոր խաղերում մեզ հաղթանակներ են անհրաժեշտ:

- Արդյո՞ք Յուրչենկոն ունի այդ ցանկությունը, հայրենասիրությունը, և արդյո՞ք նա գերագնահատված դարպասապահ չէ:

- Ինքը մեծ ցանկություն ունի: Բայց լեգիոների խնդիրը կա: Եթե նա փոխեց թիմը, դարձավ լեգիոներ, ու սկսեց չխաղալ, ում է պետք լինելու: Ինչ վերաբերում է գերագնհատված լինելու, ապա այդպես չէ: Ես չեմ էլ ասում, որ եկավ, միանգամից առաջին համար է լինելու: Բայց նա բարձրակարգ դարպասապահ է, ով խաղում է Պրեմիեր լիգայում:

- Ինչու՞ չհրավիրվեց Գագիկ Դաղբաշյանը, ինչպես նաև Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը և Գևորգ Կասպարովը:

- Առաջնության այն խաղերը, որոնք նայել եմ, Գագիկ Դաղբաշյանի խաղը ինձ չի բավարարել: Ինչ վերաբերում է Կասպարովին ու Արթուր Եդիգարյանին, ապա այս պահին նրանցից լավ ֆուտբոլիստներ են խաղում հավաքականում:

- Արտասահմանում հանդես եկող ֆուտբոլիստներից նոր անուններ կլինե՞ն:

- Նոր անուններ գտնելը դժվար է: Հավաքականի բաժինը զբաղվում է այդ հարցերով, բազմաթիվ անուններ են ներկայացրել: Նույնիսկ հայի ազգանունի նման ազգանունով ֆուտբոլիստներ կային, որոնց հետ կապվել էին, պարզվել էր՝ հայ չեն:

- Ի՞նչ կասեք Գեղամ Հարությունյանի ու Ռումյան Հովսեփյանի մասին, ովքեր չխաղացին:

- Գեղամ Հարությունյանն այս պահին դեռ չի ցուցադրում այն որակները, որոնք անհրաժեշտ են, բայց նա շարունակելու է դիտարվել որպես հավաքականի թեկնածու: Ռումյան Հովսեփյանը որոշ

- Ի՞նչ տպավորություններ թողեցին նորեկները՝ Յագանը, Բաբայանը, Արարատը, Կալիսիրը:

- Յագանը և Կալիսիրը հենց այս պահին պատրաստ են հավաքականում խաղալուն: Արարատն ու Էդգար Բաբայանը դեռ ավելացնելու տեղ ունեն: Բայց նրանք շատ մեծ պոտեցիալ ունեն:

- Յուրա Մովսիսյանը միացավ թիմին ու զրուցեց ձեզ հետ: Ի՞նչ կասեք նրա մասին:

- Շատ կարևոր էր, որ նա եկավ: 3 օր եղավ հավաքականի հետ: Այն շփումը, որ տեսնում էի տղաների հետ, շատ դրական էր

- Յուրան այս պահին ունի՞ անհրաժեշտ որակներ հավաքականին օգնելու համար:

- Ոչ ոք Յուրային անուն-ազգանունի համար չի հրավիրում: Ասել էի, որ եթե նա ցույց տար այն որակները, որոնք պետք են, կհրավիրեի: Ինձ համար շատ կարևոր էր իր մոտիվացիան: Նա ցանկություն ունի հավաքականին տալ իր մաքսիմում:

- Կա՞ն ֆուտբոլիստներ, ովքեր այս հավաքի արդյունքներում դուրս կմնան ցուցակից:

- Իհարկե կան: Եթե բոլոր ֆուտբոլիստները պատրաստ լինեն, ապա մենք 30-ից ավել թեկնածու ենք ունենալու: Օրինակ, շատ կուզենայի հրավիրել Ռուսլան Կորյանին, բայց նա 6 ամիս չէր խաղացել:

- Խոսեցիք հոգեբանության մասին. արդյո՞ք հավաքականի ավագը համապատասխանում է այդ որակներին:

- Ավագը Հենրիխ Մխիթարյանն էր, և միանշանակ այդպես էլ մնալու է: Ես իր գործողություններից շատ գոհ եմ: Նրա մոտ խաղային բոլոր ցուցանիշները շատ բարձր են: Առաջատար ասվածը տարբեր ձև է լինում՝ կարող է լինել խաղադաշտում, կարող է լինել հանդերձարանում: Այն ինչ այս պահին նա ցույց է տվել, ինձ բավարար է:

- Երկու սխեմա փորձարկեցիք, ո՞ր սխեման է լինելու առաջնայինը:

- Կա հիմնական սխեմա, կա պահեստային, չեմ ասի, որը որն է լինելու: Բացի այդ,Ցանկացած սխեմա կարելի է դարձնել ավելի հարձակողական, կամ ավելի պաշտպանողական:

- Մրցակից թիմերի հանդիպումները ուսումնասիրելու համար մեկնելու՞ եք նրանց խաղերը դիտելու:

- Դրա կարիքը չկա: Կա ծրագիր, որը ցանկացած ինֆորմացիա մրցակից թիմերի ու իրենց ֆուտբոլիստների մասին տրամադրվում է: Այո, ինֆորմացիա հավաքվում է: Բացի այդ, նշեմ, որ Ջիբրալթարը, Մակեդոնիան ու Լիխտեյնշտեյնը այս ընթացքում չխաղացին: Բայց, իհարկե, ինֆորմացիան կա, որից ելնելով էլ կորոշենք թիմի կազմը, մարտավարությունը:

- Մինչև Ազգերի լիգան նոր հավաք լինելու՞ է:

- Եթե նոր հավաք լինի, ապա տեղացի ֆուտբոլիստներով: Ուրիշ ընկերական հանդիպում չի լինելու:

- Ինչպե՞ս կգնահատեք Ռոման Բերեզովսկու աշխատանքը: Ձեր պահով՝ ունե՞ք այն կրակը, որը նաև պահանջում եք ֆուտբոլիստներից:

- Բերեզովսկու աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր: Տեսնում էի, թե դարպասապահներն ինչ ոգևորությամբ էին աշխատում: Ինչ վերաբերում է ինձ, եթե ես չունենայի այդ եռանդը, չէի գլխավորի թիմը: Իհարկե, բաներ կան, որոնք փոխվում են: Ես չեմ կարող լինել նույնը, ինչ 4 տարի առաջ: Մենք շատ ենք սիրում հիշողություններով դատել: Պետք չէ հիշողություններով շարժվել, ոչ լավ, ոչ վատ: Ինձ համար կարևոր է ներկան: Իհարկե, բնավորությունը չի փոխվում, բայց սկզբունքները փոխվում են:

- Կառլեն Մկրտչյանը նախկինում թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, հետո երկար ժամանակ վնասվածք ուներ, մարզավիճակ չէր հավաքում: Ի՞նչ կասեք նրա պատրաստվածության մասին, որքանո՞վ է պատրաստ հավաքականի այս մակարդակին:

- Պատրաստվածությունը իդեալական չէ, բայց շատ մեծ փորձ ունի: Սակայն ավելացնելու տեղ ունի: Դա առաջին հերթին վերաբերվում է  ֆունկցիոնալ մարզավիճակին: Միջազգային խաղերում այս պատրաստվածությունը բավարար չէ, այդ պատճառով եմ ասում, որ ավելացնելու տեղ ունի:

- «Տոբոլում» աշխատելու տարիների մասին ի՞նչ կասեք:

- Մինչև «Տոբոլը» ես ակումբային ֆուտբոլում աշխատել էի, սկզբունքներին ծանոթ էի: Ինչ վերաբերում է «Տոբոլին», ապա ցանկացած փորձ կարևոր է մարզչի համար: Կային բաներ, որոնց չկարողացա հարմարվել: Ֆուտբոլում կան բաներ, որ բոլոր տեղերում նույնն է: Ու եթե դրանց դեմ ես գնում, չի ստացվում: Քիչ առաջ ասացի, որ նույնը չեմ ինչ 4 տարի առաջ: Առաջարկներ այս ընթացքում ունեցել եմ, բայց մերժել եմ: Նույն Ղազախստանից: Ինձ համար կարևոր են հավակնությունները՝ ինչ խնդիրներ են դրված լինում թիմի առաջ:

- Եթե Յուրչենկոն չմիանա հավաքականին, Արամ Հայրապետյանը կարո՞ղ է լինել առաջին համարը:

- Կան երեք դարպասապահ՝ Հայրպետյան, Մանուկյան, Այվազով: Երեքից ցանկացածը կարող է լինել առաջինը Բեգլարյանը քիչ է խաղում, բայց ես, հրավիրելով նրան ու Ոսկոնյանին, ուզում էի ցույց տալ, որ հույս եմ դնում իրենց վրա: Բաներ կա, որ պետք է փոխեն, ու այդ դեպքում կխաղան: 

- Մի քիչ շեղվենք հավաքականի թեմայից: Շուտով մեկնարկելու է աշխարհի առաջնությունը: Ովքե՞ր են ձեր ֆավորիտները:

- Ֆավորիտներ չունեմ, բայց կան 4-5 հավաքական, որոնք կարող են հաղթել՝ Ֆրանսիա, Բրազիլիա, Արգենտինա, Գերմանիա, Իսպանիա: Այս 5 հավաքականները: Լավ տպավորություն է թողնում նաև Բելգիան:

- Ալեքսանդր Կարապետյանը ձեր պլանների մեջ մտնու՞մ է:

- Եթե մեր բոլոր հարձակվողները պատրաստ լինեն, այդ դիրքում ունենք 5 ֆուտբոլիստներ: Այս պահին նա մեր պլանների մեջ չի մտնում:

- Տիգրան Բարսեղյանը երկու խաղերում էլ կենտրոնական հարձակվողի դիրքում էր խաղում, բայց շատ էր նահանջում, տեղափոխվում եզրեր:

- Նա երեք դիրքերում կարող է խաղալ, մարզչի համար դա շատ կարևոր է: Ինչ վերաբերում է նահանջելուն, ապա դա մեր պահանջն էր: Ինչ վերաբերում է՝ շատ եզրեր գնալուն, դա արդեն լավ չէ, այդ պահով խնդիրներ կային:

- Շատ է քննարկվում Մխիթարյանի դիրքի հարցը: Արդյո՞ք նրանով պետք է որոշ դիրքեր փակել:

- Ես այն կարծիքին եմ, որ նա պետք է շատ մոտ խաղա հարձակման գծին: Ես երբեք նրանով խնդիր չեմ փակելու հավաքականում, ես փորձելու եմ նրանով խնդիրներ լուծել: Պարզապես վերջին խաղում այդ սխեմայով նա մի փոքր նահանջում էր:

- Եթե Յուրա Մովսիսյանը չհասցնի ապաքինվել մինչև առաջիկա հանդիպումները, կա՞ն հարձակվողներ, ովքեր կարող են եզրափակել գրոհները:

- Ունենք Սարկիսով, Ռուսլան Կորյանը, Ադամյանը կմիանան: Նաև Տիգրան Բարսեղյանը: 4 ֆուտբոլիստ ունենք այդ դիրքում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000