Որոնել
Արխիվ
24.05.2018  17:40

Արսեն Բեգլարյան. «Շատ ուրախ եմ, որ Ռոման Բերեզովսկին այստեղ է»

Հայաստանի հավաքականի ու «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը ArmFootball.com-ի հետ զրույցում մեկնաբանել է իր հրավերը ազգային հավաքական ու խոսել ավարտված մրցաշրջանի մասին:

- Որոշ դադարից հետո նորից ազգային հավաքականում ես...

- Շատ ուրախ եմ, որ նորից այստեղ եմ: Կարող եմ ասել, որ շատ էի կարոտել: Անհամբեր սպասում եմ մարզումներին, որպեսզի արագ մտնեմ ռիթմի մեջ:

- Առաջին մարզումն էր Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ: Ի՞նչ կասես այդ մասին, հասցրե՞լ ես շփվել նրա հետ:

- Մինչ հավաքը չեմ շփվել: Առաջին մարզումը շատ լավ տպավորություն թողեց: Ռոման Անատոլևիչը շատ էր հուշում մեզ, շատ իմաստուն խորհուրդներ էր տալիս: Շատ ուրախ եմ, որ նա այստեղ է: Իրականում, շատ բարձր մակարդակի մարզիչ է: Չնայած՝ անմիջապես կարիերայի ավարտից հետո մարզիչ դարձավ, զգացվում է, որ ձեռքերը ծալած չի նստել: Իսկապես, շատ բարձր մակարդակի մարզիչ է:

- «Ալաշկերտը» չեմպիոն դարձավ, բայց հիմնական կազմում տեղդ կորցրիր: Ի՞նչ կասես ավարտված մրցաշրջանի մասին: 

- Թիմի համար, իհարկե, մրցաշրջանը շատ լավ էր: Իհարկե, ցանկանում էինք երկու գավաթ նվաճել, բայց, ցավոք, չստացվեց: Բայց, չեմպիոնությունը երևի ավելի կարևոր է, այն Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք է տալիս: Ակումբի համար մրցաշրջանը կարելի է լավ գնահատել: Ինձ համար, իհարկե, մրցաշրւջանը միանշանակ չէր, բայց մենք թիմային ֆուտբոլիստներ ենք, առաջին հերթին թիմի մասին ենք մտածում: Իմ իրավիճակի մասին կարող եմ ասել, որ սա ֆուտբոլ է, ու միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում ես: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր կարիերայի ընթացքում նման իրավիճակում հայտնվում է: Հիմա իմ հերթն է եկել: Երբեք նման իրավիճակում չէի եղել, սարսափելի ոչինչ չկա, դուրս կգամ այդ իրավիճակից:

Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000