Որոնել
Արխիվ
20.05.2018  22:01

Թվացյալ հեշտ տրված չեմպիոնություններ բարդագույն առաջնություններում

Արդեն պատմություն դարձած կամ դարձող մի շարք առաջնություններում պարզ դարձան պատմություն կերտողները՝ չեմպիոնները։ Գրեթե յուրաքանչյուր մրցաշրջանում բարդագույն պայքար է ձևավորվում՝ հատկապես Անգլիայում և Իսպանիայում։ Առաջատարներն անգամ շատ միավորների առավելության դեպքում չէին կարողանում հանգիստ լինել, որովհետև նրանց թիկունքին զգացվում էր այն հզորագույն թիմերի շնչառությունը, որոնք գործում էին կրկնակի մոտիվացված ու որսորդի պես համբերատար, միևնույն ժամանակ ուշադիր սպասում էին առաջատարի սայթաքմանը։

Այս մրցաշրջանում կարծես ամեն ինչ պարզ էր այն ժամանակ, երբ Անգլիայում և Իսպանիայում առաջնությունները չէին հատել հասարակածը։ Առաջատարներն արմատները խրել էին հողում ու ոչ մի կերպ այնտեղից չնահանջեցին այնքան ժամանակ, մինչև տեղի տվեցին մրցակիցների նյարդերը։

«Բարսելոնայում» մրցաշրջանից առաջ հրավիրվեց նոր մարզիչ, որն այնքան էլ մեծ փորձ չուներ աշխատել գերաստղերի հետ և սպասվում էր, որ կատալոնացիները կունենան ստաբիլության ու կարգապահության որոշ խնդիրներ։ Շատերի համար զարմանալիրեն տեղի ունեցավ հակառակը։ «Բարսելոնան» ցույց տվեց այնպիսի կարգապահություն, որին քչերն են ունակ լինում անգամ մարզչի հետ տարիներով աշխատելուց ու նրան կես բառից հասկանալուց հետո։ Թիմը սկսեց հագեցնել դաշտի միջին հատվածն ու Վալվերդեն պաշտպանվել սովորեցրեց գրեթե բոլորին։ Նրանց գլխավոր խնդիրը նախկինում պաշտպանությունն էր, սակայն Վալվերդեի մտահաղացումները շրջադարձային դարձան։ Ճիշտ է, պաշտպանության վրա շեշտը դնելիս տուժեց հարձակումը, բայց հենց այդ իրավիճակների համար մարզիչն իր տրամադրության տակ ունի Մեսսիի, Սուարեսի, Ինիեստայի, արդեն նաև Կոուտինյոյի պես ֆուտբոլիստների, որոնց հաճախ պետք չեն գոլային պահեր, որպեսզի աչքի ընկնեն։ Այսինքն, նրանք գոլ են ստեղծում ոչինչից գրեթե յուրաքանչյուր խաղում։ Մեկ հանճարեղ փոխանցում կամ հարված և ամեն ինչ վճռված է։ Թիմը երբեմն 5-6 գոլ խփոլու փոխարեն հեղինակում է մեկը, բայց փոխարենն անառիկ է պահում սեփական դարպասն ու խուսափում ավելորդ ռիսկերից։ Հենց ռիսկի չգնալն է «Բարսելոնային» հանգեցրել չեմպիոնության։ Թվում է, թե չեմպիոնները միշտ արդարացված ռիսկերի միջոցով են հասնում բարձունքի, սակայն ոչ միշտ է այդպես ու ոչ բոլոր սպորտաձևերում։ Այս մաքսիմալ գույշ ու կարգապահ խաղի ֆոնին «Բարսելոնայի» գլխավոր մրցակիցը՝ «Ռեալը», անում էր հակառակը։ Նրանք գնում էին ավելորդ ռիսկերի ու պատժվում։ Երբեմն մրցակիցն այնպիսի արագությամբ էր անցնում դաշտի կենտրոնը, կարծես մադրիդցիները 2-3 ֆւտբոլիստների պակաս ունենային։ Ռամոսը Մարսելոյի և Կարվախալի հետ միանում էր գրոհներին ու գնդակը կորցնելու դեպքում կենտրոնական պաշտպանը եզրայինների հետ մեկտեղ չէր կարողանում հասցնել նահանջել ու մրցակիցը ստանում էր լիակատար ազատություն։ ընդ որում՝ Զիդանի կարգադրությամբ նրանց փոխօգնության եկող ֆուտբոլիստները՝ Կրոսը, Կազեմիրոն, Վասկեսը և այլոք նույնպես ուշանում էին ու տարվում գրոհներով։ Իսկ ի՞նչն էր պատճառը, որ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում գործեց նույնկերպ, բայց կարողացավ հաղթել առաջնությունը։ Եթե հիշենք, թե նախորդ մրցաշրջանում արքայական ակումբն ինչպես էր վերջին վայրկյաններին շատ հաճախ ամբողջ թիմով առաջ նետվելով միավորներ վաստակում՝ ամեն ինչ ավելի պարզ կդառնա։ Եթե թիմը չկարողանար հանդիպման վերջին րոպեներին գոլեր հեղինակել ու փրկել խաղը, ապա հավանաբար կգտնվեր այն հորիզոնականում, որում հիմա է։ Ոչ միշտ է, որ նման իրավիճակներում թիմը կարողանում է պատվով դուրս գալ։ Այս մրցաշրջանում նույնպես նրանք վերջին րոպեներին խելակորույս նետվում էին առաջ ու փորձում քաոս ստեղծել մրցակցի պաշտպանությունում, որպեսզի կատարողական վարպետության ու ֆիզիկական լավ պատրաստվածության հաշվին գոլ հեղինակել, սական ինչպես ասում են՝ «Պապն ամեն անգամ փլավ չի ուտում»։ Երկրորդ պատճառը թիմից մի շարք ֆուտբոլիստների հեռանալն էր, որոնց փոխարեն Զիդանը չգնեց նորերին, ովքեր կհամապատասխանեին նախորդների մակարդակին։ Խոսքը հիմնականում Մորատայի և Խամեսի մասին է, որոնց կարիքն անկասկած զգացվում էր։ Կենտրոնական հարձակվող «Ռեալին» օդի և ջրի պես հարկավոր էր, բայց Բենզեմային արժանի փոխարինող չկար։ Պեպեի հեռանալը նույնպես խնդիրներ առաջացրեց, որովհետև ակումբը չգնեց համարժեք ֆուտբոլիստի։ Դրանք էին պատճառները, որ մադրիդցիները ներքին առաջնությունում պայքարում էին երկրորդ տեղի համար ու չեմպիոնության ինտրիգը կորել էր վաղուց։

Անգլիայում գրեթե նույն պատկերն էր։ «Մանչեսթեր Սիթին» հատեց 100 միավորի սահմանը և դարձավ Պրեմիեր լիգայի հաղթող։ Նման մեքենայի հետ պայքարելն անչափ դժվար է, հատկապես, որ Գվարդիոլան դասեր էր քաղել նախրդ մրցաշրջանից ու իդեալականին մոտ թիմ էր ստեղծել, սակայն նրանց առավելությունն այդքան բացահայտ չէր լինի, եթե առաջնության մյուս գրանդերը կարողանային ռեալիզացնել իրենց պոտենցիալը։ «Չելսին», «Յունյթեդը», և չեմպիոնության համար պայքարին ունակ մնացած թիմերի մոտ բացակայում էր ստաբիլությունը։ Հանդիպումները երբեմն չէին արտացոլում խաղամակարդակների հարաբերակցությունը, ինչի պատճառով թիմերը կարևոր միավորներ էին կորցնում։ Պատճառները բազմազան էին։ «Չելսին» տրանսֆերային վատ քաղաքականության ու մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով չկարողացավ կրկնել նախորդ առաջնության արդյունքը, «Յունայթեդի» տխուր ու կոմբինացիոն ֆուտբոլին խորթ մարտավարությունը երբեմն թիմի համար ճակատագրական էր լինում, «Արսենալում» ամեն ինչ ավելի քան վատ էր և այլն։ Սա ոչ մի կերպ չի նսեմացնում «Սիթիի» անմարդկային արդյունքը։ Թիմը ցուցադրում էր աչք շոյող, հարձակվողական և գրագետ ֆուտբոլ։ Նրանք մտածված փոխանցումների ու գնդակն այս և այն կողմ  տեղաշարժելու հաշվին զսպանակի պես բացում են մրցակցի պաշտպանությունն ու օգտվում դրանից։ Երբեմն թվում է, թե այդքան փոխանցումների մեծ մասն անիմաստ է, սակայն Գվարդիոլայի մեծությունը ոչ թե գնդակ պահելու, այլ կոմբինացիաներ ձեռնարկելու մեջ է։ Եթե թիմն անդադար դաշտի կենտրոնում գնդակ է խաղարկում ու առաջ չի շարժվում, դա չի նշանակում, որ նրանք առջևում տարբերակներ չունեն։ «Սիթին» պարզապես մրցակցին հրավիրում է առաջ, խաղում նրանց նյարդերի հետ ու փորձում է ոչ թե քիչ կամ շատ հաջող, այլ գոլային տարբերակ գտնել առջևում։ Անդադար փոխանցումները բթացնում են մրցակցի զգոնությունն ու դա է պատճառը, որ Գվարդիոլայի համար գրեթե չկա անհաղթահարելի պաշտպանություն։ Շատ մարզիչներ կան, որոնք փորձում են կրկնօրինակել իսպանացու մտահաղացումները, սակայն դա նրանց չի հաջողվում։ Այդպիսի խաղ ցուցադրելու համար թիմը պիտի ունենա կատարողական համաշխարհային վարպետներ, համբերատարություն, վստահություն, յուրաքանչյուր դիրքում դաշտը մաքսիմալ տեսնող ու սառնասիրտ ֆուտբոլիստներ՝ անգամ դարպասապահի դիրքում։ Նման թիմ հավաքելը կամ նրանց մեջ սերմանելն այս որակները ոչ բոլորին է հաջողվում։ Գվարդիոլայի համար նույնպես բարդ էր և դրանում մենք համոզվեցինք նախորդ մրցաշրջանում։

2017-18 թթ․ մրցաշրջանն ապացուցեց, որ անգամ ամենահզոր առաջնություններում է հնարավոր հաղթել մեծ առավելությամբ ու կոտրել ինտրիգը ժամանակից շուտ։ Դա իհարկե ոչ միշտ է դուր գալիս երկրպագուներին, բայց թիմերը միանշանակ ձգտելու են դրան։ Մի բան պարզ է, որ ֆուտբոլն աշխարհի ամենաանկանխատեսելի մարզաձևերից մեկն է։ Հաջորդ մրցաշրջանում կարող է օրինակ «Սաութհեմփթոնը», ով հազիվ փրկվեց և դուրս չմնաց Պրեմիեր լիգայից, վերցնել և հայտնվել Չեմպիոնների լիգայում, կամ դառնալ չեմպիոն։ Դրա վառ օրինակը «Լեսթերն» էր, որը մեզ ապացուցեց՝ պարտադիր չէ լինել ֆինանսապես հագեցած կամ աստղերով համալրված։ Համախմբվածությունը, միմյանց հասկանալու ունակությունը, նվիրվածությունն ու սեփական ուժերին վստահելու բնավորությունը կարող են փոխել ամեն ինչ։

Ինչպես «Լեսթերում» հերոս դարձած Կլաուդիո Ռանիերին է ասել՝ «Եթե ձեր ուժերին ոչ ոք չի հավատում, կամ ձեզնից սպասելիքները քիչ են՝ հիշեք, թե ինչ արեցինք մենք։ Դուք կարող եք»։

Մեզ մնում է միայն սպասել ֆուտբոլային առաջնություններին և ուրախանալ սպասելի կամ անսպասելի հաջողություններով, որոնք մեզ ոչ միայն հաճույք, այլ նաև կյանքի մեծ փորձ կհաղորդեն։

         Ջիվան Օհանյան

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000