Որոնել
Արխիվ
13.05.2018  20:12

Ըմբշամարտ. Նորավարդ Առուստամյան. «Արդեն մեկ օլիմպիական խաղերի ժամանակ մրցավար աշխատել եմ, սպասում եմ մյուսին»

Կասպիյսկում տեղի ունեցած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցավարների թվում էր Նորավարդ Առուստամյանը: Վերջինիս, ավանդույթի համաձայն, վստահվում էին ամենակարևոր և ամենաբարդ գոտեմարտերը: Մասնավորապես Նորավարդ Առուստամյանը դատում էր ազատ ոճի ըմբշամարտի գերծանր քաշային կարգի Թահա Աքգյուլ (Թուրքիա) - Գենո Պետրիաշվիլի (Վրաստան) գոտեմարտը: ArmFootball.com-ի հետ զրույցում Առուստամյանը պատմել է մրցաշարի կազմակերպման ու մրցավարության մասին:

- Դժվար է խոսել կազմակերպման մասին, քանի որ ինքս Ռուսաստանի ֆեդերացիայի աշխատող եմ, և մենք շատ մեծ ծավալի աշխատանք էինք կատարել: Հուսով եմ՝ բոլորին դուր եկավ: Բոլոր թիմերը, մրցավարները, պատվիրակները ասել են, որ ամեն ինչ լավ էր կազմակերպված, այնպես որ, կարծում եմ՝ ամեն ինչ լավ է ընթացել:

- Մրցավարության մասին ի՞նչ կասեք: Սխալները շա՞տ էին:

- Առանց սխալների, իհարկե, չի լինում: Բոլորս էլ մարդիկ ենք, իսկ գորգի վրա աշխատելիս ամեն ինչ կարող է լինել: Բայց ակնհայտ կոպիտ սխալներ չեմ հիշում: Առաջնությունը հանգիստ անցավ, շատ գեղեցիկ ու հետաքրքիր գոտեմարտեր կային: 

- Իսկ թիմերը շա՞տ էին բողոքում:

- Ինձ՝ ոչ: Ուրիշներին՝ չգիտեմ: Միշտ էլ բողոքներ կան, քանի որ մարզիչը, գոտեմարտը դիտելիս, օբյեկտիվ չէ: Երբ մարդը ցավում է ինչ-որ մեկի համար, օբյեկտիվ չի կարող լինել: Պարտվող կողմին միշտ էլ թվում է, որ մի բան այն չէ:

- Տոկիոյի օլիմպիական խաղերում լինելու՞ եք մրցավարական խմբում:

- Հիանալի կլիներ իմանալ, որ դատելու եմ: Շատ եմ ուզում: Արդեն մեկ օլիմպիական խաղերի ժամանակ մրցավար աշխատել եմ, և, իհարկե, մյուսին եմ սպասում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000