«Յուրա+6». Ի՞նչ է նշանակում Մովսիսյանի և նորեկների հրավերը Հայաստանի հավաքականի համար | ArmFootball.com | Հայկական ֆուտբոլ և ոչ միայն...
Որոնել
Արխիվ
11.05.2018  17:00

«Յուրա+6». Ի՞նչ է նշանակում Մովսիսյանի և նորեկների հրավերը Հայաստանի հավաքականի համար

Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո հայտարարեց, որ պետք է համախմբել բոլոր ուժերը, որպեսզի ազգերի լիգայի գավաթի խաղարկությունում կարողանանք հաջողության հասնել:

Առաջին քայլը տեղի ունեցավ այսօր. Հայաստանի հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստներ, որոնց թվում առաջին հերթին աչքի է ընկնում Եվրոպա վերադարձած Յուրա Մովսիսյանի անունը, իսկ հետո՝ 6 նորեկների անուններ, որոնցից երկուսը նախկինում արդեն հրավիրվել էին, բայց տարբեր պատճառներով չէին միացել հավաքականին: Միանգամից մի փոքր ուղղում մտցնենք՝ Գալուստ Սահակյանի ոճով. հավաքականից հրավեր ստանալը դեռ չի նշանակում միանալ հավաքականին: Նախկին փորձն էլ դա բազմիցս ապացուցել է: Նույն Դավիթ Յուրչենկոն ու Ժորդի Մոնրոյը առաջին անգամ չեն հրավեր ստանում հավաքականից: Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:

Ամենաաղմկալի որոշումը (լավ իմաստով) Յուրա Մովսիսյանի՝ նորից հավաքական հրավիրվելն է: Երբ իր նշանակումից հետո օրեր անց Վարդան Մինասյանը հայտարարեց, որ Յուրա Մովսիսյանը անհրաժեշտ մարզավիճակում լինելու դեպքում կհրավիրվի հավաքական ու խոչընդոտներ չեն լինի, շատերը (այդ թվում և ես) թերահավատորեն մոտեցան հայտարարությանը, առավել ևս, որ Մինասյանը մանևրելու շատ տեղեր թողեց՝ խոսելով ֆուտբոլիստի մարզավիճակի մասին: Այդ կոնտեքստում ավելի անսպասելի էր հրավերը, քանի որ Յուրան Շվեդիայում դեռ չի կարողանում ամրապնդվել «Յուրգորդենի» կազմում: Հայկական ֆուտբոլում վերջին զարգացումներից հետո Մովսիսյանի հրավերը, միգուցե ինչ-որ չափով մեղմի երկրպագուների զայրույթը: Վերջին օրերին Յուրան բավականին ակտիվ էր սոց. ցանցերում, չէր թաքցնում իր աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: Երեկ էլ՝ Շվեդիայի գավաթակիր դառնալուց հետո Յուրան խաղադաշտում էր «դուխով» գրությամբ գլխարկով:

Ռուբեն Հայրապետյանը մեկ անգամ հայտարարել է, որ քանի ինքը ֆեդերացիայի նախագահ է, Յուրա Մովսիսյանը հավաքական չի հրավիրվելու: Անկախ ամեն ինչից՝ այս քայլը կարող ենք դիտարկել որպես մեկ քայլ հետ ֆեդերացիայի կողմից՝ հանուն հայկական ֆուտբոլի: Ինքը՝ Յուրան, երբեք իր հետևից չի փակել հավաքականի դռները ու չի այրել կամուրջները, թեև չի թաքցրել նաև իր վիրավորվածությունը: Այս պահին հիմքեր չկան կարծելու, որ նա չի ընդունի հրավերը ու չի միանա հավաքականին, առավել ևս, որ Վարդան Մինասյանի հետ աշխատանքից նրա մոտ բավականին լավ հիշողություններ են մնացել:

Այլ հարց է, թե ինչ օգուտ կարող է տալ Մովսիսյանը այսօրվա հավաքականին՝ այսօրվա մարզավիճակում: Տարբեր առիթներով շատ եմ ասել, որ Յուրան, նույնիսկ վատ մարզավիճակում, կարողանում է առջևի գծում աշխատանք կատարել, ու մրցակցի պաշտպանները երբեք չեն կարող հանգիստ լինել, քանի դեռ Մովսիսյանը խաղադաշտում է: Վերջին շրջանում նրա արդյունավետությունն ընկել է, բայց Մովսիսյանի պես հարձակվող այս տարիների ընթացքում այդպես էլ չհայտնվեց, ու նույնիսկ վատ մարզավիճակում նա կարող է օգտակար լինել թիմին: Բայց պատկերացնել նրան փրկչի դերում ու կարծել, որ Յուրայի երկրորդ գալուստով նորից ամեն ինչ կլուծվի, սխալ է: Մովսիսյանի հրավերը ավելի շատ հույս է արթնացնում, որ ամեն ինչ կարող է դեպի լավը գնալ, որովհետև Յուրան Հայաստանի 2010-2014թթ.-երին վերելք գրանցած հավաքականի խորհրդանիշներից է: Յուրայի հրավերը ավելի շատ հոգեբանական առումով կարող է օգտակար լինել, բայց սպասել հերոսությունների մի հարձակվողից, ով վերջին մեկ ու կես տարվա ընթացքում շատ քիչ խաղաժամանակ է ստացել, սխալ կլինի: Առաջին հերթին պետք է ցանկանալ, որ Մովսիսյանը սկսի հաճախակի խաղալ իր ակումբում և ամրապնդվի եվրոպական ֆուտբոլում: Այդ դեպքում արդեն սպասելիքները շատ ավելի մեծ կլինեն:

Եվս մեկ շատ սպասված անուն է Ռուսաստանի նորընծա գավաթակիր Դավիթ Յուրչենկոն: Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ն արդեն երկար ժամանակ է համառորեն ցանկանում է տեսնել Յուրչենկոյին հավաքականում և այդպիսով լուծել դարպասապահի խնդիրը: Բայց «Տոսնոյի» դարպասապահը դեռևս իր վերջնական պատասխանը չի տվել, վերջին հարցազրույցներից մեկում նորից խոսել է լեգիոներ դառնալու և թիմում իր տեղը կորցնելու վտանգի մասին: Պարզ չէ՝ արդյոք այս հրավերով ՀՖՖ-ն ցանկանում է հերթական անգամ ցույց տալ, որ իր կողմից կախված ամեն ինչ անում է Յուրչենկոյին հավաքականում ընդգրկելու համար, թե արդեն կա սկզբունքային համաձայնություն:

Նույն իրավիճակն է նաև Խորեն Բայրամյանի պարագայում: Վերջինիս հետ բանակցությունների մասին նախկինում խոսվել է, նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը մի քանի անգամ ակնարկել է, որ ցանկանում է Բայրամյանին տեսնել հավաքականում, բայց ֆուտբոլիստը տատանվում էր հենց նույն լեգիոների կարգավիճակ ստանալու պատճառով: Եթե երկու ֆուտբոլիստներն էլ համարձակություն դրսևորեն և միանան հավաքականին, ապա, միանշանակ, հավաքականի ներուժը կբարձրանա:

Ժորդի Ժոաո Մոնրոյ Արարատի մասին խոսել հնարավոր է միայն այն բանից հետո, երբ վերջինս միանա հավաքականին: Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես նկարագարվում էր նախկին հավաքից առաջ, և կոլումբահայ ֆուտբոլիստն իսկապես շատ է ցանկանում միանալ հավաքականին, ապա առաջիկա խաղերում նրան վերջապես գործի մեջ կտեսնենք:

Եթե Բայրամյանի, Յուրչենկոյի և Մոնրոյի մասին ՀՖՖ-ն արդեն շատ է խոսել, ապա Էդգար Բաբայանի, Անդրե Չալըշըրի (Կալիզիր) և Իվան Յագանի պարագայում գործ ունենք ֆուտբոլիստների հետ, ովքեր բավականին երկար ժամանակ է հայկական մամուլի ուշադրության կենտրոնում են, բայց ՀՖՖ-ից հրավեր առաջին անգամ են ստանում:

Էդգար Բաբայանը 22 տարեկան է, Դանիայի երիտասարդական հավաքականի նախկին թեկնածու: Անցնելով դանիական «Ռանդերսի» պատանեկան բոլոր թիմերով և 4 մրցաշրջան էլ անցկացնելով մեծահասակների թիմում, Բաբայանը տեղափոխվեց «Հոբրո», որտեղ դարձել է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Կար մի պահ, երբ Բաբայանը մտածում էր Դանիայի հավաքականի մասին, սակայն վերջերս հայտարարեց, որ ցանկանում է ներկայացնել Հայաստանը: Հրավերը երկար սպասեցնել չտվեց: Արթուր Պետրոսյանն արդեն հասցրել էր տեղում հանդիպել Բաբայանին և ստանալ վերջինիս համաձայնությունը: Էդգարը տաղանդավոր ֆուտբոլիստ է, և նրա հրավերը կարող է լուրջ նշանակություն ունենալ նաև հավաքականի ապագայի տեսանկյունից:

Իվան Յագանը արդեն քանի տարի է մեծ հաջողությամբ է հանդես գալիս Բելգիայի առաջին դիվիզիոնում, հանդիսանում է լավագույն ռմբարկուներից մեկը: Ցավոք, ուժեղագույնների խմբի թիմերում դեռ ամրապնդվել չի ստացվում: Բազմաթիվ Յագաններից այժմ մեծ ֆուտբոլում իրեն ամենալավը դրսևորում է հենց Իվանը: Առհասարակ, նրան հրավիրելու պահը վաղուց էր հասունացել: 28-ամյա ֆուտբոլիստը քանի տարի է աչքի է ընկնում կայուն խաղով: Սակայն դժվար է ասել, թե ինչպես կկարողանա իրեն դրսևորել հավաքականում առավել ևս, որ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում մրցակցությունը մեծ է: Բայց Յագանը կարող է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի դիրքում և այդպիսով ավելացնել մրցակցությունը հարձակման գծում:

Անսպասելի չէր նաև Անդրե Ջեք Չալըշըրի (այդպես է գրված ֆուտբոլիստի ազգանունը ՀՖՖ պաշտոնական կայքում) հրավերը: 27-ամյա ֆուտբոլիստի ազգանունից կարելի է հասկանալ, որ նրա ծնողները Թուրքիայի հայեր են: 1.80 սմ հասակ ունեցող կենտրոնական պաշտպանը արդեն քանի տարի է հանդես է գալիս Շվեդիայի ուժեղագույնների խմբում, իր թիմերում հանդիսանում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, ժամանակին հանդես է եկել Շվեդիայի մինչև 19 տարեկանների հավաքականում: Ֆիզիկապես ամուր է, դիրքային պայքարում գրագետ է գործում և բավականին լավ առաջին փոխանցում ունի: Կալիզիրը (այդպես են արտասանում ֆուտբոլիստի ազգանունը Շվեդիայում) ևս կարող է լրջորեն ուժեղացնել հավաքականի ներուժը: Սակայն ինչպես նրա, այնպես էլ Բաբայանի պարագայում դեռ կարող են որոշակի փաստաթղթային խնդիրներ լինել՝ կապված ուրիշ հավաքականներում հանդես գալու հետ: Այնպես որ բոլոր հարցերը լուծվելուց և հավաքականի մարզաշապիկը հագնելուց հետո նոր միայն կարելի է անդրադառնալ նրանց հեռանկարներին:

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ո՞թ թիմը կդառնա Հայաստանի չեմպիոն
Ալաշկերտ
Արարատ
Արարատ-Արմենիա
Արցախ
Բանանց
Գանձասար-Կապան
Լոռի
Շիրակ
Փյունիկ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000