Որոնել
Արխիվ
Загрузка...
10.05.2018  21:38

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Վերջին օրերի ընթացքում լրատվական միջոցներում, հատկապես սոցիալական ցանցերում լուրջ քննարկումների, տարակարծությունների, դժգոհությունների, քննադատությունների և աջակցությունների ալիք է բարձրացել ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշման շուրջ: Արվում են տարաբնույթ անհավանական մեկնաբանություններ և հնչում տարբեր, երբեմն՝ ծայրահեղ կոչեր: Ինչն է ամենատարօրինակն ու ցավալին՝ շատ դեպքերում նախաձեռնողը, հրահրողն ու տարածողը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի տարբեր պաշտոնյաներ ու աշխատակիցներն են: Սա է պատճառը, որ ես անհրաժեշտ եմ համարում տալ լրացուցիչ պարզաբանումներ:

Իրականում՝ ուղղակի կան փաստեր և ապացույցներ, նման դեպքերի քննարկման համար  առկա միջազգային և ազգային համապատասխան իրավական դաշտ, քննող և որոշումներ կայացնող ազգային և միջազգային կարգապահական մարմիններ, վերջիններիս որոշումների բողոքարկման համար հստակ ընթացակարգ:

Որո՞նք են փաստերը.

- «Բանանց» ֆուտբոլային ակումբի կողմից ՀՖՖ-ին հասցեագրված նամակը և դրան կից  ներկայացված ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, համաձայն որոնց «Շիրակ» ակումբի սպորտային տնօրեն Արարատ Հարությունյանը հանդիպել է ֆուտբոլիստին, տվել 1000 ԱՄՆ դոլար կանխավճար և խոստացել ևս 4000-ը՝ իրենց օգտին սխալվելու, այդպիսով օգնելու իրենց խաղը հաղթելու համար;

- «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նամակը ՀՖՖ-ին, որտեղ պարզաբանվում է, որ «...Արարատ Հարությունյանն առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարցը:»  և հավելվում է, որ  «....Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ արդեն հեռացվել է ակումբից:»

- Էդուարդ Կպոդոյի և Արարատ Հարությունյանի SMS հաղորդագրությունների և հեռախոսային խոսակցությունների վերծանումներն ու սղագրությունները, թե ինչպես են կողմերը քննարկում «գործարքը», «լուծում» անելիքների, վճարվածի և դեռևս վճարվելիքի, ինչպես նաև այլ հարցեր, որն աներկբա փաստում է առաջարկի իմաստը՝ խաղի ընթացքում ֆուտբոլիստի միտումնավոր սխալն ի օգուտ «Շիրակի»;

- իմ և «Շիրակ» ակումբի նախագահ Արման Սահակյանի հանդիպման ժամանակ քննարկման արդյունքները:

Ինչպե՞ս պետք է նման դեպքերում վարվի ՀՖՖ-ն.

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան նման դեպքերում համաձայն ՀՖՖ, ՈւԵՖԱ և ՖԻՖԱ կանոնակարգերի՝ ուղղակի պարտավոր է սկսել կարգապահական գործընթաց, ինչն էլ և արվել է:

ՀՖՖ կարգապահական կոմիտեն շատ մանրամասն և առարկայական քննարկել է բոլոր փաստերն ու ապացույցները, այդ թվում` «Շիրակ» ակումբի գրավոր և Արարատ Հարությունյանի հեռախոսային մեկնաբանությունները, ով սկզբից հրաժարվել էր մասնակցել նիստին, ապա՝ համաձայնվել հեռախոսակապի միջոցով տալ պարզաբանումներ և պատասխանել կոմիտեի անդամների հարցերին: Ակնհայտ է, որ թե «Շիրակ» ակումբը և թե նրա մարզիչը/մարզական տնօրենը հնարավորություն ունեցել են հայտնելու կարծիք և տալու մեկնաբանություններ: Ի դեպ, Արարատ Հարությունյանի գիտությամբ և համաձայնությամբ ամբողջ խոսակցությունը ձայնագրվել է և ինչպես այս, այնպես էլ գործին վերաբերվող բոլոր մյուս փաստերն ու ապացույցներն արդեն տրամադրվել են «Շիրակ» ակումբին:

Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն կայացրել է որոշում, որը ՀՖՖ կարգապահական կանոնակարգով նախատեսված և միջազգային նախադեպի պատժամիջոցների  հետ համեմատած բավական մեղմ որոշում է:

Արդյո՞ք մեկ մասնավոր անձի արարքի համար պետք է պատժվի ակումբը: Այստեղ ևս Կարգապահական կոմիտեն ուրիշ ոչինչ անել չէր կարող, քան առաջնորդվել կանոնակարգով և կիրառել հոդվածը, համաձայն որի յուրաքանչյուր ակումբ պատասխանատու է իր անդամների, աշխատակիցների և պաշտոնատար անձանց վարքի համար:

Որո՞նք են հետագա քայլերը. հարցն ունի միայն մեկ օրինական լուծում՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտեում, ապա սպորտային հարցերով Լոզանի միջազգային  արբիտրաժային դատարանում: Կարծում եմ` այդ դեպքում դժվար կլինի կասկածի տակ դնել որոշում կայացնող մարմնի անկողմնակալությունը, ինչը հիմա «Շիրակ» ակումբի պաշտոնյաների կողմից ակտիվորեն փորձ է արվում ներկայացնել ՀՖՖ կարգապահական մարմինների վերաբերյալ: Ճիշտ այնպես, ինչպես ակտիվորեն փորձ է արվում իմ ցանկությամբ և նախաձեռնությամբ «Շիրակ» ակումբին, Շիրակի մարզի ֆուտբոլային ընտանիքին ծառայեցնելու նպատակով օգտագործման իրավունքով հանձնված գույքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի իմ՝ օրինաչափ, բնական և նորմալ պահանջը  ներկայացնել իբրև հաշվեհարդարի կամ գույք խլելու փորձ:

Շատ լավ հասկանում և կիսում եմ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների և հայկական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մյուս անդամների զայրույթն ու ցասումը տեղի ունեցածի կապակցությամբ: Հավատացնում եմ ձեզ, որ չկա և չի կարող լինել աշխարհում գեթ մեկ ֆեդերացիայի նախագահ, ով կցանկանա իր երկրի ֆուտբոլում ունենալ այս կարգի երևույթներ: Կատարվածն անդառնալի հարված է ոչ միայն «Շիրակ» ակումբին, այլ վարկաբեկում է ողջ հայկական ֆուտբոլը: Կատարվածի արդյունքում տուժում են «Շիրակի» և ոչ միայն, բազմաթիվ ազնիվ ու անմեղ ֆուտբոլիստներ, պաշտոնյաներ, հովանավորներ և ուղղակի՝ երկրպագուներ:

Հետևաբար, կասկած անգամ չի կարող լինել, որ մեղավորներն անպայման պետք է պատժվեն՝ անկախ նրանց հասարակությանը մոլորեցնելու ունակությունից, անկախ նրանց բղավելու ձայնի բարձրությունից, միմիայն փաստերի և ապացույցների հիման վրա և հանուն հայկական ֆուտբոլի ապագայի, որտեղ նման երևույթներն ուղղակի տեղի ունենալ չեն կարող:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511