Որոնել
Արխիվ
11.04.2018  15:28

Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումներ. Հզոր ակումբները պայքարի բոհում

Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչում այսօր՝ ապրիլի 11-ին կմրցեն Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Չնայած, որ թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում մադրիդյան ակումբն Իտալիայում կարողացել է 3 անպատասխան գնդակ ուղարկել Բուֆֆոնի դարպասը՝ դիմակայությունում ամեն ինչ որոշված չէ։ «Ռեալը» մեկ ոտքով կիսաեզրափակչում է, սակայն այն, ինչ արեց «Ռոման» «Բարսելոնայի» հետ՝ ապացուցում է, որ քառորդ եզրափակիչ հասած յուրաքանչյուր թիմ ունակ է հաղթել ցանկացած թիմի, ցանկացած հաշվով։ Եթե Յուվենտուսը պաշտպանվի այնպես, ինչպես առաջին խաղում՝ անակնկալի մասին նույնիսկ մտածել չի կարող։ Պաշտպանվելու հետ մեկտեղ թիմին անհրաժեշտ է հսկայական ուժեր ծախսել պրեսինգի վրա, որովհետև բնական է, որ մադրիդցիները փորձելու են հնարավորինս շատ գնդակ պահել և մրցակցին զրկել գրոհներ կազմակերպելու հնարավորությունից։ «Ռեալը», չնայած ՉԼ-ում գերմոտիվացվածությանը, այս մրցաշրջանում խնդիրներ ունի պաշտպանությունում։ Լրացուցիչ գլխացավանք է Զիդանի համար կենտրոնական պաշտպանի դիրքը, որովհետև Ռամոսը որակազրկված է, իսկ Նաչոն վնասվածք ունի։ Վարանը երբեմն հիանալի է խաղում, բայց երբեմն էլ թույլ է տալիս մանկական սխալներ՝ չհասցնելով խուսափել խաղից դուրս վիճակից, կամ պարզ իրավիճակներում դիմելով անհատական խաղի ու կորցնելով գնդակը շատ վտանգավոր դիրքերում։ Այս ամենի հետ մեկտեղ պետք է հաշվի առնել մադրիդցիների հզորագույն հարձակման գիծն ու վարպետներից բաղկացած կիսապաշտպանությունը։ Թիմի հարձակվողները երբևէ գնդակի քաղց չեն զգում, որովհետև Մոդրիչը, Իսկոն, Կրոսը, ինչու չէ, նաև Կազեմիրոն ապահովում են դաշտի ամենակարևոր՝ միջին հատվածի կայունությունը։ Նման թիմի դեմ խաղալ ունակ են ոչ բոլորը, իսկ «ծեր սինյորան» ոչ միայն պիտի դիմակայի, այլ նաև հետ բերի 3 գնդակ։

Իտալական ֆուտբոլում կարևոր է յուրաքանչյուր մանրուք։ «Յուվենտուսը» միշտ պայքարել է մինչև վերջին շունչը։ Սա այն թիմն է, որի դեմ տհաճ է խաղալ աշխարհի յուրաքանչյուր թիմի։ Իտալական համառությունն առավելագույնս արտացոլվում է խաղադաշտում, երբ ֆուտբոլիստների մեջ ներարկվում է կարգապահությունն ու ձգտումը։ Թուրինցիները իդեալականին մոտ կարգապահության պտուղներն էին քաղում դեռևս այն ժամանակ, երբ գլխավոր մարզիչն Անտոնիո Կոնտեն էր, իսկ Ալեգրին  շարունակեց կատարելագործել թիմի խաղը։

«Յուվեի» համար մեծ կորուստ կլինի Դիբալայի բացակայությունը, ով հանդիսանում է թիմի առաջատարներից մեկը։ Նա կարմիր քարտով է պատժվել առաջին խաղում ու որակազրկվել; Պարզ է, որ սպասվում է համառ պայքար ու իտալական ակումբին որոշ դրվագներում պետք է ժպտա նաև բախտը, հակառակ դեպքում հաջորդ փուլ դուրս գալը կդառնա անհնար, իսկ «Ռեալը» կփորձի գոլ հեղինակել և հանել կիսաեզրափակիչ դուրս գալու բոլոր հարցերը։

 

Օրվա մյուս՝ «Բավարիա» - «Սևիլիա» դիմակայությունը նույնպես իր մեջ որոշակի ինտրիգ պարունակում է։ Առաջին խաղում մյունխենցիները «Ռամոն Սանչես Պիսխուան» ստադիոնում կարողացել են կամային հաղթանակ տանել՝ 1-2։ 

«Սևիլիան» բազմիցս ապացուցել է, որ կարող է դիմակայել հսկայական ճնշմանը։ Իսպանական ակումբը դուրս թողեց ՉԼ-ից այնպիսի հզոր ակումբին, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է։ Իհարկե, «Բավարիան» առավելություն ունի սեփական դաշտում անցկացվելիք հանդիպումից առաջ, բայց առաջին հայացքից հարմարավետ առավելությունը կարող է շատ արագ ի չիք դառնալ։ Չմոռանանք, որ անդալուսյան ակումբն առաջինն աչքի ընկավ նախորդ խաղում և ստեղծեց շատ գոլային պահեր, որոնք չկարողացավ օգտագործել։ Ֆավորիտը միանշանակ «Բավարիան» է։ Հայնկեսը վերադարձավ հարազատ ակումբ ու բացի կայունությունից ակումբ բերեց նաև իր հեղինակությունը, որը շատերին ստիպեց ավելի նվրիվել ու ռեալիզացնել մարզչի յուրաքանչյուր հրահանգ։ Թե՝ Հայնկեսը, թե՛ «Բավարիան» ՉԼ-ում հանդես գալու հսկայական փորձ ունեն։ «Սևիլիան» Էմերիի գլխավորությամբ Եվրոպա լիգայի խաղարկությունում պարզապես քարը քարի վրա չէր թողնում մրցակիցներից, սակայն լիգաների միջև տարբերությունը հսկայական է։

Սպասում ենք հզոր պայքարի հզոր ակումբների միջև։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000